«Արցախի ինքնորոշման իրավունքն առանցքային է պահպանել, որպեսզի մենք երբեւիցե կարողանանք Արցախը վերադարձնել։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 1994 թվականին, երբ կնքվեց զինադադարի պայմանագիրը Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի միջեւ, Ադրբեջանը պարտված էր։ Բայց նա չգնաց խաղաղության պայմանագրի, կնքեց զինադադար, 25-26 տարի ուժ հավաքեց, որպեսզի կարողանար վերադարձնել այն, ինչ իրենք համարում են, որ իրենց է պատկանում։ Նույնը պետք է այսօր մենք անենք, այդ իմաստով Ադրբեջանը մեզ օրինակ է տվել, ոչ թե թուլության ու դժվարության պահին հրաժարվենք մեր իրավունքներից, հայրենիքից ու ունեցվածքից։ Արցախն օրենքով պատկանում է հայ ժողովրդին։ Եվ եթե արցախցիներն այսօր հանգամանքների բերումով ապրում են ՀՀ-ում, ամեն ինչ պետք է անել, որպեսզի իրենք վերադառնան ու վերատիրանան Արցախին»,- այսօր Ազգային ժողովի մոտ հայտարարեց «Հայաքվե» նախաձեռնության ղեկավար Ավետիք Չալաբյանը։
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր նիստ է հրավիրել, որի օրակարգում նաեւ «Հայաքվեի» օրենքի նախագիծն է։ Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության անունից Արցախը որեւէ այլ պետության կազմում ճանաչելը, Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով։
Ավետիք Չալաբյանը հիշեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրողներին խոստացել էր հետամուտ լինել Արցախի ինքնորոշման իրավունքին, երաշխավոր լինել Արցախի ու Արցախի ժողովրդի անվտանգությանը եւ շարունակել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ հասնելու Արցախի վերջնական կարգավիճակին՝ հենվելով Արցախի ինքնորոշման իրավունքի վրա։ «Բոլոր այս խոստումները ՔՊ-ն հիմա փորձում է մոռացության մատնել, բայց պետք է հիշել, որ դրանք ոչ թե օդում տրված խոստումներ են, այլ այդ խոստումների հիման վրա ձեւավորվել է կառավարության ծրագիր, Ազգային ժողովը կառավարության ծրագիրն ընդունել է, եւ այն պարտադիր է կատարման համար։ Եթե «Քաղաքացիական պայմանագիրն» այսօր հրաժարվում է կողմ քվեարկել մեր ներկայացրած օրենքի նախագծին, փաստորեն դեմ է քվեարկում նաեւ իր կառավարության ծրագրին։ Եվ դեմ քվեարկելով իր կառավարության ծրագրին, նա իր կառավարությունը հայտարարում է անօրեն ու ապօրինի, ուստի, այս կառավարությունը դառնում է ոչ լեգիտիմ։ Եվ մեր հաջորդ խնդիրը պետք է լինի այս կառավարությունից ազատվելը, որն իր ընտրողներին խաբել է։ Ուստի, առիթից օգտվելով, ուզում եմ ՔՊ պատգամավորներին ասել՝ դուք հասկացեք, թե ինչին եք դեմ քվեարկում, դուք դեմ եք քվեարկում կառավարության ծրագրին, իսկ կառավարության ծրագրին դեմ քվեարկելը նշանակում է, որ կառավարությունը պետք է հրաժարական տա»,- ԱԺ շենքի մոտ հայտարարեց Ավետիք Չալաբյանը։
Նա նշեց, որ միջազգային հանրության մոտ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հարցում կոնսենսուս չկա։ «Լուռ կոնսենսուս գոյություն չունի, դա գործող իշխանության հնարած կեղծ թեզն է։ Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ Սենատը ընդունում է օրինագիծ, որով դատապարտում է Ադրբեջանին, եւ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ են կիրառվում։ Մենք տեսնում ենք, որ Եվրախորհրդարանն ընդունում է օրինագիծ եւ պարտադրում է եվրոպական կառավարություններին ու Եվրոպական հանձնաժողովին՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել Արցախը հայաթափելու համար։ Ուստի, որեւէ կոնսենսուս չկա, կոնսենսուսի մասին խոսում է այս իշխանությունը, որը, այո՛, կոնսենսուս ունի Թուրքիայի ու Արդբեջանի հետ եւ փորձում է մյուսներին խաբել, որ դա համաշխարհային կոնսենսուս է»,- ասաց Չալաբյանը։
«Ես կարծում եմ, այո՛, բոլորովին չի բացառվում, որ և՛ ԱՄՆ-ն, և՛ Եվրոպական միությունը, ապագայում նաեւ Ռուսաստանի Դաշնությունը, կփոխեն իրենց դիրքորոշումները եւ առնվազն կնպաստեն նրան, որպեսզի Արցախի հայ բնակչությունը վերադառնա Արցախ, եւ նորից վերսկսվեն բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Արցախի ինքնորոշումը ճանաչելու տրամաբանությամբ»,- հավելեց նա։