Շառլ Միշելը պետք է հավատարիմ մնա եվրոպական արժեքներին, կամ էլ հայտարարի, որ այլեւս հակամարտությունները կլուծվեն ուժային ճանապարհով

  • 12:05 14.12.2023

2019 թվականի դեկտեմբերի 1-ից Եվրոպական խորհրդի նախագահ հանդիսացող, Բելգիայի ֆրանսիական համայնքի ներկայացուցիչ, Բելգիայի նախկին վարչապետ (2014-2019) Շառլ Միշելը հայտարարել է. «Մենք կարծում ենք, որ էթնիկ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ կամ գոնե այցելել Ադրբեջանի այս հատվածը, և նրանց անվտանգությունն ու իրավունքները պետք է երաշխավորված լինեն։ Փոքրամասնությունների պաշտպանության հարցում կան միջազգային չափանիշներ, որոնք պետք է հարգվեն Ադրբեջանի Սահմանադրության համաձայն, որոնց շրջանակներում պետք է երաշխավորվեն փոքրամասնությունների իրավունքները»։

Շառլ Միշելը միապետական ​​Բելգիայի քաղաքացի է, որը երբեմն կոչվում է երկակի դաշնություն, քանի որ Բելգիան միաժամանակ բաժանված է երեք շրջանների և երեք լեզվական համայնքների: Յուրաքանչյուր տարածքային մաս և յուրաքանչյուր լեզվական համայնք ունի իր խորհրդարանը և իր կառավարությունը: Այսպիսով, Բելգիան ունի վեց կառավարություն և վեց խորհրդարան։ Դաշնային կառավարությունը պատասխանատու է մյուս հինգ կառավարությունների գործողությունների, ինչպես նաև ազգային նշանակության հարցերի համակարգման համար:

Այսինքն՝ Բելգիայում «փոքրամասնություններ» չկան, բնիկ քաղաքացիների քաղաքական և մշակութային իրավունքները պաշտպանված են խորհրդարանների և կառավարությունների կողմից։ Բելգիայի տարածքը շատ չի տարբերվում Հայաստանից՝ 30 հազար քառակուսի կմ մի փոքր ավելի։

«Փոքր երկիր» Բելգիան դարձավ Եվրամիության մայրաքաղաքը, քանի որ խստորեն պահպանում էր եվրոպական արժեքները՝ հավասարություն, ինքնորոշման իրավունք, հակամարտությունների ուժային լուծումների բացառում և այլ հիմնարար սկզբունքներ։ Այս սկզբունքների շրջանակներում 1992 թվականին ԵԱՀԿ-ում ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը մանդատ ստացավ լուծելու ղարաբաղյան հակամարտությունը տարածքային ամբողջականության, ինքնորոշման իրավունքի և ուժի չկիրառման միջազգային սկզբունքների հիման վրա։

Այժմ Եվրամիության ղեկավարն իրեն թույլ է տալիս անդրադառնալ Արցախը միջազգային իրավունքի տեսակետից ոչ լեգիտիմ ապօրինի Ադրբեջանին հանձնելու Ստալինի որոշմանը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի ռուս-թուրքական գործարքին, ԱՊՀ ստեղծման մասին հռչակագիրը և Ադրբեջանի սահմանադրությանը:

Նույն Ադրբեջանի, որտեղ նախագահը Իլհամ Ալիևն է, ով այս պաշտոնը ժառանգել է հորից և կնոջը նշանակել է առաջին փոխնախագահ։ 2003-ին, երբ մահացավ Ալիևի հայրը, ասում էին, որ նա իրականում մահացել է ոչ թե դեկտեմբերին, այլ հոկտեմբերին, բայց մահի մասին չհայտարարվեց, որ որդին նախագահ դառնա։ 2003 թվականի հուլիսին, երբ Հեյդար Ալիևը բուժում էր անցնում, Իլհամը դարձավ նախագահի թեկնածու։ Օգոստոսի 4-ին Միլի Մեջլիսը Իլհամ Ալիևին նշանակեց երկրի վարչապետ։ 2003 թվականի հոկտեմբերի 15-ին տեղի ունեցան ընտրություններ, և նախագահ դարձավ Իլհամ Ալիևը։ Ընտրությունները չճանաչվեցին միջազգային հանրության կողմից։ Հեյդար Ալիեւի մահվան մասին հայտարարվել էր դեկտեմբերի 12-ին, երբ բոլոր հարցերը “հարթվել են”։ Դժվար թե Շառլ Միշելը չգիտի այս պատմությունը։

Իլհամ Ալիևը բացահայտորեն խոստովանեց, որ «հակամարտությունը» լուծեց ուժով, փաստորեն, թքած ունենալով միջազգային չափանիշների վրա։ Հիմա Միշելը խոսում է «Ադրբեջանի սահմանադրության» մասին, որը պետք է պաշտպանի հազարավոր տարիներ այս հողի վրա ապրած արցախահայությանը։ Շառլ Միշելը չի ​​հիշում, որ այդ մարդիկ ունեն քաղաքական իրավունքներ, ինչպես ֆլամանդացիները, վոլոնացիները Բելգիայում, որ Արցախում եղել է ժողովրդավարական պետական ​​համակարգ և ընտրովի մարմիններ՝ նախընտրելով Ալիևի կառավարման ձևը։

Ի՞նչ կարող է անել Միշելը, եթե Բաքուն և Երևանը պայմանավորվեն միմյանց միջև և «հանձնեն» Ղարաբաղը՝ կարող են հարցնել “արևմտամետները”։ Միշելը կարող է անել միայն մեկ բան՝ խստորեն պահպանել եվրոպական արժեքները, ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը, միջազգային սկզբունքները՝ անկախ այլոց կեղտոտ գործարքներից։ Կամ խոստովանի, որ այսուհետ հակամարտությունները լուծվելու են ուժով, հավասարություն այլեւս չկա։ Միգուցե նույնիսկ Բելգիայի թագավորին խորհուրդ տա Ալիևից սովորել ունիտար պետություն կառուցելու հմտությունները։

Նաիրա Հայրումյան

f