3-րդ ամիսն է, ինչ արցախցիները չեն ստանում իրենց հասանելիքը։ Մարդիկ  հայտնվում են դրսում

  • 12:27 25.12.2023

«Հայաստան» խմբակցության անդամներ Թադևոս Ավետիսյանի և Գառնիկ Դանիելյանի հետ քննարկվել են արցախցիների սոցիալական խնդիրները քաղաքական մակարդակում։

Step1.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նշել է, որ բազմաթիվ հանդիպումների ընթացքում արցախահայերը խնդիրներ են բարձրացրել թե՛ բնակարանային վարձերի հետ կապված, թե՛ աշխատատեղերի, թե՛ ինտեգրվելու հետ կապված, թե՛ փաստաթղթային հարցերի հետ կապված:

«Մարզերից Երևան գալու դեպքում առաջանում են տրանսպորտային խնդիրներ, հերթերի հետ կապված խնդիրներ և այս ամբողջը լուծում չի ստանում։ Շատ մարդիկ անձնական նամակներով և հանդիպումների ժամանակ խնդրում են, որ այդ հարցերին լուծում տրվի, քանի որ արդեն 3-րդ ամիսն է, ինչ փաստացի չեն ստանում իրենց հասանելիքը և դա առաջացնում է նաև կենսապահովման խնդիրներ։ Մարդիկ  հայտնվում են դրսում։ Ընտանիքներ գիտեմ, որ իրենց հասանելիքը չեն ստացել և այսօր, այս պայմաններում չունեն տուն, կացարան, համապատասխան պարագաներ և սա խոսում է համակարգային խնդիրների մասին, որոնք չլուծելու դեպքում կկանգնենք լուրջ աղետի առջև։ Խնդիրներից կուզեմ առաձնացնել արտագաղթի մտահոգիչ տեմպերը։ Մեր խնդիրն է ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք ապահովել առաջին անհրաժեշտության, կեցության պայմանները, որ հոսքը չշատանա»,-ասել է նա:

Թադևոս Ավետիսյանը բազմաթիվ առիթներ է ունեցել այս վերջին 2 ամսվա ընթացքում հիմնավորելու, որ աջակցությունը, այդ թվում՝ ֆինանսական, Արցախից բռնի տեղահանված և ցեղասպանությունից մազապուրծ պրծած հայրենակիցների այս իշխանությունների օրոք ոչ միայն համարժեք չի իրենց սոցիալական և հանրային կյանքի մյուս խնդիրներին, այլ նաև այդ ընթացակարգերն այնքան բարդ են, որ բազմաթիվ հայրենակիցներ ունենալով օգնության առաջնային անհրաժեշտությունը, շարունակում են չստանալ և հասու չլինել այդ օգնությանը:

«Պետական կառավարման մարմինները լավ գիտեն, որ այս աջակցությունը ժամ առաջ մարդկանց անհրաժեշտ է և շատ էլ լավ գիտեն, թե ինչ խնդիրներ են հարուցում խառնաշփոթ կարգավորման պարագայում: Ամեն անգամ իշխանություններն ինչ-որ թիվ են իջեցնում, բայց փաստն այն է, որ ոչ բոլոր քաղաքացիներն են ստացել և փաստն այն է, որ մեր դիտարկումներով ամենախոցելի ընտանիքները չստացողների ցանկում են: Պետք է հաշվի առնենք, որ արցախցին ունի բարձր արժանապատվություն և աջակցությունը պետք է այնքան սահուն լինի, բարոյական նորմերով համեմված, որ մարդկանց համար ողորմության տպավորություն չթողնի: Եթե մենք իրապես  չենք ուզում, որ մեր հայրենակիցներն արտագաղթեն  և 2-րդ անգամ թողնեն իրենց հայրենիքը, ապա պիտի ողջ ծավալով և’ իրավական, և’ բարոյական, և’ սոցիալական համարժեք աջակցություն ցուցաբերվի»,- նշել է նա:

Տաթև Ազիզյան

f