Ռուսաստանն ընդդեմ Հայաստանի. իսկ Աղդամի ռուս-թուրքական կենտրո՞նը

  • 17:01 29.12.2023

Ռուսաստանը դեկտեմբերի 26-ի «ԱՊՀ գագաթնաժողովից» հետո բացահայտ հայտարարում է, որ այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում վերջին մի քանի տարիների ընթացքում, Մոսկվայի պլանն է։ Պատահական չէ, որ Բաքուն հայտարարեց «ռուս խաղաղապահների» մինչև 2025 թվականը Արցախում ներկայության մասին, որտեղից նոր տեղահանվեց բնիկ հայ բնակչությունը, իսկ տարածքը օկուպացվեց։

Ռուսաստանը բաց չի թողել բանակցությունները որպես միջնորդ մոդերացնելու նախաձեռնությունը։ Արևմուտքը վերջին տարիներին չի ընդգրկվել բանակցային գործընթացում. Երևանն ու Բաքուն քայլերը համակարգում են  բացառապես Մոսկվայի հետ, հակառակ դեպքում «արևմտյան հարթակներում» առաջին հերթին անվավեր կհայտարարեին եռակողմ հայտարարությունը։ Այնպես որ, եռակողմ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ֆորմատը գործում է անխափան։ Իսկ Արեւմուտքը օգնում է այս ձեւաչափին։ Ի վերջո, հենց Բրյուսելում Փաշինյանը հայտարարեց «Արցախը Ադրբեջանի կազմում» ճանաչելու մասին, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին։ Կարծես թե՝ որտեղ է Բրյուսելը, որտեղ՝ Ալմա Աթան։ Բայց, փաստորեն, պարզվեց, որ արևմտյան ուղու վրա ավելի խորացավ Մոսկվայի հովանու ներքո եռակողմ ձևաչափը։

Հիմա, երբ ամբողջ «կեղտոտ գործը» արվել է Արևմուտքի և Հայաստանի ղեկավարության կողմից, Մոսկվան կրկին հայտարարում է, որ ինքն է որոշողը, իսկ Փաշինյանը՝ լենինյան գլխարկը հագած, գլխով է անում։

«Փաստն այն է, որ կա եռակողմ հայտարարություն. այն ստորագրված է ղեկավարության մակարդակով։ Ռուս զինվորականների մնալը Ղարաբաղում նախատեսվում է մինչև 2025 թվականի նոյեմբերը»,- Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Թվում է, թե ինչ մնացել եռակողմ հայտարարությունից, բայց չէ որ այն ընդունվել է, որպեսզի ռուսական զորքերը հայտնվեն Ղարաբաղում, ուստի այդ կետը խստորեն պահպանվելու է։ Որովհետև Ռուսաստանն այլ բան չի կարող առաջարկել՝ միայն ուղղակի օկուպացիա և ռազմական ներկայություն։

Ռուսաստանի հովանու ներքո խաղաղության պայմանագիր կնքելը բլեֆ է, ասում է Անդրիաս Ղուկասյանը։ «Եթե դա հնարավոր լիներ, ապա վաղուց խաղաղ պայմանագիր կնքված կլիներ։ Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել, եթե լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների կոնսենսուսը։ Ռուսաստանի հովանու ներքո համաձայնություն լինել չի կարող, և տարիներ շարունակ մենք տեսնում ենք Կրեմլի անզորությունը՝ ինչ-որ բան անելու՝ շրջանցելով ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- «Кавказский узел»-ին պարզաբանել է քաղաքագետը։

Ասելով, որ Ռուսաստանը չի պաշտպանել Հայաստանին, ենթադրում եք, որ Մոսկվան պետք է ուղղակի հակահարձակմա՞ն անցներ։ Այս մասին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` անդրադառնալով այն նկատառմանը, որ Ռուսաստանի Դաշնությունը չի կատարել Հայաստանի Հանրապետության հանդեպ իր պարտավորությունները, երբ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի տարածքի վրա։

«Ռուսաստանի Դաշնության համար կարևոր է, որ իրավիճակը մնա վերահսկողության տակ և չխախտվեն խաղաղ կարգավորման հիմքերը», – ասել է դեսպանը՝ հաստատելով, որ Ռուսաստանի համար չկա «ինքնիշխան սահմաններ, դաշնակցային պարտավորություններ» հասկացություն, միայն «խաղաղությունը ռուսական ձեւով»։

Ինչ վերաբերում է այն նկատառմանը, որ մի կողմից ՌԴ ԱԳ նախարարը Հայաստանին մեղադրում է ՆԱՏՕ-ի և Արևմուտքի հետ սերտ հարաբերությունների մեջ, իսկ մյուս կողմից՝ 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ համատեղ մոնիտորինգային կենտրոն է ստեղծել Արցախում, այդպիսով, ըստ էության, տարածաշրջան բերելով ՆԱՏՕ-ի անդամին, դեսպանն ասաց. «Մենք գիտենք, թե ինչ հարաբերություններ ունեն Թուրքիան և Ադրբեջանը, և Թուրքիայի ներկայությունը համատեղ մոնիտորինգի կենտրոնում, հավանաբար, հենց այդ իրականության արտացոլումն է»:

«Երբ մենք խոսում ենք ՆԱՏՕ-ի մասին, մենք դրան ոչ մի կերպ չենք կարող հակազդել, առճակատում չենք պարտադրում և քաղաքականությունը դիտարկում ենք կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ»,- նշել է դեսպանը։ Այսինքն՝ պետք է հասկանալ, որ Թուրքիան դեմ չէ Ռուսաստանին, բայց Հայաստանը դեմ է դրան։ Սա է “ռուսական խաղաղությունը”։ Աղդամ ֆորևա։