Step1.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։
–Պարո՛ն Մանասյան, դուք ասում եք, որ Արցախը երբեք չի պատկանել Ադրբեջանին, որ նման իրավական հիմք չկա։ Հայաստանի իշխանությունները բանավոր հայտարարել են, որ Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում։ Եթե չկան իրավական հիմքեր, այս բանավոր հայտարարություններն ի՞նչ նշանակություն ունեն։
-Գլխավոր միտքն այն է, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքով չի պատկանում ոչ մեկի, պատկանում է Արցախի ժողովրդին։ Պատմականորեն էլ Արցախի ժողովուրդն այնտեղ ունեցել է այդ իրավունքը։ Մենք անկախություն ենք ձեռք բերել երկու անգամ։ Անկախություն ենք հռչակել 1918 թվականին, երբ ցարական Ռուսաստանը փլվում էր, եւ ռուսական կայսրությունը չկար այլեւս։ Ռուսական կայսրությունը չկար, բոլշեւիկներն ու Ադրբեջանն էլ չկային, Արցախը դարձել է ինքնավար, դե ֆակտո անկախ կազմավորում՝ ոչ մեկին չպատկանող տարածքում։ Երկրորդ անգամ դա եղել է 1991 թվականին, երբ սովետն է փլուզվել։ Արդեն դեկտեմբերի 8-ին սովետը չկար, մենք դեկտեմբերի 10-ին հանրաքվեն անցկացրել ենք սովետին չպատկանող տարածքում։ Եվ քանի որ որեւէ հանրապետություն կայացած չէր, իմ խոսքն առաջին հերթին վերաբերում է Ադրբեջանին, որը դեռ պետություն չէր, հետեւաբար, մենք կայացել ենք ուրիշ ոչ մեկին չպատկանող տարածքներում՝ մեզ պատկանող տարածքներում։
-Հղում է արվում Ստալինի անօրինական որոշմանը, թե Արցախն իբր Ադրբեջանին է հանձնվել այդ որոշմամբ։
-Այդպիսի որոշում չի եղել, Կովկասյան բյուրոն այդպիսի իրավասություններ չի ունեցել։ Ընդ որում, այն ժամանակ չի եղել սովետը, եղել են Ռուսաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը։ Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունն է որոշել, դա անհեթեթ բան է իրավական իմաստով, ուղղակի բռնություն է եղել։ Մյուս կողմից, այդ հարցը չի դրվել քննարկման ու քվեարկության։ Այսինքն՝ ըստ էության չընդունված որոշում է։ 1991 թվականի օգոստոսի 30-ին մերօրյա Ադրբեջանը հռչակել է, որ վերականգնում է 1918-1920 թվականների ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը, բայց այն հանգամանքը, որ նա վերականգնել է 1918-20 թվականների ադրբեջանական հանրապետությունը, որտեղ Արցախը չի եղել, դա էլ է մեզ թույլ տալիս ասել, որ մենք ինքնորոշվել ենք միայն մեզ պատկանող տարածքներում։ Ադրբեջանը մի կողմից վերականգնել է ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը, որտեղ Արցախը չի եղել, մյուս կողմից ինքն անկախության հանրաքվե չէր արել։ Ադրբեջանն անկախության հանրաքվե անցկացրել է դեկտեմբերի 29-ին, երբ բանը բանից անցել էր։ Այսինքն՝ հետփաստային հանրաքվե է արել, որին էլ Արցախը չի մասնակցել։ Հետեւաբար, այդ հանրաքվեի տեսակետից եւս Արցախն իրեն չի պատկանում։ Արցախն անկախություն է հռչակել միայն ինքն իրեն պատկանող տարածքներում։
–Արցախը հայկական պահելու, այդ իրավունքները վերականգնելու ի՞նչ հնարավորություն եք տեսնում դուք։
-Դա կախված է մեր պայքարից, ամեն մեկն իր գործը պետք անի։ Պետք է Արցախի մշակութային դիմագիծը պահել, Արցախի քաղաքական ինստիտուտները պետք է ամեն կերպ պահվեն, հասարակական կազմակերպությունները պետք է մնան եւ անընդհատ միջազգային կառույցներում Արցախի հարցը բարձրացնեն։ Արցախն ինքնուրույն անկախ պետականություն է եղել՝ միջազգային իրավունքի տեսակետից անբասիր կայացած, ոչ մեկին չպատկանող տարածքում կայացած։ Եվ ինքը պետք է իր այդ կեցվածքը պահի։ Մենք պետք է ասենք, որ դա մեր տարածքն է, որ Արցախի հայությունը եղել է կոտորածի վտանգի տակ, եւ մենք մեր ժողովրդին փրկել ենք։ Բայց այդ տարածքը մերն է պատմականորեն, մենք ունենք այնտեղ պատմական տիտղոս։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: