Շահմասուրի Ճղպրաթաղ տեղամասում կանգուն է մի գեղաքանդակ խաչքար՝ խրոխտ պատկերաքանդակով։
Ժամանակին այդ խաչքարը երեսնիվայր ընկած էր։ Օրերից մի օր շահմասուրցի Իմիրանց Սերյոժան հիվանդանում է։ Նա մի քանի անգամ երազ է տեսնում, եւ աներևույթ մեկն ասում էր, որ խաչքարն իրենից թեքված է և պետք է Ճղպրաթաղ տարածքի ընկած խաչքարը ուղղի։ Վերջինս պառկած տեղերից հելնում է ու ճամփա բռնում դեպի Ճղպրաթաղ։ Նրան են միանում նաև որդիները։
Խաչքարը ուղղվեց, կանգնեցվեց, իսկ Սերյոժան հաղթահարեց հիվանդությունը։ Դրանից հետո նա հայտարարեց, որ դա իր խաչն է և ինքը պետք է աչքի լույսի պես պահի այն։ Հաճախ էր այցելում, շուրջը միշտ մաքրում ու աղոթում։ Այդ օրվանից խաչքարը սրբատեղի է դարձել ոչ միայն Սերյոժայի, այլև նրա ընտանիքի ու ազգատոհմի համար, ովքեր նրան Ապուն խաչքար անունն էին տվել։ Անգամ Ստեփանակերտից էին բարեկամները գալիս այնտեղ մոմ վառելու։
Հերթական այցերից մեկի ժամանակ խաչքարի տեղը մեզ ցույց տվեց ու այս պատմությունը պատմեց Շահմասուրի տնտեսության երբեմնի ղեկավար Էմիրյան Միրզայի թոռ, էմիրյան Սերյոժայի տղա, Էմիրյան Միրզան։ Շահմասուրի բնիկ, Իմիրանց տոհմի ժառանգը։ Այսօր Իմիրանց Սերյոժան Հրազդանում է հանգրվանել, իսկ Ապուն խաչքարը մնում է հարազատ Շահմասուրի Ճղպրաթաղ վայրում, հսկում հայրենի եզերքը, աչքը ուխտավորների ճամփին։
Այն մի գեղաքանդակ 12-13-րդ դարի խաչքար է, կենտրոնում մեծադիր խաչով, հյուսկեն մանվածո զարդանախշերով, խոյաեղջյուր։ Խաչից ներքև զինված տղամարդու պատկերաքանդակ է, ձեռքերը գոտկատեղին դրած, թուրը կախած ու հպարտ կանգնած։
Շահմասուրը Արցախի Մարտակերտի շրջանի հնագույն բնակավայրերից է, դա են փաստում տարածքում գտնվող նախաքրիստոնեական դամբարանաբլուրներն ու սրբավայրերը։ Ներկայիս գյուղի պատմությունը սկսվում է 12-13-րդ դարերից։ Բնակավայրը իր շրջակա տարածքով հանդերձ հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։
Արմինե Հայրապետյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: