Շուշիի Գոհար աղայի վերին մզկիթն ու ադրբեջանական ապատեղեկատվությունը

  • 09:30 18.12.2023

Ադրբեջանն  այսօր ակտիվ քարոզչական ու տեղեկատվական պատերազմ է վարում Հայաստանի և հայերի դեմ ու որպես գլխավոր գործիք, կամ զենք գործադրվում է ապատեղեկատվությունը։ Որպես այդպիսին այն կիրառվել է նաև Շուշիի Գոհար աղայի վերին մզկիթի և նրա վերանորոգման պարագայում, սկսած  դեռ նախապատերազմյան շրջանից։ Թեմայի շուրջ զրուցել ենք Հայ Ճարտարապետության Ուսումնասիրության Հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանի հետ։

-Պարո՛ն Քորթոշյան, նախ մի փոքր անդրադառնանք մզկիթի պատմությանը։

– Մզկիթը կառուցվել է 1883-1884թթ․, ռուսական կայսրություն ժամակաշրջանում: Կրոնական պատկանելիությունը՝ շիա մահմեդականների: Հատկանշական է, որ օտարազգի հեղինակները տեղի մահմեդական բնակչությանը անվանել են Կովկասյան թաթարներ, մահմեդականներ, շիա մահմեդականներ, շիա պարսիկներ և այլ ազգության անվանում չկա: Մզկիթի ճարտարապետը Իրանի Ահար քաղաքում 1817 թ. ծնված Սաֆա Խանն է: Ճարտարապետական ոճը՝ իրանական իսլամական ճարտարապետության իսպահանյան դպրոցինը: Առկա արձանագրությունները գրված են  արաբերեն, որպես ղուրանի լեզու և պարսկերեն, որպես կրոնական ճյուղի լեզու: Ճարտարապետ Սաֆա Խանը ռուսական կայսրության ժամանակաշրջանում Արցախում կառուցել է մի շարք մզկիթներ: Իր թողած արձանագրություններում նշելով կառուցման թվականը, իր անունը՝ «կառուցող՝ ճարտարապետ քարբալայի Սաֆա Խան» և վայրը՝ «Ղարաբաղ»: Վերջինս միտումնավոր հաճախ ներկայացվում է որպես իր ծննդավայր, որը սակայն արաբերեն արձանագրության ոճից պարզ է, որ ծննդավայրը չէ: Արցախում 1874-1879 թթ. իր կողմից կառուցված բոլոր մզկիթների արձանագրություններում «Ղարաբաղ» տեղանունը կա՝ բացառությամբ 1870-71 թթ․ ին կառուցված Ակնայի/Աղդամ/ մզկիթին:

-Այժմ անդրադառնանք այն ապատեղեկատվությանը, որը տարածում է Ադրբեջանը Շուշիի Վերին մզկիթի հետ կապված։

-Հաղորդակցության նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ապատեղեկատվությունը, որը հաճախ օգտագործվում է հասարակական կարծիքը շրջելու համար, խնդիր է դարձել ամբողջ աշխարհում:

Ադրբեջանը նույնպես 30 տարի է, ինչ իրականացնում է նմանատիպ քաղաքականություն, երբ լայնորեն և պետական բարձր մակարդակով օգտագործում է ապատեղեկատվության ուժը՝ Արցախի ժողովրդի գոյության իրավունքի դեմ, իր բազմակողմ պայքարում։ Դեռ 1994-2014 թթ․ երբ մզկիթը անմխիթար վիճակում էր, կեղծ լուսանկարներով շահարկվում էր, որ հայերը, իբր սրբապղծում են մզկիթը: Իրականում այն ինչպես փաստում է կողքի  ցուցանակը, պահպանվում էր պետության կողմից։ Իսկ այդ կեղծ լուսանկարները օգտագործվել են անգամ մզկիթի վերանորոգումից տարիներ հետո: Ավելին ասեմ, մինարեն 1991-1992 թթ. ադրբեջանական զինուժի կողմից օգտագործվել էր որպես զինվորական հենակետ, որտեղ էլ տեղադրվել էր զինամթերքը վեր հանելու հարմարանք:

«Ավրորա» ֆորումի շրջանակներում «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնությամբ և Արցախի Հանրապետության հովանավորությամբ, 2014-2019 թթ. իրականացվեց Շուշիի Գոհար մզկիթի վերանորոգումը, որը կարծես դժգոհության ու բողոքի առիթ չպետք է տար, սակայն տեղի ունեցավ հակառակը։

Մզկիթի վերանորոգման հետ կապված իրադարձությունները վերածվեցին բազմամակարդակ ապատեղեկատվության շարունակական շղթայի։

Ադրբեջանը բողոքում էր, թե իբր  հայերը մզկիթը վերանորոգելով ցանկանում են փոխել իրականությունը՝ կեղծելով արձանագրությունները և փոխելով ճարտարապետական ոճը այն ներկայացնել որպես իրանական: Հետևաբար սա մեծ հարված է խաղաղության բանակցություններին: Անգամ Արցախի հայկական հուշարձանների պաշտպանության համար 2021 թ. կազմակերպված Վիեննայի գիտաժողովը չեղարկելու նպատակով, Ավստրիայում Ադրբեջանի դեսպանը գիտաժողովի կազմակերպիչներին նամակ էր հղել, որտեղ առկա էին կեղծ և ժամանակին չհամապատասխանող լուսանկարներ: Վերին Գոհար աղայի մզկիթի անվան տակ ներկայացվել էին այլ մզկիթի լուսանկար:

Ապատեղեկատվության մի նոր ալիք է բարձրացել Շուշին ադրբեջանական բանակի կողմից գրավվելուց հետո, երբ հայկական կողմի կատարած վերանորոգությունները սկսեցին վերագրվել Ադրբեջանին: 2021 թ. մայիսին պարզ դարձավ, որ ընդամենը ավելացվել է գորգը և մակերեսային այլ մի քանի մանրամասներ: Վերջիններս ներկայացնելով որպես հիմնական նորոգման աշխատանքներ: Անգամ, երբ 2021 թ. հունիսին Էրդողանը Ալիևի հետ շրջում էր Շուշիում,  վերջինս հայկական կողմի կատարած 5 տարվա նորոգումները վերագրեց իրեն:

-Արդյո՞ք հայերի վերանորոգումը որևէ կերպ վնասել է մզկիթը։

-Վերանորոգումն ըստ իս իրականացվել է ճարտարապետությանն ու այդ հոգևոր կառույցի պահանջներին համահունչ, իրանական մասնագետների հետ խորհրդակցաբար ու որոշների մասնակցությամբ։ Ճարտարապետական ոճին վերաբերող ոչ մի փոփոխություն չի կատարվել: Ամրակայվել են շենքի քարե հատվածները, իսկ աղյուսե հատվածներում կատարվել են տեղային նորոգություններ, ինչպես նաև ամբողջացվել մինարեների վերնամասերը:  Հատկապես աղյուսե հատվածները և մինարեն նորոգվել են Իրանի Թավրիզ քաղաքից հրավիրված հմուտ վարպետների կողմից:

Արձանագրությունների մասով, հիմնականում նորացվել են դրանց ներկերը, այն իրականացվել է բարձրակարգ վերականգնող մասնագետի կողմից՝ Իրանի Թավրիզ քաղաքից, և հատկանշականն այն է, որ նա ավելի վաղ ադրբեջանական պետական մարմինների հրավերով վերականգնման աշխատաքներ է իրականացրել նաև Նախիջևանի մզկիթներում:

Ադրբեջանական  աբսուրդի հասնող կեղծիքները հերքող բազմաթիվ փաստեր կան, մնում է միայն դրանք օգտագործել հակընդդեմ պայքարում։

Արմինե Հայրապետյան

f