Հայ-ռուսական հարաբերությունների փոթորկոտ ներկայի ու մշուշոտ ապագայի մասին

  • 11:52 19.12.2023

Analyticon

Հայ-ռուսական հարաբերություններում եղած ճգնաժամն ու դրանց հետագա մշուշոտ զարգացումը վերջին շրջանի հայաստանյան հանրային-քաղաքական խոսույթի առանցքային թեմաներից են։

Հայ-ռուսական հարաբերությունների մասին վերլուծությունների մեջ առատորեն օգտագործվում են «աննախադեպ արտաքին կուրսի փոփոխություն», «հակառուսական քաղաքականություն» արտահայտությունները։ Մեր նորանկախ երկրի պատմությունը, սակայն, հուշում է, որ ռուսական ազդեցության թուլացմանն ու եվրոպական կազմակերպությունների հետ սերտ համագործակցության ընդլայնմանը միտված քայլերը հատուկ են եղել հայաստանյան բոլոր կառավարություններին, ու այն, ինչ իրականում, փաստաթղթերով ու իրական քայլերով կատարվում է Հայաստանում, ոչ այնքան հակառուսականություն է, որքան արտաքին-քաղաքական հնարավորությունների օգտագործման փորձ, որն ուղեկցվում է անհարկի հակառուսական «վերլուծություններով»՝ և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում։

«Անդրկովկասյան պետությունների ինտեգրացումը եվրոպական կառույցներում ես համարում եմ կարեւոր պայման ոչ միայն նրանց բնականոն զարգացման, այլեւ տարածաշրջանային կայունության ամրապնդման տեսակետից։ Եւ, ընդհանրապես, ես կարծում եմ, որ որքան ավելի շատ միջազգային պարտավորություններ ստանձնեն նորանկախ պետությունները, այնքան ավելի չափավոր եւ հավասարակշռված կլինի նրանց քաղաքականությունը։ Հետեւաբար, ես նույնքան կարեւոր ու ցանկալի պետք է համարեմ Եվրոպայի ակտիվ ներգրավումը անդրկովկասյան տարածաշրջանում»[1]։,-սա հատված է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ֆրանսիական «Պոլիտիկ ինտերնասիոնալ հանդեսին» տված հարցազրույցից։ Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա վարչակազմի, արտաքին գործերի նախարարության ջանքերով էր նաև, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման համար գերադասելի հարթակ դարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը և դուրս եկավ միայն տարածաշրջանային հարց լինելու «ծուղակից»՝ ի հեճուկս Ռուսաստանի դիմադրության։ «Մինսկի խմբի շրջանակում համանախագահություն ստեղծելու գաղափարը մեծ դիմադրության էր արժանանում այդ օրերին բանակցություններում մենաշնորհ ունեցող Ռուսաստանի կողմից: Այդ պայքարը Ռուսաստանի կողմից մղում էր ԼՂ բանակցություններում Ռուսաստանի միջնորդ Վլադիմիր Կազիմիրովը: Բայց նա դա անում էր շատ նուրբ եւ անուղղակի ձեւով՝ լավ գիտակցելով, որ հենց Ռուսաստանին դժվար կլիներ հիմնավորել իր կողմից այդ մենաշնորհի պահպանումը: Բավական էր, որ հակամարտության կողմերից մեկը հայտարարեր, որ դեմ է ձեւաչափի փոփոխությանը, եւ այդ հարցը հանվեր օրակարգից: Կազիմիրովի ցանկությունն այն էր, որ դա Հայաստանը կանի․․․»[2]։ Վարդան Օսկանյանի հուշերն են թեմայի առնչությամբ։

2001 թվականին Հայաստանի՝ Եվրոպայի Խորհրդի լիիրավ անդամ դառնալու առիթով ունեցած իր ելույթում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է՝ «Հայաստանի նվիրվածությունը՝ ընդլայնել իր ինտեգրացիան եվրոպական կառույցներին, ամբողջապես արտացոլում է իր ներքին քաղաքական առաջնահերթությունները՝ հզորացնել ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը։ Կասկած չկա, որ այս սկզբունքները միակ հիմքն են, որի վրա կառուցված է Հայաստանի ներկան ու ապագան»[3]։

Եվրոպական Միության հետ  բանակցող Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այն կարծիքին էր, որ «Արևելյան գործընկերությունն իր բնույթով համագործակցություն, այլ ոչ թե հակասություններ ստեղծելուն ուղղված նախաձեռնություն է: Այն ուղղված չէ որևէ պետության կամ պետությունների խմբի դեմ: Այս գործընկերությունն ուղղված է բաժանարար գծերի վերջնական հաղթահարմանը»[4]։

Բոլոր այս մոտեցումների ու դիրքորոշումների կողքին, սակայն, կար ռուսական հակազդեցության խնդիրը, որը դրսևորվում էր մի դեպքում նորանոր հայ-ռուսական համաձայնագրերով, մյուս դեպքում՝ «գույք՝ պարտքի դիմաց» հակապետական ծրագրերով, երրորդ դեպքում՝ ասոցացման համաձայնագրի բանակցությունների վերջին փուլում Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հատուկ հայտարարությամբ, որը հաստատում էր՝ «Հայաստանի և Ռուսաստանի վճռականությունը Եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացները զարգացնելու հարցում»[5]։

Եվրոպական ուղղությունը կարևորելու հարցն, ուրեմն, միշտ ուղեկցվել է ռուսական էլ ավելի մեծ ներգրավմամբ՝ ի հեճուկս այն պնդումների, որ եվրոպական «ընդլայնումը» հակառուսական բաղադրիչ իր մեջ չի պարունակել։ Երկրում ռուսական հարաճող ներկայությունը տարիներ շարունակ մեկնաբանվել է որպես Ղարաբաղյան հակամարտության մեջ Ռուսաստանի հայամետ դիրքորոշման գրավական՝ որպես կանոն անտեսելով զուգահեռ զարգացող Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները և սեփական մեկնաբանությունները վերագրելով Ռուսաստանի դիրքորոշումներին՝ Ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ։

Հայաստանի ներկա ձգտումները՝ էլ ավելի սերտացնել հարաբերությունները եվրոպական կառույցների հետ, ուրեմն, «աննախադեպ արտաքին-քաղաքական կուրսի փոփոխություն չեն», այլ ընդամենը ևս մեկ փորձ՝ օգտագործել արդեն իսկ ունեցած հարաբերությունների բազան փոքր-ինչ մեղմելու ռուսական քաղաքական ու տնտեսական կախվածությունը՝ ղարաբաղյան հարցում այդպես էլ ենթադրյալ աջակցությունը չստանալով ու անվտանգության նորանոր խնդիրների առկայության համատեքստում։ Այս փոքր քայլերը, սակայն, ուղեկցվում են Ռուսաստանից հսկայական ու օբյեկտիվ հանրային դժգոհության ու Ռուսաստանից վերջնականապես «անջատվելու» մասին ուռճացված հանրային-քաղաքական ալիքներով։

Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելուց հետո իր քաղաքական ու տնտեսական կախվածության մեծացումը Ադրբեջանից ու Թուրքիայից դրդել է նրան իր իսկ տարածաշրջանային շահերին դեմ գնալով տապալել իր խաղաղապահական առաքելությունը Արցախում ու անվերջ զիջումների գնալ տարածաշրջանում, որը հաճախ մեր շահերը զոհելով է դրսևորվում։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի խախտումը Ադրբեջանի կողմից, Ադրբեջանի ներխուժումները Հայաստանի տարածք, Արցախի վրա հարձակումն ու Արցախի՝ էթնիկ զտումը լուրջ կասկածի տակ են դրել Ռուսաստանի՝ տարածաշրջանային կարողությունների հարցը։ Արդյունքում, Ադրբեջանն իրեն թույլ է տալիս պահանջել ավելին, քան նախատեսված է հայտարարությամբ ու, չստանալով Ռուսաստանի դիմադրությունը, Հայաստանին նշանակել «միակ մեղավոր»։ Այս կրկնվող շղթայի ներկա, ամենից առանցքային օղակը «միջանցքի» մասին տարակարծություններն ու տարամեկնաբանություններն են, Ադրբեջանի հավակնությունները՝  հարցը ռազմական ճանապարհով լուծելու։ Այս հարցի շուրջ առեղծվածային մեկնաբանություններն, իհարկե, գերակշռող են ու ցուցիչ այն բանի, թե ինչպես են իրական բովանդակային բանակցությունները ստվերվում ներքաղաքական քարոզչական շահարկումներով։

Այսպես, հայաստանյան դաշտում գերակշռող է այն ընկալումը, որ «Հայաստանը Ռուսաստանին միջանցք չի տալիս» [6]։ Իշխանությունն այս պնդումը օգտագործում է որպես «ինքնիշխանության համար պայքարի» շղարշ, ընդդիմությունը հղում է անում այս քայլին՝ որպես Ռուսաստանի ադրբեջանամետ քայլերի հիմնական պատճառ ու հիմք, մեղադրելով իշխանություններին ինքնիշխանության համար պայքարի համատեսքտում եռակողմ հայտարարություն, պայմանավորվածություններ ու խոստումներ խախտելու մեջ։ Եռակողմ հայտարարությունը, սակայն, արտատարածքային միջանցք չի նախատեսում, ինչը Ադրբեջանի ու Թուրքիայի հիմնական պահանջն է եղել։ Հայտարարությունից դուրս հաճախ վերլուծությունները հիմնվում են ինչ-որ խոստումների վրա։ Այս պատմությունը, սակայն, բազմաշերտ մեկնաբանությունների լայն դաշտ է, ու դաշտի բոլոր դերակատարների կարծիքների համադրությունները թույլ չեն տալիս վերջնական հասկանալ, թե ով ում ինչ է խոստացել։ Թուրքիայում պնդում են, որ Հայաստանն է Ադրբեջանին «միջանցք» խոստացել[7], հաշվի առնելով Ադրբեջանի նախագահ Ալիևի այն պնդումը, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ է բանակցում միջանցքի հարցը[8]՝ առանց Հայաստանի, Հայաստանում կա ընկալում, որ այդ Ռուսաստանն է Ադրբեջանին միջանցք խոստացել, Իրանում համոզված են, որ միջանցքը ԱՄՆ-ն ու հավաքական Արևմուտքն են խոստացել Թուրքիային ու այն «ՆԱՏՕ-ի միջանցք» են կոչում[9]։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի քանի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը մշտապես հավատարիմ է մնացել նոյեմբերի 9-ի հայտարարության կետերին[10], ու որ Հայաստանն աներկբայորեն ընդունել է Ռուսաստանի կողմից առաջարկվող կարգավորման պլանները[11], ինչպես նաև Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի պարբերական հայտարարություններն այն մասին, որ նոյեմբերի 9-ը որևէ կերպ չի ենթադրում արտատարածքային միջանցքի գոյություն[12], դժվարացնում են «Ռուսաստանին միջանցք չենք տալիս» պնդման համար փաստական հենք պեղել, թեև ներքին քարոզչական իմաստով այն ամենաշահեկան ձևակերպումն է իշխանության համար։

Ուրեմն, Հայաստանն այդ ի՞նչ  չի տալիս Ռուսաստանին․գուցե իր տարածքի հաշվին Ադրբեջանի հետ հետագա առևտուր անելու հնարավորությու՞նն է փորձում սահմանափակել։ Բայց այդ դեպքում իշխանությունն արդեն վաղուց պիտի գործուն քայլեր կատարեր Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում։ Հնարավո՞ր է, արդյոք, քաղաքական հարաբերություններում եղած ճգնաժամային այս իրադրությունը հաղթահարել Հայաստանյան շահերի հաշվարկմամբ, եթե տնտեսական կախվածությունը Ռուսաստանից ոչ միայն չի նվազում, այլ նաև տարեցտարի ավելանում է՝ նույնիսկի հեճուկս վերջին զարգացումների[13]։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետագա զարգացումը պիտի խարսխված լինի այս հարցի լուծման վրա․ այլընտրանքային շուկաների, էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման, անվտանգության ներկա վակուումը իրական անվտանգության գործիքներով համալրելու միջոցով է միայն հնարավոր ամրապնդել այդքան չարչրկված ինքնիշխանությունը ու հնարավորինս առողջ հարաբերություններ կառուցել թե՛ Եվրոպայի, թե՛ Ռուսաստանի ու թե՛ հարևանների հետ՝ առանց նոր թշնամիներ կերտելու ու առանց հանրային ռուսամետությունը ռուսատյացությամբ փոխարինելու։

 

Աննա ԳԵՎՈՐԳՅԱՆ
Վերլուծաբան
Երևան

—————————

[1]Հարցազրույցֆրանսիական «Պոլիտիկէնտերնասիոնալ» հանդեսին — Վիքիդարան (wikisource.org)

[2]Բուդապեշտ. փոքր երկրի մեծ քայլը – Mediamax.am

[3]2001 թվականի հունվարի 25-ը Հայաստանը դարձավ Եվրոպայի Խորհրդի անդամ: – YouTube

[4]Սերժ Սարգսյան․ «Արևելյան գործընկերությունն ուղղված չէ որևէ պետության դեմ» (azatutyun.am)

[5]ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են համատեղ հայտարարություններ – Մամուլի հաղորդագրություններ – Լրատվություն – Հայաստանի Հանրապետության Նախագահ (president.am)

[6]Հայաստանին ստիպում են միջանցք տրամադրել Ադրբեջանին, անդամակցել միութենական պետությանը. ԱԽ քարտուղար (azatutyun.am)

[7]President Erdogan says Türkiye wants to realize Zengezur corridor ‘as soon as possible’ (aa.com.tr)

[8]Azerbaijan, Russia, Zangezur corridor, JAMnews (jam-news.net)

[9]Conspiracy of Creating “NATO Turani Corridor” with Geopolitical Consequences against Iran, Russia and China – Strategic Council on Foreign Relations (scfr.ir)

[10]ՀՀ-ն հավատարիմ է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններին. Փաշինյաննընդունել է ՌԴ փոխվարչապետՕվերչուկին | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկականլրատվականգործակալություն (armenpress.am)

[11]ՆիկոլՓաշինյան. Հայաստանըպատրաստ է աշխատելռուսականառաջարկիշուրջ (azatutyun.am)

[12]There is no talk of any “extraterritorial corridor” in negotiations of trilateral working group and cannot be – Overchuk | ARMENPRESS Armenian News Agency

[13]Armenia’s Economic Dependence on Russia: How Deep Does It Go? – EVN Report

f