Թուրքիային ԱՄՆ-ից պետք է ոչ թե F-16, այլ Հայաստանը օկուպացնելու իրավունքը

  • 13:48 07.01.2024

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի և Թուրքիայի ղեկավարության հանդիպումներից հետո երկրի տրանսպորտի նախարարն ասել է, որ Զանգեզուրի միջանցքը կարող է բացվել 5 տարուց, և Փաշինյանը դրական ուղերձներ է հղում այս հարցում։ Նախարար Ուրալօղլուն, ում ազգանունը ցույց է տալիս, թե որտեղից են նրանք եկել հայերի և այլ բնիկ ժողովուրդների երկիր, նշել է, որ զուգահեռաբար կկառուցվի Իրանով ճանապարհ, սակայն այն չի փոխարինի «Զանգեզուրի միջանցքը Հայաստանի տարածքով»։

Օրերս Բաքվի պաշտոնյաներն ասել են, որ առաջարկում են «Կալինինգրադի» օրինակով միջանցք ստեղծել։ Հիշեցնենք, որ «մայրցամաքային Ռուսաստանից» դեպի Կալինինգրադի էքսկլավ տանող ճանապարհը, ըստ պայմանավորվածության, անցնում է ԵՄ երկրների տարածքով։ Գնացքները, որոնք ամուր կողպված են, կանգ չեն առնում ողջ երթուղու երկայնքով և ենթակա չեն ստուգման։

Պատահական չէր, որ Ուրաօղլուն դա ասել է Բլինքենի այցի ժամանակ։ Թեև ԱՄՆ-Թուրքիա «գործարքը» հիմնականում վերաբերում է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու և Թուրքիային ամերիկյան կործանիչներ մատակարարելու, ինչպես նաև Գազայի խնդրին, իրականում Անկարայի աջակցությունը ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագրերին (չնայած հակառակ հռետորաբանությանը) պայմանավորված է հայկական հարցերի շուրջ ԱՄՆ-ի հետ  համաձայնությամբ։

Հոկտեմբերի 7-ին Իսրայելի ագրեսիան Պաղեստինի դեմ հնարավոր դարձավ Արցախի հայերի ամբողջական տեղահանումից հետո, որը, ինչպես գրում էին լրատվամիջոցները, սեպտեմբերի 17-ին Կոստանդնուպոլսում համաձայնեցվել էր ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ԵՄ-ի կողմից։ Այժմ Էրդողանն հնչեցնում է նոր “գին”՝«Զանգեզուրի միջանցքը»՝ Մերձավոր Արևելքում իսրայելա-ամերիկյան էքսպանսիայի հանդեպ “լոյալության”դիմաց։

Մինչ այժմ Էրդողանը իր մերձավորների՝ Օրբանի, Պուտինի և մյուսների միջոցով թույլ չի տալիս, որ կոնսենսուս առաջանա Պաղեստինի շուրջ Իսրայելի և ԱՄՆ-ի դեմ։ Չնայած Պաղեստինի պաշտպանության շարժման մեջ Թուրքիային ներգրավելու Իրանի փորձերին, Էրդողանը իրական քայլերի չի դիմում՝ տորպեդահարելով Իրանի գործողությունները։ Ավելին, Իրանի նախագահի այցը Թուրքիա ընդհատվեց Իրանում տեղի ունեցած դաժան ահաբեկչությամբ՝ գեներալ Սոլեյմանիի գերեզմանի վրա։

Սոլեյմանին սպանվել է 2020 թվականի հունվարին, Իրանը, չնայած խոստումներին, «չպատժեց մեղավորներին»։ Իրանի նման պահվածքը թույլ տվեց Իսրայելին, Ռուսաստանին և Թուրքիային սկսել Արցախը, իսկ հետագայում՝ Հայաստանը վերացնելու գործողություն։ Թուրքիային ԱՄՆ-ից պետք է ոչ թե F-16, այլ Հայաստանը օկուպացնելու իրավունքը։ Դատելով Ուրալօղլուի հայտարարությունից՝ այս իրավունքը ձեռք է բերվել։