Արցախից բռնագաղթած անձանց գույքի հաշվառման գործընթաց չի իրականացվում։ Այս մասին Step1.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը։
«Դեռ այդ հարցով ոչ մեկը չի զբաղվում, չի հետաքրքրվում։ Մեր կարծիքն ո՞վ է հաշվի առնում, որ այդ հարցով զբաղվեն։ Արցախի իշխանությունները ոչ մի բան չեն կարողանում անել, Հայաստանի իշխանություններն էլ ասում են՝ մեզ մի խանգարեք, մեզ վտանգի տակ եք դնում»,- ասաց Դավթյանը։
Նրա խոսքով՝ հնարավորության դեպքում արցախցիների գույքի փոխհատուցման հարցերը պետք է բարձրացնել նաեւ միջազգային դատական ատյաններում, այդ հարցում պետք է աջակցի նաեւ միջազգային հանրությունը։
«Բայց ինչքան գիտեմ, միջազգային կառույցները իբր բանակցում են մեր վերադարձի մասին՝ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ուզում եմ ասել՝ դա հնարավոր չէ, արցախցիները կվերադառնան Արցախ միայն այն դեպքում, եթե մեր կյանքին ադրբեջանցիները ոչ մի ձեւով չմիջամտեն։ Մենք ինքնուրույն մեր օրենքներով, մեր իշխանություններով, մեր ոստիկաններով պետք է ապրենք։ Թե ոնց իրենք դրան կհամաձայնեն, դա չեմ կարող ասել։ Բայց, եթե Ադրբեջանի բանակն ու ոստիկանությունը պետք է խառնվի մեր գործերին, այդ դեպքում անհնար է մեր վերադարձը։ Արցախում միջազգային խաղաղապահներ պետք է լինեն, որ մեր անվտանգությունը 100 տոկոսով ապահովվի, որպեսզի ժողովուրդը հավատա ու հետ վերադառնա։ Եթե այս ռուսների նման պետք է լինեն, ըտենց անվտանգություն մեզ պետք չէ»,- ասաց նա։
Մեծ Շենի գյուղապետը նաեւ նշեց, որ Հայաստանի իշխանութունների՝ Արցախի հարցում վարվող քաղաքականությունը շատ վատ է գնահատում։ «Այս ամենն իրենք են արել, եւ հասել ենք այս օրվան»,- հավելեց նա։