ՌԴ ՊՆ-ի դիվական խորամանկությունը

  • 16:13 07.01.2024

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանի» 18 դիտակետերում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի խախտումներ չեն արձանագրվել։ Պահպանվում է շարունակական փոխգործակցությունը Բաքվի հետ՝ խաղաղ բնակչության նկատմամբ անվտանգության ապահովման  և մարդասիրական իրավունքի պահպանման նպատակով»,- ասվում է ուղերձում։

ՌԴ ՊՆ-ն Արցախն անվանում է «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջան»՝ դրսևորելով դիվային խորամանկություն։

Հիշեցնենք, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ (Պուտինը խոստովանել է, որ դա ինքն է գրել) ասվում է, որ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայվում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով»։ Ոչ մի «Ադրբեջանի տնտեսական տարածաշրջանի» մասին խոսք չկա։

«Լաչինի միջանցքը (5 կմ լայնություն), որը կապ կապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև… շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի հսկողության տակ (կրկին՝ Ադրբեջան չկա)։

2023 թվականի սեպտեմբերի 28-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Կրեմլը «հաշվի է առնում» ԼՂՀ հիմնարկների լուծարումը։ Այսինքն՝ Մոսկվան ճանաչել է ԼՂՀ-ն, այլապես «հաշվի չէր առնի» նրա լուծարումը։

«Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Ի՞նչ պետք է անի Ռուսաստանը այս դեպքում»։ Այս մասին հայտարարել է Պուտինը։ «Ղարաբաղի կարգավիճակի մասին ինչ ուզում եք՝ կարող եք ասել։ Բայց Ղարաբաղի կարգավիճակը՝ առանցքային հարցն էր, ամեն ինչ սրա շուրջ էր պտտվում տասնամյակներ շարունակ՝ ինչպես, երբ, ով է որոշելու այդ կարգավիճակը։ Հայաստանը, ոչ թե Ղարաբաղը, այլ Հայաստանը վերահսկողության տակ է առել Ղարաբաղը և հարակից յոթ շրջանները… Իհարկե, մենք դեռևս պայմանավորվել ենք Ադրբեջանի հետ (2020 թվականին), որ Շուշիի գիծ և բուն Շուշի հասնելուց հետո ռազմական գործողությունները դադարեցվեն»,- ասել է Պուտինը։

Իսկ ի՞նչ եղավ «կարգավիճակի որոշմանը»: Ի վերջո, նույնիսկ ռազմական գործողությունն ու ցեղասպանությունը չեն որոշել այս կարգավիճակը։ Իսկ ինչո՞ւ է այն «Ադրբեջանի տնտեսական տարածաշրջան»։

Հայաստանը չառարկեց, որ «հսկողության տակ առավ Ղարաբաղը և հարակից յոթ շրջանները»՝ իրեն փաստացի ճանաչելով որպես Արցախի օկուպանտ։ Դա անուղղակիորեն խոստովանել է Հայաստանի վարչապետը՝ ասելով, որ 30 տարի Հայաստանն իր ռեսուրսների առյուծի բաժինն ուղղել է դեպի Ղարաբաղ։

«Երբ Հայաստանը ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է, պարզվեց, որ մեր խաղաղապահներն արդեն, անկասկած, գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Եվ, իհարկե, հիմա, հատկապես, հայ բնակչության արտագաղթի հետ կապված ծանր իրադարձություններից հետո, իրավիճակն արդեն ամբողջությամբ, արմատապես փոխվել է»,- ասել է Պուտինը։

Պոչը թափ տալն ու ողորմելի արդարացումները վկայում են այն մասին, որ Ռուսաստանը քաղաքական լուծումներ չունի․ կարգավիճակի հարցը չի լուծվել ոչ Փաշինյանի, ոչ Ալիեւի հայտարարություններով։