17-ամյա Վիկտորիա Միքայելյանի պատմությունը անսովոր տոկունության և փոփոխությունների դժվարին պայմաններում կրթության փափագի, հաջողության հասնելու ցանկության մասին է։ Ի՞նչ անել, ո՞ր կետից շարունակել կյանքը, երբ քո ծննդավայրից միայն հիշողություններ են մնացել։
Ինչպես ինքն է վկայում՝ շրջափակման առաջին օրերին խուճապ չկար ու ամեն երկուշաբթի սպասում էին հրաշքի՝ ճանապարհը կբացվի։ Եղանակի ցրտելու հետ դժվար էր օրը պլանավորել հովհարային գրաֆիկով, դաս սովորել մոմի լուսի տակ, ոտքով կիլոմետրեր հատել պարապմունքի հասնելու համար։
«Այդ ժամանակ սկսվեցին իմ կյանքի ամենածանր օրերը։ Զգում էի, որ լրիվ պարփակված եմ։ Գործնական աշխատանքներ էի ստանում Երևանից և դրանք ստիպված էի մերժել, որովհետև շարժական համացանցը երբեմն չէր աշխատում։ Երազկոտ մարդու համար դժվար էր ապրել այդ պայմաններում և հերթով սպանել երազանքներդ»,-պատմում է նա։
Սեպտեմբերի 19-ին, չնայած բարձր ջերմությանը, դպրոցում էր։ Մեկ ժամ առաջ լուրեր էին պտտվում, որ սահմանին իրավիճակը ծանր է։ Մի քանի րոպե անց դպրոցը դղրդում էր պայթյուններից։ «Ժամացույցին նայեցի, 13։13 էր ու ասում են, որ նույն թվերի դեպքում պետք է երազանք պահել․․․Ողջ մնանք»,- ծանր զգացողությամբ վերհիշում է նա։
Նկուղում անցկացրած 24 ժամը հավերժություն էր թվում։ Փոքրիկ ծխնելույզը լույսի մի շող էր ներս թողնում։ Անօդաչուների աղմուկը սպանում էր ողջ մնալու վերջին հույսերը։
Ծննդավայրին հրաժեշտ են տվել սեպտեմբերի 25-ին՝ պայթյունից առաջ։ Առաջինը հրաժեշտ է տվել դպրոցին, որն այդպես էլ չհասցրեց ավարտել․․․44-օրյա պատերազմում զոհված ուսուցիչ պարոն Դոլուխանյանի անունը կրող դասարանը ամբողջ դպրոցն էր փայփայում։ Այդ օրը Շոշ գյուղից մազապուրծ փախած մարդիկ էին նախաճաշում այնտեղ։
Հաջորդ կանգառը տատիկի տունն էր ու այն պատշգամբը, որտեղ սուրճ էին խմում։ Տատիկի աճեցրած մրգերը վերջին անգամ քաղեցին․․․
Արցախից հող չի բերել, իր պատկերացումներում Արցախը հուշանվերի չի կարողանում վերածել․․․․
Բերել է շտեմարանները, որոնցով պատրաստվում էր քննություններ հանձնել, և իր ստեղծագործությունները։ «Դեպի երազանք», այս վերնագիրն է տվել 44-օրյա պատերազմից հետո գրված իր գրքին։ Չնայած նրան, որ պատերազմում եղբայր է կորցրել ու բազմաթիվ դժվարություններ հաղթահարել, գիրքը լավ ավարտ ունի։ Հիմա մտորում է երկրորդ մասը գրելու և տպագրելու մասին․․․
«Ստեփանակերտի իմ ամենասիրելի վայրը նոր այգին էր։ Այնտեղ զոհված տղաների նկարներն էին կախված, այնտեղ իմ հոգին թեթևանում էր։ Եթե ամեն օր չհասցնեի, երկու օրը մեկ գնում էի եղբորս ամեն ինչ պատմելու։ Փորձում եմ լավը հիշել, մոռացության տալ վերջին ամիսներին կրածը, հյուծվածությունը։
Այս պահին փորձում եմ մութ օրերը մի կողմ թողնել, նոր կյանք սկսել, աշխատել, արարել։ Նոր բարձունքներ կան գրավելու․․․Ուզում եմ, որ մեր բարբառը չկորչի, ամեն մի րոպեն արժևորված ապրել ու զգալ այն ամենը, ինչ չենք կարողացել զգալ ինչ-որ ժամանակ․․․»,- ասում է նա։
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: