Խմբագիր-բլոգեր Արամ Գևորգյանը հանձն է առել օգնել տեղահանված արցախցի երեխաներին դրամահավաք կազմակերպելու միջոցով։ Գոյատևման մասին իր պատմություններում Արամ Գևորգյանը նրբանկատորեն անդրադառնում է միգրացիոն խնդիրներին։
«Նախաձեռնության միտքն առաջացավ 44-օրյա պատերազմից հետո, երբ շատ տղաների հերոսաբար զոհվելուց հետո նկատեցինք իրենց ընտանիքների հանդեպ անտարբերությունը։ Փորձեցի իմ ընկերների և ֆեյսբուքյան հետևորդների շնորհիվ սկսել մի նախաձեռնություն, որի միջոցով սրտացավ մարդիկ, ովքեր գիտեն հայրենիքի արժեքը և կցանկանան գումար ներդնել երեխաներին ուրախացնելու համար, կմիանան մեզ և իրենց ներդրումը կունենան այդ գործում։ Ես դա ներկայացնում էի որպես հայ ժողովրդի լավ հատվածի կողմից շնորհակալություն և ներողություն այդ երեխաներից իրենց մանկությունը խեղելու համար․․․Պետք էր գոնե ամանորյա փոքրիկ նվերի միջոցով կոմպենսացնել բացը»,- պատմում է նա։
2021-2022թթ․ դրամահավաքների օգտատերերը մինչև 12 տարեկան երեխաներն էին։ 2021թ կարողացան ժպիտ պարգևել 350 երեխաների։ Նվերներն Արցախ տեղափոխելու և բաժանելու հարցում օգնեցին Արցախի ներկայացուցչությունից։ Հետագա տարիներին ավելի քիչ միջոցներ հավաքվեցին և ավելի քիչ երեխաներ ներգրավեցին։ Սուղ միջոցները ստիպեցին հասկանալ, որ , ցավոք սրտի, դեռ հնարավորություն չկա բավարարելու բոլոր երեխաների պահանջները։
Այս տարի որպես նախաձեռնության շահառուներ ընտրվել են սեպտեմբերյան իրադարձությունների պատճառով մարտերում զոհված կամ այրված զինվորականների մինչև 10 տարեկան երեխաները։ Նախաձեռնությանը միացել են նաև հայ աստղերից ոմանք։ Նամակների ընդունումն արդեն դադարեցված է, իսկ դրամահավաքն ավարտվել է դեկտեմբերի 20-ին։ 123 երեխաների համար պատրաստված նվերների մի մասն արդեն առաքվել է մարզեր։ Նվերներն ընտրվում են ըստ երեխաների ցանկության՝ հեծանիվներ, ինքնագլորներ, սկուտերներ, տիկնիկներ, ինտելեկտուալ խաղեր և այլն․․․
Այս տարի, ինչպես նախորդ տարիներին, մարդիկ աճուրդներ են կազմակերպում այդ գործի համար։ Աճուրդի են հանվում ձեռագործ աշխատանքներ, օծանելիքներ, խմիչքներ և այլ ապրանքներ։ Փորձում ենք այդ միջոցները ներգրավել այս նախաձեռնության համար։ Դեռ մարդիկ կան, ովքեր ի սրտե մասնակցում են։ Այդ երեխաներին անտարբերության մատնելը ճիշտ չէ։ Ինքը ներկայանում է որպես Ձմեռ պապիկի օգնական։ Ամեն ընտանիք մտնելիս պարտադիր նշում է, որ սա ո՛չ խղճահարություն է, ո՛չ էլ՝ օգնություն, այլ՝ շնորհակալություն հայ ժողովրդի լավ հատվածի կողմից։ 44-օրյա պատերազմից հետո համախմբված օգնության շնորհիվ կարողացել են Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Դավիթ Առուշանյանի և Ավետիսյան Նարեկի ընտանիքների համար բնակարաններ գնել։
Հայրենազրկումից, ընտանիքի անդամներին կորցնելուց հետո այդ երեխաները կարիք ունեն հատուկ ուշադրության և դրական էմոցիաների։ Լրատվամիջոցների լուսաբանման շնորհիվ խմբագիրը կարողացավ գրավել բազմաթիվ մարդկանց ուշադրությունն ու աջակցությունը։
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: