Lragir
Հայաստանի ղեկավարության` Ղարաբաղն ազերբայդժանի մաս ճանաչելու որոշումից հետո Մոսկվան Բաքվի հետ է քննարկում Ղարաբաղում խաղաղապահների ներկայության հետ կապված բոլոր հարցերը․ «Այժմ մենք Ղարաբաղում խաղաղապահների ներկայության հետ կապված բոլոր հարցերը դիտարկում ենք բացառապես ադրբեջանական կողմի հետ, դա տեղի է ունենում փոխադարձ հարգալից և կառուցողական մթնոլորտում» ՌԻԱ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նա ասել է, որ «ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության»։
«Ոչ ոք չի չեղարկել այս փաստաթուղթը, այն նախատեսում է, որ մեր խաղաղապահները տարածաշրջանում կլինեն 5 տարի, այսինքն՝ մինչև 2025 թվականի նոյեմբերը՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ», ասել է Գալուզինը։
Լավ է, որ Արցախում ռուս «խաղաղապահների» թեման պարբերաբար բարձրացնում է հենց պաշտոնական Մոսկվան, չնայած Բաքուն սեպտեմբերի 19-ից ի վեր դադարել է ակնարկներն անգամ ռուսական զորակազմի դուրսբերման մասին։ Ինչո՞ւ, չէ՞ որ եթե Երեւանը Արցախը ճանաչել է ազերբայդժանի մաս, ապա ռուսական զորքը ազերբայդժանի տարածքում է, ըստ այդմ՝ օկուպացիոն զորք է, եւ Բաքուն ավելի շատ փաստարկներ ունի այդ զորակազմի դուրսբերումը պնդելու համար։
Իսկ եթե 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ոչ ոք չի չեղարկել, ինչով էլ Մոսկվան փորձում է հիմնավորել իր զորքի ներկայությունը, ուրեմն պետք է պաշտոնապես ընդունի, որ Արցախն օկուպացված է՝ խախտելով եռակողմ հայտարարությունը, եւ այդ խախտումը պետք է վերացվի։ Նման հայտարարություն Մոսկվան չի արել ու չի անում, արդարանալով նրանով, թե Երեւանը ճանաչել է Արցախը որպես ազերբայդժանի տարածք։
Սրա համար ենք ասում, որ լավ է, որ ռուսներն իրենք են պարբերաբար խոսում «խաղաղապահների» թեմայով։ Մոսկվան այսպիսով հաստատում է իր զորակազմի առաքելության խնդիրները եւ նպատակը․ Արցախի օկուպացիա եւ բնիկ մեծամասնության վտարում, Արցախի ՊԲ զինաթափում՝ այդ զենքը վերանորոգման անվան տակ ՌԴ տեղափոխելով։
Ռուսական օկուպացիոն զորքը մնում է Արցախում՝ երաշխավորելով «Ղարաբաղը ազերբայդժանի տարածք է, Ղարաբաղի հարցը փակված է» Պուտին-Ալիեւ-Փաշինյան համաձայնությունը։ Ռուսական զորքը երաշխավորում է Ալիեւի հայտարարած՝ Արցախում 140 հազար ցապարներ բնակեցնելու գործընթացը։ Օկուպացիոն զորքը մնում է՝ «խաղաղարարության» արցախյան սխեման շարունակելու համար ՀՀ մնացած տարածքում։ Ահա այս պատճառով Բաքուն չի պահանջում ռուսական զորքի դուրսբերումը։
Մեկ այլ կարեւոր հանգամանք․ Պուտինը հոկտեմբերի 5-ին Վալդայ ակումբում բացահայտեց, որ Ալիեւն ու Փաշինյանը Պուտինին խնդրել էին պահել կոնտինգենտը Անդրկովկասում։ Հիշեցնենք, որ Բաքուն այդպես էլ չի ստորագրել ռուսական զորակազմի տեղակայման փաստաթուղթը, եւ կոնտինգենտը մտցվել էր հենց Փաշինյանի ստորագրությամբ, այսինքն՝ այդ հարցի լուծումը կախված էր նրանից։ Ռուսական օկուպացիոն զորախմբի ներկայությունը Նիկոլի՝ Արցախի հարցը վերջնականապես փակելու եւ ՀՀ տարածքը միջանցքներով օտարելու, ՀՀ սահմանադրական տարածքի զգալի մասը Բաքվին հանձնելու առաքելության երաշխավորն է։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: