2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի շատ գյուղեր հայտնվել էին առանց չափազանցության խիստ վտանգավոր գոտիներում, ասել է թե շատ մոտ թշնամու դիրքերին ու դիտարկվող։ Այդ գյուղերից մեկն էլ Սզնեքն էր։ Պատերազմից հետո գյուղի բնակիչները չնայած թերահավատությանը, լավ օրերի հույսով վերադարձան գյուղ ու փորձեցին կյանքը մտցնել բնականոն հուն։ Նոր պայմաններում կյանքին հարմարվելը շատ դժվար էր․․․
2023 թվականի սեպտեմբերի 19-ի լայնամասշտաբ հարձակման ժամանակ Սզնեքը, ինչպես և Արցախի շատ համայնքներ հենց սկզբից հայտնվեցին անելանելի դրության մեջ։ Ադրբեջանական զորքը շրջափակման մեջ վերցրեց գյուղը, կտրելով շրջանի մյուս բնակավայրերին ու մայրաքաղաքին կապող ճանապարհները։ Տեղացիների փրկվելու միակ միջոցը անտառներով ու ձորերով փախչելն էր։
Բնակիչների մի խումբ, այդ թվում նաև տարեցներ հայտնվեցին հարևան Խաչմաչ գյուղում, որտեղ նույնպես վիճակը օրհասական էր, ու ստիպված էին կրկին անտառներով այդտեղից էլ փախչել դեպի Կարմիր գյուղ։
Խմբի անդամները պատմում են, որ սզնեքցի 83 ամյա Ռոբերտ Մուսայելյանը (ճակատագիրն անհայտ) չկարողանալով առաջ գնալ, հորդորել է մյուսներին իրեն չսպասել ու փրկվել, մնալով Խաչմաչի ու Կարմիր գյուղի մինջանկյալ անտառում, իսկ խմբի տարեցներից Արտյուշա Միքայելյանի դին գտնվել է այդ տարածքում։
Սեպտեմբերի 20-ին մի քանի հոգի հասան Կարմիր գյուղ, բայց այստեղ նույնպես արդեն թուրքերն էին, որոշ ժամանակ թաքնվելուց հետո նորից ճամփա ընկան դեպի Սզնեք։ Ըստ ականատեսների, 86-ամյա Ալեքսանդր /Շուրա/ Մանասյանը նույնպես չէր կարողանում առաջ շարժվել ու մնացել է Կարմիր գյուղի հատվածում։ Մնացած երկու հոգին գերեվարվեցին ճամփին ու հետո վերադարձվեցին։
Հեռավոր, կամ ոչ այնքան, խորհրդային տարիներին Կարմիր գյուղ, Խաչմաչ և Սզնեք գյուղերից ստեղծվել էր մեկ կոլտնտեսություն, և այդ երեք գյուղերի բնակիչները դարձել էին մեկը մյուսին հարազատ։ Մի քիչ չափազանցություն կլինի ասել մեկ ընտանիք էին, բայց հեռու չէին դրանից։ Ու երբ ասում ենք Մանասյան Շուրա, վռազ հիշում ենք կապույտ նիվայով, մի քիչ բամբ ձայնով անչափ բարի մարդուն, ով սիրում էր գլուխ դնել բոլորի հետ։ Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ փոքր։
Մանասյան Շուրան /Ալեքսանդր/ ծնվել է 1937 թվականին, Ասկերանի շրջանի Սզնեք գյուղում։ Ողջ կյանքն ապրել ու արարել է հայրենի գյուղում։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ զոհվեց Շուրայի միակ որդին՝ Էդվարդ Մանասյանը։ Վիշտը միանգամից ծերացրեց նրան, օրերի սփոփանքը գտնում էր աղջկա երեխաների մեջ։ Մի քանի տարի առաջ կորցրել էր կնոջը։
Մինչ օրս Ալեքսանդր Մանասյանի ճակատագիրն անհայտ է։ Աղջիկը՝ Էլմիրա Մանասյանն ասում է,- սիրտս պայթում է, ճիշտ է, շատ երիտասարդներ ենք կորցրել, հայրս տարիքն առած մարդ էր, բայց այս անորոշությունը սպանում է։ Ամեն րոպե մտքիս մեջ է, ի՞նչ եղավ, սպանեցի՞ն, գերեվարեցի՞ն, խոշտանգեցի՞ն, թե՞ մահացավ ճամփին մարմինը թողելով չոլերին։
Այս և նման մարդկային ողբերգությունները պարզ ու հասկանալի են դարձնում, թե ինչ է կատարվել Արցախում սեպտեմբերին եւ ինչպես են արցախցիներն “ինքնակամ” լքել իրենց հայրենիքը, ինչպես պնդում են Ալիեւն ու մյուս ալիեւները։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: