Մենք չգիտենք, թե վաղն ինչ է կատարվելու աշխարհում, Արցախը վերադարձնելու հույսը միշտ կա. Ամերիկայի հայկական համագումար

  • 12:43 01.12.2023

Step1.am-ի զրուցակիցն է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը։

-Տիկի’ն Վարդանյան, Սփյուռքը օրակարգում պահո՞ւմ է Արցախի աջակցության հարցը։

-Սփյուռքը Արցախի ժողովրդին աջակցելու հարցը չի հանել օրակարգից։ Վերջին շրջանում դարձյալ աշխատանքներ են տարվում, եւ տեսնում ենք, թե ինչ նախագծեր կան կոնգրեսականների եւ սենատորների կողմից։

-Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ չեն ֆինանսավորելու Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը։ Սփյուռքը կարո՞ղ է այս ուղղությամբ ֆինանսավորում հատկացնել՝ Արցախի սուբյեկտայնությունը պահպանելու համար։

-Գոնե Ամերիկայի Սփյուռքը չի կարող այդպիսի քայլ անել, չի կարող փող հատկացնել, որ որեւէ պետության՝ կլինի դա Հայաստանը, Արցախը, թե եվրոպական այլ երկրի սուբյեկտայնությունը պահպանվի։ Եվ չի անելու, բայց Արցախի ժողովրդի համար օգնություն հատկացնելու հարցը մեր օրակարգում է։

Դուք հումանիտար աջակցության մասին եք խոսում, ես քաղաքական աջակցության հարցն եմ բարձրացնում։ Արցախի կարգավիճակի, սուբյեկտայնության հարցերն են առաջնահերթ։ Սփյուռքն այս հարցում ինչպե՞ս կարող է օգնել Արցախին։

-Լավ հարց է, եւ բոլորը դեռ մտածում են դրա մասին, թե ինչ կարելի է անել։ Բայց այստեղ կարեւորը Հայաստանն է։ Իսկ ի՞նչ է անելու Հայաստանը։

Հայաստանի իշխանությունը հրաժարվել է Արցախից, նրանք դա հայտարարել են, քաղաքական ոչ մի հարց չեն բարձրացնում, ասել են, որ չեն ֆինանսավորելու Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը։

-Սփյուռքի կողմից ձեր ասած աջակցության հարցը, իհարկե, հիմա քննարկվում է։ Բայց հիմա այն, ինչ կարող ենք անել, դա հումանիտար օգնության հետ է կապված։

Ինչո՞ւ Սփյուռքը չի կարող աջակցել, որ պահպանվեն Արցախի պետական ինստիտուտները, շարունակեն գործել։

-Մենք իրավունք չունենք այդպիսի բան անել, մեր կարգավիճակն այդպիսին է։ Ես հավաքական Սփյուռքի մասին չեմ կարող խոսել, տարբեր երկրներում տարբեր օրենքներն են, բայց ԱՄՆ հայկական համագումարի անունից կարող եմ ասել, որ այդ աշխատանքը չենք կարող անել։

Որպես հայ մարդ՝ ես հույս եմ կապում Արցախ վերադարձի հարցի հետ։ Տարիներ շարունակ ոչ ոք հավատ չուներ, որ ցեղասպանությունը կճանաչվեր, բայց ես միշտ էլ այդ հույսը փայփայում էի։ Երկար տարիներ հետո դա եղավ։ Մենք չգիտենք, թե վաղն ինչ է կատարվելու աշխարհում, հույսը միշտ կա։ Բայց հիմա, այս պահին այդ հարցի ոչ մի լուծում չեմ տեսնում։

Ես կարծում եմ, որ առաջին հերթին պետք է վերադարձնել Ադրբեջանի կողմից գերեվարված ու ձերբակալված անձանց։ Մենք չգիտենք, թե ինչ է կատարվում այդ ուղղությամբ, տեղեկատվությունը փակ է։ Հետեւաբար, չենք կարող ասել, որ ոչինչ չի կատարվում։

f