Analyticon. Արցախում կենդանիների պաշտպանության շարժման համառոտ պատմությունը

  • 11:46 07.12.2023

Analyticon

Լեռնային Ղարաբաղում կենդանիների պաշտպանության շարժման թեման ներկայացնելու միտքն առաջացավ Ստեփանակերտի բնակիչ, կենդանիների նվիրյալ Ռիտա Ղազարյանի՝ վերջերս ադրբեջանական հեռուստատեսությանը տված սկանդալային հարցազրույցից հետո, որում շատերի համար անսպասելի պարզվեց, որ նա իբր Լիլիա Զեմցովան է։ Ռիտան աշխատել է Արցախի անօթևան կենդանիների առաջին՝ «Շունն ու կատու» ապաստարանում , որը բացվել է շրջափակումից քիչ առաջ, և որի ստեղծմանն անմիջական մասնակցություն է ունեցել նաև տողերիս հեղինակը։ Արցախից հայ բնակչության՝ ողբերգական իրադարձություններով ուղեկցված բռնի տեղահանությունից հետո Ռիտա Ղազարյանը որոշեց մնալ հայրենի քաղաքում, որպեսզի շարունակի խնամել ապաստարանում գտնվող կենդանիներին և այն ընտանի շներին ու կատուներին, որոնց տերերը տեղահանվելիս տարբեր պատճառներով չէին կարողացել իրենց հետ տանել։ Իհարկե, համարձակ որոշում էր՝ հաշվի առնելով, թե չնայած սլավոնական ծագումով, բայց հայկական ազգանուն կրող և հայկական ընտանիքում դաստիարակված կինը ում և ինչի հետ է բախվելու։  Ադրբեջանցի լրագրողներին տված հարցազրույցում Ռիտա Ղազարյանը, ապշեցնելով իր հայրենակիցներին, հայտարարեց, թե ուրախ է, որ ադրբեջանական բանակը մտել է Ստեփանակերտ, թե սպասում էր դրան, քանի որ հայերը վատ էին վերաբերվում իրեն՝ ռուսական ծագման պատճառով։ Ի դեպ, Ռիտա Ղազարյանի ռուսական ծագման բացահայտումը շատերիս՝ նրա հայրենակիցների համար անակնկալ էր։

Իսկ հիմա՝ այդ և Արցախում կենդանիների պաշտպանությամբ զբաղվող առաջին կազմակերպության ու անտուն կենդանիների առաջին ապաստարանի ստեղծման պատմության մասին՝ առավել մանրամասն։ Ոմանց գուցե տարօրինակ թվա, որ հեղինակը, փախստական ​​լինելով, որոշել է գրել ոչ թե բռնի տեղահանվածների խնդիրների մասին, այլ դիմել է այս թեմային։ Կարծում ենք, որ պատերազմի և մեզ համար անհաջող ելքի գլխավոր պատճառներից մեկը փոփոխություններին հարմարվելու, մեր գիտակցությունը բացելու և նախկինում անկարևոր ու աննշան թվացող հարցերի նկատմամբ վերաբերմունքը փոխելու՝ մեր հասարակության անկարողությունն է։ Մեր հանրությունը, ցավոք, պարփակված  իր հին պատկերացումներով և համոզմունքներով, ասես անպատրաստ է առաջընթացի և վերափոխման։ Մենք առաջվա պես թաղված ենք անցյալի մտածողության մեջ, մեր պատկերացումներն այժմ էլ մնում են անփոփոխ, իսկ ապագա հնարավորությունները մենք հաճախ ենք մերժում և վանում։ Եվ կենդանիներին էլ շարունակեցինք վերաբերվել միայն նրանց օգտակարության և կենցաղում օգտագործելու տեսանկյունից, մինչդեռ ամբողջ աշխարհում հասարակության քաղաքակրթության մակարդակը որոշվում է նրա ամենաանպաշտպան անդամների՝ երեխաների, հաշմանդամների և մեր չորքոտանի բարեկամների նկատմամբ վերաբերմունքով։

Լեռնային Ղարաբաղում կենդանիների պաշտպանության առաջին կազմակերպության ի հայտ գալը քայլ առաջ էր՝ հաղթահարելու այն մարտահրավերները, որոնց բախվել են մարդիկ, կենդանիները և բնությունը երկար տարիների պատերազմներից և այլ աղետներից տառապող մեր տարածաշրջանում։ Ստեղծելով կազմակերպությունն ու անօթևան կենդանիների առաջին ապաստարանը՝ մենք հույս ունեինք, որ մեր հանրապետության բնակիչները, չնայած կորուստներին և պատերազմներին, դեռ պահպանում են իրենց վախերն ու ցանկություններն արտահայտել չկարողացողների  ձայնը լինելու ընդունակությունը և պատրաստ են պաշտպանել նրանց։ Իսկ ապագա կազմակերպության նպատակներից մեկը, ի լրումն կենդանիների պաշտպանության, փորձն էր իր շուրջը համախմբելու մարդկանց, որոնք ունակ են տեսնելու և ճանաչելու բնության յուրաքանչյուր արարածի մնայուն գեղեցկությունը, որոնք ձգտում են ստեղծել անվտանգ աշխարհ մեր ընկերների՝ կենդանիների համար, որովհետև Հայրենիքի վերականգնումը պատերազմից հետո կարելի է սկսել մանրուքներից՝ մեր չորքոտանի բարեկամների հանդեպ հոգատարությունից։

