Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի անցած ուղին

  • 17:45 11.12.2023

1961 թ. Արցախի  մշակութային, հասարակական կյանքի վառ իրադարձությունը Ստեփանակերտում Սայաթ-Նովայի անվան  երաժշտական քոլեջի բացումն էր: Նախադրյալներից ամենակարևորը Արցախի բնակիչների մշակութային և էսթետիկ հայացքների աճն էր:

62 տարվա գործունեության ընթացքում քոլեջն անընդհատ կատարելագործվում էր`զարգացնելով տեխնոլոգիաները, ուսումնական ծրագրերը, մշակութային միջավայրը: «Արցախյան շարժման ընթացքում, կորոնավիրուսի օրերին, շրջափակման ամիսներին,  պատերազմից հետո էլ կառավարության և ուսուցչական անձնակազմի ջանքերով կրթական պրոցեսը չէր ընդհատվում: Մեր աշակերտները կարողացել են գերազանց արդյունքներ ունենալ քննությունների ժամանակ»,-  Step.1am-ի հետ զրույցում ասաց տնօրեն Անահիտ Հարությունյանը:

Նրա խոսքով`ամենավատ շրջանը 2020թ. պատերազմն էր, որը տակնուվրա արեց շատ բան: «Պատերազմի ընթացքում քոլեջը փակ էր, իսկ պատերազմից հետո ձեռնամուխ եղանք կրթական ծրագրով ուսումը շարունակելուն: 44-օրյայից հետո մեր մշակութային կյանքը ակտիվ էր, շատ միջոցառումներ էինք կազմակերպում: Նպատակն էր արվեստի միջոցով իրավիճակը հաղթահարելը: Մեր երեխաները միշտ գլխավոր մրցանակներն էին շահում: Նոր ուսումնական տարվա համար  հետաքրքիր ծրագրեր ունեինք, բայց, ցավոք սրտի, սեպտեմբերի 19-ը հերթական հարվածը հասցրեց` խաթարելով քոլեջի բնականոն կյանքը»,-նշում է Անահիտ Հարությունյանը:

Քոլեջի բեղուն ստեղծագործական կյանքի և ակտիվության շնորհիվ շատ մեծ էր ուշադրությունը համաշխարհային երաժիշտների կողմից: Հանրահայտ երգչուհիներ Մոնսերատ Կաբալյեն և Լյուբով Կազարնովսկայան, ինչպես նաև պատերազմից հետո Պատրիկ Ֆիորին` իր բարեգործական խմբով էր, այցելեն են Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջ: Երեխաների համար դա շատ մեծ ոգևորություն էր:

«Մենք շատ խոչընդոտների միջով ենք անցել, բայց միավորվելու և աշխատանքային գործունեությունը վերսկսելու փափագը մեծ է: Հույս ունեմ, որ առողջ միտքը կհաղթի և  մեզ հնարավորություն կտան իրագործելու մեր ցանկությունը: Ինքնապահպանվելու վերաբերյալ ունենք ապագայի մեր տեսլականը: Ֆենիքսի պես մոխրից վեր կհառնենք…»,-ասում է տնօրենը:

Տաթև Ազիզյան

f