Մեր Հայկը․ «Դու դառնում ես քո կողքի մարդկանց պես,զգում ես այն, ինչ զգում են նրանք են նրանք և նկարելու ցանկությունդ հավասարվում է 0-ի»

  • 16:22 19.12.2023

«Ուրիշի ողբերգությունը և ցավը նկարելը շատ հեշտ է։ Դու գիտես, որ կանես աշխատանքդ, կգնաս տուն և կզբաղվես քո «խնդիրներով»։ Բայց երբ որ քո առջև դրված է առաջադրանք` նկարել քո ու տասնյակ հազարավոր հայերի ելքը հայրենի Արցախից, որտեղ ծնվել, ապրել և մեծացել ես, որի հետ կապել ես քո ամբողջ կյանքը, նպատակներն ու երազանքները, որի համար կյանքդ էիր պատրաստ տալ` տեսախցիկը ձեռքդ վերցնելը դառնում է ինքնասպանություն։ Դու դառնում ես բոլոր քո կողքի մարդկանց պես, զգում ես այն, ինչ զգում են նրանք, և նկարելու ցանկությունդ հավասարվում է 0-ի»,- ասում է ֆոտոլրագրող Հայկ Հարությունյանը։

Հայկը իր կյանքի ուղիղ 1/3-ը զբաղվում է լուսանկարչությամբ, իսկ վերջին 3 տարիներին անցել է պրոֆեսիոնալ աշխատանքի։

Հայկի մասնագիտական կողմնորոշման բեկումնային պահը 2020 թվականի պատերազմն էր, երբ հասկացել է, որ պետք է աշխարհին ցույց տալ այն, ինչ աշխարհը չի տեսնում, կամ տեսնել չի ցանկանում։ Լուսանկարչության տասնյակ ուղղություններից ընտրեց փաստավավերագրականը և սկսեց պատմել Արցախի մասին։ 2021 թվականի “35awards” միջազգային լուսանկարչության մրցույթին Հայկի լուսանկարը հայտնվել է աշխարհի 50 լավագույն ռեպորտաժ լուսանկարների ցանկում, որտեղ նա միակ հայն էր, այն էլ Արցախից։

Հարցին, թե արդյո՞ք վերջին դեպքերի ժամանակ արված նկարները նույնպես կուղարկի մրցույթների, պատասխանեց, որ իմաստ չի տեսնում։ Արցախի կորստի հետ Հայկը կորցրեց նաև իր գլխավոր նպատակը` նպաստել Արցախի խնդրի լուծմանը։

«Այնքան միամիտ էի, որ ինձ թվում էր, որ մենակով կարող եմ փոխել աշխարհը, որ մենակով կարող եմ լուծել իմ երկրի խնդիրները»,- ասում է Հայկը։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին, պատերազմի սկսելու հետ միասին, Հայկը վերցրեց տեսախցիկը և վազեց դուրս։ Պարտքը կատարելու ժամանակն էր։ 4 օր անընդմեջ վավերագրել է այն ամենը, ինչ կատարվում էր Արցախում՝ սկսած ռմբակոծություններից, վերջացրած մարդկանց կենցաղով։ Նրա նկարների մի մասը Step1.am-ում է։

Առաջին իսկ ժամերից նամակներ ստանալով բազում միջազգային լրատվականներից, ամբողջ աշխարհին մատակարարել է Արցախից լուսանկարներ։ Տեսախցիկը ցած դրեց միայն այն ժամանակ, երբ որ իմացավ, որ Արցախը հանձնվեց։

«Հոգեպես մահացա այդ պահին։ Հասկացա, որ իմ ամբողջ կյանքը անիմաստ էր։ Իմ ամբողջ կատարած աշխատանքը անիմաստ էր։ Ամեն ինչ ջուրն ընկավ։ Ցանկություն չունեի ոչ մի բան անելու։ Մի ճար լիներ, կգնայի մեռնեի։ Մենակ Ստեփանակերտից դուրս գալու պահին 4 հատ նկար արեցի, այն էլ ցույց տալու համար, թե ոնց էին մարդիկ լքում Արցախը։ Երբ հիմա հիշում եմ, թե ինչ եմ տեսել, ինչի միջով եմ անցել, հասկանում եմ, որ կարող էի այնպիսի նկարներ անել, որ բոլոր մրցույթներում առաջատար տեղեր կգրավեին, բայց ոչ մի բան չարեցի։ Իմաստ չկար։ Ինչի՞ համար անեի, ու՞մ համաը անեի։ Չկա Արցախ` չկամ նաև ես»,- ասում է Հայկը։

f