ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը The Guardian-ին տված հարցազրույցում նշել է, որ Ուկրաինայում վտանգված է Եվրամիության գոյությունը։ «Ռուսաստանը երբեք ի վիճակի չի եղել ազգ դառնալու. միշտ կայսրություն է եղել ցարով, սովետներով, հիմա էլ՝ Պուտինով։ Սա Ռուսաստանի մշտականությունն է, նրա քաղաքական ինքնությունը և, որպես հետևանք, սպառնալիք իր հարևանների և հատկապես մեզ համար», – ասել է Բորելը:
Գազայի հատվածում պատերազմի վերաբերյալ նա նշել է, որ ՀԱՄԱՍ-ը «ոչ միայն ռազմական ուժ է, այլ գաղափար»։ «Գաղափարը որպես այդպիսին կարելի է հաղթել միայն ավելի լավ գաղափարներով, ոչ միայն ռումբերով»:
Եվրոպայի արտգործնախարարը, փաստորեն, ընդունում է, որ Եվրոպայի ճակատագիրը կախված է նրանից, թե արդյոք այսպես կոչված ժողովրդավարական աշխարհը կճանաչի հակամարտությունների ուժային լուծման օրինականությունը։ Ուկրաինայում և Պաղեստինում հենց այս հարցն է լուծվում։ Բայց Ուկրաինան և Պաղեստինը հնարավոր դարձան, քանի որ «ժողովրդավարական աշխարհը» լռելյայն ճանաչեց 2020-2023 թվականներին Արցախում Հայաստանի դեմ ռուս-թուրքական ահաբեկչական պատերազմի արդյունքները։
Արցախյան պատերազմից հետո միջազգային փաստաթղթերից ինչ-որ տեղ անհետացան հղումները երեք հիմնարար միջազգային սկզբունքներից երկուսին` ինքնորոշման իրավունքին և հակամարտությունների ուժային լուծման անթույլատրելիությանը:
2023 թվականի հոկտեմբերի 21-ին ԱՄՆ-ԵՄ համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ ստորագրողները «շարունակում են հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա»: Ոչ մի հիշատակում ուժի չկիրառման «սրբազան» սկզբունքի մասին, որի վրա, ըստ էության, կառուցված է «ժողովրդավարական աշխարհը»։ Հիշատակում չկա, քանի որ այս դեպքում հարկ կլիներ Իսրայելին զրկել «ինքնապաշտպանության իրավունքից» և «նեղացնել» նավթաբեր Ալիևին։
Politico-ն գրում է, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ով Ալիևին անվանել է Եվրոպայի ամենահուսալի և վստահելի գործընկերներից մեկը, այդպես էլ չի մեկնաբանել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները։ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը «լավատեսական շտապ հեռախոսազանգ է արել Ալիևին և խնդրել, որ ղարաբաղցի հայերի հետ լավ վերաբերվեն, բայց Եվրոպան, ըստ երևույթին, չունի որևէ լծակ կամ ցանկություն Ալիևին պատժամիջոցներով պատժելու»,–գրում է թերթը։
Սա ԵՄ գործադիր մարմինների դիրքորոշումն է՝ չնայած այն հանգամանքին, որ 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել և կոչ արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության անդամների նկատմամբ, ովքեր պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի, միջազգային և մարդու իրավունքների խախտման համար։
Այնպես որ, Բորելը անազնիվ է. փաստորեն, Եվրոպայի ճակատագիրը որոշվում է ոչ թե Ուկրաինայում կամ Պաղեստինում, այլ Արցախում։ «Ժողովրդավարական» կեղծավորությունը և սեփական հիմնարար սկզբունքների մերժումը Արցախում դոմինոյի էֆեկտի պես կհասնեն Եվրոպա։ Բորելի տագնապալի տոնը հուշում է, որ նա ամեն ինչ շատ լավ գիտի։
Նաիրա Հայրումյան