2020 թվականի նոյեմբերի 7-ից սկսված համընդհանուր խուճապային տարհանումը ստիպեց գրեթե բոլոր ստեփանակերտցիներին լքել քաղաքը և ապաստան փնտրել անվտանգ վայրերում, սակայն Ռիտան այն ժամանակ էլ մնաց քաղաքում, քանի որ պարզապես չէր կարող անտեր թողնել իր շներին։ Լեռնային Ղարաբաղ ռուս խաղաղապահների մուտքից և խաղաղ բնակչության վերադարձից հետո կենդանիների իրավունքների պաշտպանները շարունակեցին Ռիտային օգնել խնամելու կենդանիներին։ Սակայն քաղաքի բնակարաններում մեծ քանակությամբ կենդանիներ պահելը կարող էր հանգեցնել բացասական հետևանքների։ Սանիտարահիգիենիկ պայմանների հետ կապված խնդիրներ, հարևանների հետ հնարավոր կոնֆլիկտներ և տարածքի պակաս՝ այս ամենը փորձություն դարձավ Ռիտայի, նրա հարևանների,  կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների և, իհարկե, հենց կենդանիների համար։ Շներին ու կատուներին փողոց նետելու վտանգ կար։ Մարդկանց և կենդանիներին ստեղծված իրավիճակից ազատելու համար կենդանիների  պաշտպանները հասան նրան, որ Ստեփանակերտի քաղաքապետարանը աջակցեց Արցախում անօթևան կենդանիների առաջին ապաստարանի բացմանը։

Քաղաքապետարանը քաղաքին կից հողատարածք տրամադրեց, իսկ առատաձեռն հովանավոր Արման Հակոբջանյանը ֆինանսավորեց մեծավանդակների կառուցումը։ Այսպիսով, ապաստարանը հաջողությամբ գործարկվեց։ Բոլոր շները, որոնք նախկինում պահվում էին քաղաքի կենտրոնում գտնվող բնակարաններում, տեղափոխվեցին նոր կացարան, ինչը տարածք և հնարավորություններ ստեղծեց այլ կենդանիների համար, իսկ Ռիտա Ղազարյանը պաշտոնապես սկսեց աշխատել կացարանում որպես խնամող։ Ապաստարանի բացումից հետո մեր հայրենիքում անցկացրած կարճ ժամանակահատվածում կենդանիներին խնամել մեզ օգնեցին Սփյուռքի ներկայացուցիչները, Հայաստանի կենդանիների պաշտպանության կազմակերպությունները և որոշ հոգատար հայրենակիցներ, մասնավորապես՝ գրող Նարինե Աբգարյանը, Գրիգոր Մելքոնյանը, Իրինա Պողոսյանը, Անահիտը, Լուսինեն ԱՄՆ-ից, Երմակովան՝ Ռուսաստանից, որոնք պարբերաբար գումար էին փոխանցում հաշվին և սնունդ ուղարկում, քանի դեռ Լաչինի միջանցքը բաց էր։

Այդ ժամանակ էլ ստեղծվեց Արցախում կենդանիների պաշտպանության առաջին հասարակական կազմակերպությունը, որի նախագահ դարձավ Գայանե Առստամյանը։ Մեր կազմակերպությունը սկսեց պայքարել «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատժի մասին» և «Ընտանի կենդանիների համար սեփականատերերի պատասխանատվության մասին» օրենքների ընդունման համար: Մենք փորձեցինք մեր դժվարին պայմաններում ընտանի կենդանիների և մարդկանց պաշտպանության ու բարեկեցության արդար իրավական դաշտ ստեղծել: Այդուհանդերձ, կազմակերպության հիմնական գործունեությունը շուտով դարձավ մեր կարևոր և լայնածավալ ծրագիրը՝ Արցախում անօթևան կենդանիների առաջին ապաստարանը կյանքի կոչելը։ Մենք գիտեինք, որ անօթևան կենդանիների զգալի մասը տառապում է սովից, ցրտից, հիվանդություններից և մարդկանց դաժան վերաբերմունքից։ Հետևաբար, մեր նպատակն էր ստեղծել անվտանգ և հոգատար վայր, որտեղ այս կենդանիները կարող էին ապաստանել, բուժօգնություն, սնունդ և ջերմություն ստանալ: Ապաստարանը հույսի աղբյուր էր դարձել Արցախի բազմաթիվ այն կենդանիների համար, որոնք կյանքի հանգամանքների, պատերազմի կամ դաժանության հետևանքով դարձել էին անօթևան: Մեր կազմակերպությունը մշտապես աշխատում էր գտնել և ընտրել հոգատար և պատասխանատու տերեր, որոնք պատրաստ կլինեին ապրելու հնարավորություն տալ  կենդանիներին։ Բազմաթիվ կենդանիներ տեղավորվեցին ընտանիքներում, մենք սկսեցինք համագործակցել Հայաստանի անասնաբուժական կլինիկաների և այլ կազմակերպությունների հետ, որոնց գործունեությունն առնչվում է կենդանիների պաշտպանությանը։

Շատերը չեն հավատում, որ անգամ շրջափակման ժամանակ, երբ ամեն ինչի սուր պակաս կար, իսկ վերջին շրջանում էլ՝ հիմնական պարենային ապրանքների իսպառ բացակայություն, թափառող կենդանիների առաջին ապաստարանն Արցախում կարողացավ ոչ միայն դիմանալ, այլև ընդլայնվել։ Շրջափակման ընթացքում ապաստարանում զգալիորեն ավելացավ կենդանիների, հիմնականում՝ շների թիվը։ Դա պայմանավորված էր նրանով, որ կերի առաքումը անասնաբուժական խանութներ, ինչպես որ սննդի առաքումը սովորական խանութներ սկզբում հասցվել էր նվազագույնի, իսկ հետո ընդհանրապես դադարեցվել: Շների, հատկապես խոշորների, շատ տերեր պարզապես չէին կարողանում կերակրել նրանց, և ազնվացեղ շները վզափոկով հայտնվում էին փողոցում։ Ահա՝ մենք ստիպված էինք նրանց տանել ապաստարան կամ փնտրել նոր տերեր, որոնք դեմ չէին իրենց չորքոտանի ընկերոջ հետ կիսել բլոկադային ապուրի վերջին ափսեն։

Արցախի կենդանիների պաշտպանները ամեն ջանք գործադրեցին շրջափակման ժամանակ ապաստարանում տասնյակ կենդանիներ կերակրելու և փողոցում հայտնվածներին աջակցելու համար։ Մեզ բազմիցս օգնեց տեղի անասնաբուժական խանութի սեփականատեր Միհրան Գևորգյանը,  շրջափակումը ճեղքելով՝ մի քանի անգամ  կարողացավ պարկերով սնունդ ուղարկել Հայաստանի «Դինգո» կազմակերպությունը, բայց ընդհանուր առմամբ մենք ստիպված էինք ինքնուրույն յոլա գնալ։ Ֆեյսբուքյան ընկերների հավաքած միջոցներով մենք սկսեցինք գնել մսի մնացորդներ և ցորենի թեփ, բայց դրանք էլ շուտով վերջացան: Շրջափակումը դարձավ տոտալ, մսի մնացորդները մարդիկ սկսեցին օգտագործել որպես սնունդ, իսկ փռերը սկսեցին թեփից հաց թխել՝ բնակչության կարիքները գոնե մասամբ բավարարելու համար։ Այդժամ մենք պարզապես գնացինք մեր ընկերների ու ծանոթների մոտ և սկսեցինք հավաքել ժամկետանց ձավարեղեն, ոսկորներ և այն ամենը, ինչից կարող էինք կենդանիների համար ապուրներ պատրաստել և ինչ-որ կերպ դիմանալ:

Իրավիճակն էլ ավելի բարդացավ, երբ վառելիքի պակասի պատճառով հասարակական տրանսպորտը դադարեց աշխատել, իսկ դիզելային վառելիքով աշխատող հազվագյուտ մեքենաներով ապաստարան գնալը սկսեց խլել հավաքված միջոցների առյուծի բաժինը։ Բայց այդ անտանելի շրջափակման պայմաններում ապաստարանը ոչ միայն դիմացավ, այլև մեզ հաջողվեց փոքր-ինչ ընդլայնել տարածքը և կատարել վերանորոգման աշխատանքներ։ Շներն ավելի ու ավելի շատ էին, բայց տարածքն ու սնունդը գնալով պակասում էին։ Շները, ինչպես արցախցիները, իհարկե, կուշտ չէին ուտում, սարսափելի նիհար էին, բայց՝ ողջ։ Մենք՝ արցախցիներս, նաև կենդանիները սոված մնացինք, դիմացանք ու սպասեցինք ավելի լավ ժամանակների։

Շրջափակման ժամանակ կենդանիների պաշտպանները մի քանի նամակ գրեցին «Գրինփիսին» և կենդանիների պաշտպանությամբ զբաղվող տարբեր կազմակերպություններին, որոնցում նկարագրվում էր ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների ողբալի վիճակը, որ ստեղծվել էր շրջակա միջավայրի պաշտպանության պատճառաբանությամբ Ադրբեջանի կազմակերպած շրջափակման հետևանքով։ Նամակներից ոչ մեկին պատասխան չեկավ։

Սա էր Արցախում կենդանիների պաշտպանության շարժման համառոտ պատմությունը։

 

Նունե ԱՌԱՔԵՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու
և կենդանիների պաշտպան
Ստեփանակերտ-Երևան

f