Հայաստանում հանքարդյունաբերության ծավալների նվազումը պայմանավորված է նաեւ Արցախի «Բեյզ Մեթլս»-ի գործունեության դադարեցմամբ

  • 22:27 19.12.2023

Step1.am-ը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանից հետաքրքրվեց՝ Արցախի օկուպացիայից հետո Հայաստանի կառավարությունն Արցախի հանքերի վերաբերյալ իրականացրե՞լ է հաշվարկներ, թե ի՞նչ վնասների մասին է խոսքը, եւ Հայաստանի տնտեսության վրա ի՞նչ հետեւանք է ունեցել դա։

«Եթե Լեռնային Ղարաբաղում ինչ-որ պրոցեսներ են տեղի ունեցել, եթե խոսում ենք հանքարդյունաբերության ոլորտի մասին, ապա դա Հայաստանի Հանրապետության հետ ոչ մի առնչություն չի ունեցել։ Տվյալներով չեն կիսվել եւ այդ տվյալները ոչ մի ձեւ Հայաստանի Հանրապետությանը չեն փոխանցվել։ Այդ մասին նախնական գնահատական էլ չենք ունեցել, Հայաստանի Հանրապետությունը ոչ մի ժամանակներում նման տեսակի ռեսուրսի գնահատում չի իրականացրել եւ իր մոտ չի էլ պահպանել»,- ասաց ՏԿԵ փոխնախարարը։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Step1.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ Արցախի տնտեսության հիմնական ճյուղերից մեկը հանքարդյունաբերությունն էր։ Եվ այս ոլորտը մինչեւ 2020 թվականն ապահովում էր Արցախի պետական բյուջեի 1/3-ը։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո այս ոլորտն Արցախի բյուջեի արդեն 2/3-ն էր ապահովում։

«Խոսքը վերաբերում է «Բեյզ Մեթլս» ընկերությանը։ Այս ընկերությունը պղինձ էր արդյունահանում եւ արտահանում։ Այդ պղնձի մի զգալի մասը, անշուշտ, Հայաստանի անվան տակ էր արտահանվում։ Այսինքն՝ եթե այսօր Հայաստանում արձանագրվել է հանքարդյունաբերության ծավալների նվազում, նաեւ պղնձի խտանյութի ծավալների որոշակի նվազում, դա նաեւ պայմանավորված է Արցախի Բեյզ Մեթլս»-ի գործունեության դադարեցմամբ։ Այդ ընկերությունը մեր տնտեսության համար ապահովում էր արտարժույթ, այսինքն՝ վաճառելով պղինձ՝ կարողանում էինք բերել բավական լուրջ գումար։ Բացի դրանից, նաեւ սոցիալական խնդիրներ էր լուծում՝ 1600-ից ավելի աշխատողներ ուներ Արցախում։ Հիմա այդ աշխատողների զգալի մասը Հայաստանով ցրված են։ Հուսով եմ՝ Հայաստանի արդյունաբերական ընկերությունները նրանց կգտնեն ու համապատասխան աշխատանքով կապահովեն, քանի որ նրանցից շատերը բավականին լավ մասնագետներ են։ Այստեղ որոշակի աշխատանք պետք է իրականացնի եւ կառավարությունը, եւ մասնավոր հատվածը»,- ասաց Սուրեն Պարսյանը։

Տնտեսագետի խոսքով՝ հանքարդյունաբերության ոլորտը նախորդ տարվա համեմատ այս տարի գրանցել է անկում։ Այդ անկումը հիմնականում պայմանավորված է անվտանգային գործոններով։ Արցախի հանքավայրերի խնդրից զատ, այս տարի Գեղարքունիքի Սոթքի հանքավայրի գործունեությունն էր դադարեցվել ադրբեջանական հարձակումների հետեւանքով։ Ըստ Պարսյանի՝ Սյունիքի մարզի հանքավայրերը նույնպես անվտանգային խնդիրների հետ են առնչվում։

f