Հայաստանի Անկախության հռչակագիրը և Սահմանադրությունը հիմնված են 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշման վրա։ Ճիշտ է, 1991 թվականին ԽՍՀՄ փլուզման նախօրեին Լեռնային Ղարաբաղը հանրաքվե անցկացրեց և հռչակեց իր անկախությունը։ Իսկ տեղի ունեցած երկու պատերազմները և, որպես հետևանք, Լեռնային Ղարաբաղի հայաթափումը ձևավորեցին ծայրահեղ անորոշ քաղաքական և միջազգային իրավական իրավիճակ։ Այս մասին Step1-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Ղարաբաղյան շարժման նախաձեռնողներից Մանվել Սարգսյանը՝ մեկնաբանելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ-ի և ԼՂ-ի վերամիավորման մասին որոշումը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ը և եվրոպական միջազգային կառույցները Ադրբեջանին մեղադրում են էթնիկ զտումների մեջ և դատապարտում են ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ։ «Նրանք պահանջում են, որ Ադրբեջանը պայմաններ ստեղծի հայերի հայրենիք վերադառնալու համար, ինչպես նաև պահանջում է ձեռնպահ մնալ հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց։ Այսինքն՝ ԼՂ խնդիրը լուծված չի համարվում։ Եվ չնայած Հայաստանը ձգտում է չսրել իր հարաբերությունները Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի քննարկման ժամանակ, այնուամենայնիվ, պետք է ինչ-որ միջազգային կոնսենսուս առաջանա Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ։ Ոչ ոք լուրջ չի ընդունում Ադրբեջանի մշտական պնդումները, թե Լեռնային Ղարաբաղ չկա»։
Ըստ այդմ, նշել է քաղաքագետը, ինչ-որ պահի ԼՂ հիմնախնդրի ի հայտ գալու քաղաքական և իրավական հիմքերը կարող են արդիական դառնալ, քանի որ Ադրբեջանը ուժի ապօրինի կիրառմամբ իրականացրել է Արցախի Հանրապետության լուծարումը։ «Չպետք է մոռանալ, որ 1992 թվականին ստանալով միջազգային ճանաչում՝ Ադրբեջանը ԵԱՀԿ-ի շրջանակներում միջազգային կոնֆերանսի ժամանակ ճանաչեց ԼՂ կարգավիճակի խնդրի առկայությունը։ Միաժամանակ նա պարտավորվել է իրականացնել խնդրի միայն խաղաղ լուծումը։ Այդ պարտավորությունը նրա կողմից մեկ անգամ չէ, որ խախտվել է. այս մասին նրան հիմա հիշեցնում են բոլոր կողմերից։ Ըստ այդմ, քչերն են ճանաչում խնդրի ռազմական լուծումը։ Այսպիսի իրավիճակ է այսօր։ Ստիպված ենք լինելու վերադառնալ խնդրի իրավական հիմքերին։ Պետք է նկատի ունենալ, որ մենք ապրում ենք հին աշխարհակարգի կազմաքանդման ժամանակաշրջան, երբ փլուզվում է ժողովուրդների քաղաքական գոյության ողջ համակարգը»։