Step1.am-ի զրուցակիցն է արցախցի վերլուծաբան Դավիթ Կարաբեկյանը։
-Պարո՛ն Կարաբեկյան, սպասվում էր, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը պետք է հրապարակային չեղարկեր իր հրամանագիրը, սակայն դա տեղի չունեցավ։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը։
-Ի սկզբանե մենք հավատարիմ չեղանք ո՛չ օրենքի տառին, ո՛չ էլ հայկական պետության գերագույն նպատակներին, որոնք թե՛ Արցախի Հանրապետության, թե՛ Հայաստանի Հանրապետության ստեղծման ժամանակ ֆիքսվել են։ Արդյունքում՝ երկընտրանքի առաջ ենք։ Ե՛վ Հայաստանի, ե՛ւ Արցախի իշխանությունները սպասում են հզոր երկրների թելադրանքին։ Հիմա կարծես թե այն իրավիճակն է, որ այդ գերտերությունների մի մասը հասկանում է Արցախի Հանրապետության՝ որպես բալանսավորող գործոնի անհրաժեշտությունը։ Բայց դեռ շատ գործոններ կան, որոնք ե՛ւ մեր օգտին են, ե՛ւ մեզ համար մարտահրավեր են։ Ինձ թվում է, որ Սամվել Շահրամանյանի այդ անորոշ դիրքորոշումը դրանով է պայմանավորված։ Մենք դեռեւս չունենք այնպիսի կուռ քաղաքական ու տնտեսական վերնախավ, Սփյուռքի հետ այն կապը, որ կարողանանք աշխարհին հստակ մեր պահանջները ներկայացնել։ Նոր էլիտայի խնդիր ունենք, եւ ինչ-որ տեղ ստիպված ենք այդ արտաքին պատվերն սպասարկել։
Փաստորեն Սամվել Շահրամանյանն ասաց, որ Արցախի իրավական դաշտում չկա փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել Արցախի պետական ինստիտուտները։ Եթե նման փաստաթուղթ չկա, ապա այն բոլոր որոշումները, որոնք վերաբերում են այդ պետական մարմինների գործունեության կասեցմանը, պետք է վերանայվեն։ Եթե որեւէ այլ փոփոխություն պետք է կատարվի, ապա արցախյան հասարակությունը՝ հանձինս Արցախի քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ու խորհրդարանի պետք է մի նոր ֆորմատ ստեղծի, որով կկարողանա ժողովրդի հավաքական կարծիքն ու շահն արտահայտել։ Այսինքն՝ չպետք է համակերպվել նրա հետ, ինչ կատարվել է 2020-2023 թվականներին։ Ես ցանկանում եմ, որ նոր տարում մենք կարողանանք ազնիվ խոսել մեր ժողովրդի հետ եւ մեր կամքը հստակ արտահայտել։
-Ի՞նչ ռեսուրսներ ունի հայ ժողովուրդը, շատ են փորձում հիմա մարդկանց ներարկել պարտվողական ու հանձնվողական թեզեր։
Իսրայելը հարմար աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական ֆոն ստեղծեց, որպեսզի կարողանար Գազայի պատերազմն սկսել։ 1920-ական թվականներին մեզ տարհանեցին, Կարսը դատարկվեց, որպեսզի իրենց հարցն առաջին պլան մղվեր։ Հիմա այս պայմաններում եւս հայ ազգը հզոր պոտենցիալ ունի, եւ եթե խանգարող հանգամանքները, ներքին պառակտությունը, անորոշությունը, քաղաքական գործիչների վախը չլինի, մենք էլ արժանի ենք եւ պետք է մեր օրակարգը թելադրենք։ Մենք պետք է մեր շահերը թելադրենք, եւ դա պետք է արվի մաքսիմալ հստակ։ Եթե Արցախի Հանրապետությունն ունի իշխանություն՝ վտարանդի է այն, թե ոչ, ինքը պետք է չեղարկի այդ որոշումը կամ էլ պաշտոնապես վերացնի դրա իրավական հետեւանքները։ Պարադոքսալ վիճակ է, կարծես թե դու չես ընդունում, որ կազմալուծել ես պետությունը, բայց պետական կառույցները չեն գործում, մարդկանց աշխատանքից հեռացնում ես, եւ կարծես թե այդ հրամանագիրը կատարվում է։
Ալեն Սիմոնյանն ասում է, որ Արցախի պետական մարմինների գործունեությունը վնաս է Հայաստանի պետականությանը։ Ուրեմն «Արեւմտյան Ադրբեջանի» կառավարություն ստեղծելը վտանգ չէ՞ Հայաստանի անվտանգությանը, եւ վտանգ է այն, որ հայկական պետությունն ու դրա ղեկավարները քո տարածքում են ապաստանում։ Արդեն Հայաստանին տարածքային պահանջ են ներկայացնում, դա քեզ համար վտանգ չէ՞, բայց վախենում ես, որ Արցախի խորհրդարանը նիստ կգումարի։ Այդ երկչոտ դիրքորոշումը բերում է նրան, որ սպառնալիքները սաստկանում են։ Երբ մենք սկսեցինք զիջել, կորցրինք մեր քաղաքական դեմքը, սկսեցինք հարմարվել, մեր կորուստները շարունակվեցին։ Իսկ 1989 թվականի դեկտեմբերին, երբ երկու հայկական պետությունները պահանջատեր հանդիսացան, երբ մենք հայ ազգի շահերի տեսանկյունից խոսեցինք, նվաճումներ ու հաղթանակներ ունեցանք։ Այդ տրամաբանությամբ պետք է առաջնորդվել։ Մենք պետք է ոչ թե 29 800 քառակուսի կիլոմետրից խոսենք, այլ պետք է բարձրացնենք այն տարածքների հարցը, որոնց վրա իրավունք ունենք՝ սկսած Կարսի մարզից վերջացրած Հյուսիսային Արցախի տարածքներով։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: