Շրջափակումն ազդում է ամեն ինչի եւ բոլորի վրա

  • 17:00 12.06.2023

«Ես չգիտեմ, ինչ անել։ Չեմ կարողանում ինձ ստիպել մի բան ցանել բանջարանոցում, ավելացնել կովերի գլխաքանակը կամ տանը մի բան կառուցել թե վերանորոգել։ Եւ դա շրջափակման հետ է կապված։ Նորություններն եմ լսում եւ ամեն օր հայերիս համար ինչ-որ տհաճ բաներ եմ լսում։ Ամեն օր մտածում ենք, ինչ կլինի մեզ հետ»։

Արցախի Ասկերանի շրջանի բնակիչ Ասյա Պետրոսյանը կիսվել է մեզ հետ իր ամենօրյա մտորումներով։

Թոշակառու կինը պատմել է, որ մինչ Արցախյան շարժումն ապրել է իր ընտանիքի հետ Բաքվում։ Երբ 80-ների վերջում սկսվել են հայերի նկատմամբ ճնշումներն, ամուսինը որոշել է դուրս բերել իրեն 4 անչափահաս երեխաների հետ միասին Ադրբեջանից։ Դեպի Ստեփանակերտ ճանապարհն արդեն փակ էր, եւ ընտանիքը ստիպված էր Վրաստանով հասնել Հայաստան, իսկ այնուհետեւ՝ Ղարաբաղ։ Այստեղ, Ասկերանի շրջանում, նրանց ֆիննական տուն են տրամադրել՝ որպես փախստականների։

«Բաքվից ոչինչ չենք հասցրել հանել՝ պետք էր երեխաներին փրկել, մենք ուղակի հագնվել ենք, վերցրել փաստաթղթերը եւ ճանապարհ ընկել։ Այստեղ մեզ ֆիննական տուն են տրամադրել, եւ ամուսնուս հետ մենք սկսեցինք զրոյից՝ սկսած երեխաների համար հագուստից եւ վերջացրած տնային տնտեսությամբ։ Սակայն սկսվել է պատերազմը, մեր տունը ռումբ է ընկել, մենք փրկվեցինք, քանի որ թաքստոցում էինք։ Բարեկամները մեզ մի հին տուն տրամադրեցին։ Մեր տունը պետությունն այդպես էլ չվերականգնեց, իշխանություններն երկիր էին վերականգնում, ինչպես մեզ ասում էին, ավելի մեծ գործեր կաին։ Տարիներ առաջ մահացավ ամուսինս։ Ավագ երեխաներս առանձնացան, հիմա իմ հետ ապրում է կրտսեր որդիս ընտանիքի հետ, նա զբաղվում է տնտեսությամբ, ես էլ ինչքան կարող եմ՝ օգնում եմ», պատմում է տիկին Պետրոսյանը։

Նա ասում է, որ 2020 թ․ պատերազմից հետո հույս կար, որ խաղաղություն կհաստատվի, քանի որ Ռուսաստանը իրեն հայտարարել է Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության երաշխավորը, սակայն հանգստությունն այդպես էլ չեղավ, եւ հետպատերազմյան շրջանն առավել դժվար էր ինչպես ֆիզիկապես, այնպես էկ հոգեբանորեն։ «Հարեւան գյուղերի եւ տարածքների հանձնումը, մեր գյուղի մոտ ադրբեջանական պոստերի հայտնվելը, աշխատող գյուղացիների վրա կրակելը, հիմա էլ շրջափակում։ Եւ հայտնի չէ, թե որքն դա կշարունակվի։ Մենք չգիտենք, այս պայմաններում ինչպե՞ս ապրել եւ արարել», ասում է տիկին Պետրոսյանը։

Նա ասում է, որ մինչեւ պատերազմը նրանք բավական խոշոր տնտեսություն ունեին՝ մի քանի տասնյակ խոշոր եւ մանր եղջերավոր կենդանի, մեծ բանջարանոց եւ նռան այգիներ։ Պատերազմի ժամանակ անասունը կորել է, իսկ այգիները վնասվել են ռմբակոծությունից։

Պատերազմից հետո արդեն որդին ստիպված է կրկին ամեն ինչ զրոյից սկսել։ Սակայն շրջափակման մեջ ի՞նչ անես։ Համապատասխան կենդանիներ կարելի է միայն Հայաստանից բերել։ Կերը, սերմերն ու մնացած պարագաններն եւս անհնար է բերել։

Շրջափակումը արցախյան ֆերմերներին զրկել է ոչ միայն անհրաժեշտ ապրանք ներմուծելու, այլեւ տեղական ապրանքը արտահանելու հնարավորությունից։

«Տեսնում եմ, թե ինչպես է որդիս նեղվում, որ շրջափակման պատճառով չի կարողանում ընտանիքը ապահովել։ Իսկ ֆերմերական ընտանիքներ, որոնք շրջափակման պատճառով զրկվել են եկամտի իրենց միակ աղբյուրից, շատ են։ Հատկապես դժվար է բազմազավակ ընտանիքների համար։ Գազի բացակայությունը, էլեկտրամատակարարման խափանումները նոր հոգսեր են առաջացնում։ Բենզին չկա, եւ արդեն չեն կարող վաճառել մեր բանջարանոցի արտադրանքը։ Բլոկադան ամեն ինչի եւ բոլորի վրա է ազդում», ասում է Ասյա Պետրոսյանը։

f