Տիգրան Գրիգորյան. Հայաստանը կարող է փոխել նախաբանը և հանել Արցախի հետ վերամիավորման մասին հիշատակումը

  • 19:53 01.12.2023

Մինչև վերջին իրադարձությունները ոչ ոք լուրջ չէր վերաբերվում Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման փաստաթղթին։ Եվ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի լուծարումը եւ Հայաստանի իշխանությունների ներկայիս դիրքորոշումը, անիմաստ է նման թեմաների քննարկումը, առավել եւս՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը։

Այս կարծիքը Step1.am-ի հետ զրույցում հայտնեց Ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը՝ մեկնաբանելով դեկտեմբերի 1-ի որոշումը։

Նա հավելել է, որ «ոչ ոք չի ճանաչել Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման որոշումը որպես միջազգային փաստաթուղթ, ինչպես որ չեն ճանաչել անկախության հռչակումը և հանրաքվեն»։ «Բայց ամենահետաքրքիրն այն է, թե խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ի՞նչ են անելու։ Որովհետև Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը փոխի Անկախության հռչակագիրը, որտեղ նշված է այս փաստաթուղթը։ Միանգամայն հնարավոր է, որ Հայաստանը գնա նման քայլի՝ փոխելով նախաբանը և հանելով վերամիավորման մասին հիշատակումը։ Թեեւ Անկախության հռչակագիրը չի կարող փոփոխվել, սակայն այն կարելի է դուրս բերել Սահմանադրությունից։

Կարծել, որ որոշ փաստաթղթեր՝ նոր թե հին, կարող են փոխել իրավիճակը գետնի վրա, միամտություն է։ Հարցը փաստաթղթերի մեջ չէ, այլ այն իրողությունների, որոնք մենք ունենք, և այդ իրողությունները փաստաթղթերով փոխելն ուղղակի անհնար է։ Իսկ միջազգային իրավական առումով վերամիավորման փաստաթուղթը երբեք ակտուալ չի եղել։ Թերևս ներքաղաքական համատեքստում, այն էլ միայն մինչև 90-ականների սկիզբը։ Այն բանից հետո, երբ որոշում կայացվեց գնալ անկախության ճանապարհով, այս փաստաթուղթը կորցրեց իր նշանակությունը նույնիսկ ներհայկական համատեքստում»։

f