«Իսակովի 7, էդ վերնա? »,-հարցնում էր վարորդը:
«Կալցեվոյին խրավածանոցներին թուշավը մինչև վերջ քշանումս , «Ջերմուկ» մագազինին կողքավը նիմտնում»,- երազում ասացի ես:
Մի քիչ մտովի շրջենք և վերհիշենք մեր թաղամասը, որը, համոզված եմ շատ արցախցիներ կճանաչեն: Իսակովի 7-ը քաղաքի ամենահին`խրուշյովսկի շենքերից էր, որը արտահայտում էր Ստեփանակերտի ամբողջ կոլորիտը: Հայտնի խորովածանոցների շարքի մոտով անցնելիս հոտերից գլխապտույտ էիր ունենում: Իրար հետ մրցակցող, բայց այդքան մոտիկ կառուցված խորովածանոցները բոլորն ունեին տարիների ընթացքում ձեռքբերած հաճախորդներ: Այդ շարքում կուզեի առանձնացնել «Արմենի մոտ» խորովածանոցը, որն ուղղակի անմահական քյաբաբ էր պատրաստում: Հիմա չգիտեմ որտեղ է, հավանաբար Ռուսաստան է մեկնել` տղայի մոտ: Ստեփանակերտում կենդանի խեցգետին կարող էիր գնել միայն այդ շարքում: Պտտվող ու կարմրած գրիլ-հավերը սոված փորին չտեսնելու համար խորհուրդ էր տրվում փոխել մայթը:
Հակառակ մայթին հայտնի կոդակն էր, որի պաստառը գունաթափվել էր, բայց աշխատանքը շարունակում էր մնալ որակյալ: «ԴավԱնի» (քաղաքի մոդնիցաներին այնտեղ անպայման կպատահեիր) հագուստի խանութից հետո հերթով շարված էին «Լենսը»(կենցաղային իրերի խանութ), «Զեթ» մարկետը, «Պրայմը»(որը բաց էր նաև գիշերը),«Վիա» խանութները: Պետք է առանձնացնեմ Ռայմոնդի ստրոյմատերիալի խանութը, որտեղից կարող էիր գտնել անհրաժեշտ ամեն ինչ: Մինչև հիմա, երբ տանը մի բան է փչանում, կատակում ենք, որ կարելի է վազել Ռայմոնդից վերցնել: Պատերազմի օրերին խանութի նկուղը մեծ թվով մարդկանց համար ապաստարան դարձավ: Խանութի տերը` Ռայմոնդը, բերել էր վերջին լապտերները, մոմերը, սնունդը: Գաղտնիքով ասեմ նաև, որ սիրահարները, որպես իրար հանդիպելու վայր ընտրում էին հենց Ռայմոնդի խանութի մոտակայքը: Մոտիկ էր նաև թիվ 2 մանկապարտեզը, որտեղ հաճախում էին շենքի բնակիչների երեխաները:
«Ստոկվարծիրնի» շենքից ներքև տնկված գեղեցիկ ծառեր կան: Այնտեղ կտեսնես շների հետ զբոսնող մարդկանց, և հեծանիվ քշող երեխաների: Առավոտյան ծառերի վրա երգող թռչունները, մաքուր օդը ընդմիշտ կմնան իմ հիշողության մեջ: Հանկարծ չմոռանամ նշել բանջարեղենի խանութների մասին , որոնք այնքան շատ էին մեր փողոցում, որ ոչ մեկի խաթրին չկպնելու համար, բոլորից հերթով առևտուր էի անում: Իհարկե պետք է նշել, որ մրգի և բանջարեղենի գործում հաղթում էր մեծությամբ և տեսականիով նմանը չունեցող Ռաձիկի ավաշնոյը: Հավելեմ նաև, որ հենց այդտեղ էին ընթանում «թեժ մարտերը» շրջափակման օրերին:
Հասանք 10-րդ դպրոցին, որն այդպես էլ չհասցրին վերանորոգել: Այն այնքան մոտիկ էր շենքին, որ անգամ փոքր դասարանցիներն էին մենակ վերադառնում տուն:
Իսակովի 7 շենքի կողքին Արցախում հայտնի «պուլյեմյոտչիկ» Բորյայի փոքր մթերային խանութն էր: Չնայած իր չափերին` այնտեղ ամեն ինչ կգտնվեր: Թաղի երեխաները օրը մի 10 անգամ իրար նայելով գնում էին ծամոնի, պաղպաղակի, չիպսերի հետևից: Հասկանալով, որ ծնողներին ծախսի տակ են դնում, Բորյան երբեմն ծիծաղելով ասում էր.«Վսյո, սօր էլ կյաքվեչ»: 2020 թ. պատերազմից հետո խանութը չի վերաբացվել: 2023թ. բացվել է «Տաթև» մարկետը, որի սեփականատերեր Գևորգն ու Լիլիթը շատ մտերիմ էին շենքի բնակիչների հետ և շրջափակման ընթացքում փորձում էին գտնել դեֆիցիտ ապրանքները:
Շենքի տակ դեղատուն կար, որը շրջափակման ընթացքում կաթնախառնուրդով էր ապահովում կարիք ունեցողներին: Իսակովի 7-ի բնակչուհիների գեղեցկության պատասխանատուն Ինգայի գեղեցկության սրահն էր, որը գտնվում էր շենքի հենց առաջին մուտքի առաջին հարկում: Առավոտյան պատուհանից դուրս նայելով կզգայիր Սամվելի հացի փռի անուշահոտ բույրը: Ասում են, որ այնտեղ թխվում էր քաղաքի ամենահամով հացը: Երեխաները սիրում էին արևի առաջին շողերի դուրս գալուն պես խաղալ փռի մոտ ապրող կատվի ձագերի հետ: Եթե տաքսի էր պետք, կարող էիր իջնել առաջին հարկ և շենքի վարորդը` Սերժիկ ձյաձյան, ամեն տեղ կտաներ: Երբեմն նույնիսկ գումար էլ չէր վերցնի:
Շենքի բակում նախկինում մեծ թթի ծառ կար, որը տնկել էր լուսահոգի Երմոնյա տատիկի ամուսինը: Հետագայում այն արմատախիլ արեցին` պատճառաբանելով, որ ասֆալտապատելու են փողոցը: Շենքի բնակիչների երկարատև ջանքերից հետո ասֆալտապատումն արեցին 2023-ի ամռանը:
Երեխաների ուրախությանը չափ ու սահման չկար: Հեծանիվների, ինքնագլորների, էլեկտրական սկուտերների մինի-մրցույթ էր առավոտից երեկո: Հետ չէին մնում նաև մամաները: Ես այնտեղ եմ սովորել հեծանիվ քշելը: Շենքի բնակիչների համար 1 ավանդույթը երեխաներին քնեցնելուց հետո թաքուն հավաքվելն ու թեյելն էր: Նստում էինք բակի նստարաններին կամ կողքի բիսեդկայում: Երբ էլեկտրականությունն արդեն գրաֆիկով էր (երեկոյան 21:00-23:00 ընկած ժամանակահատվածում չգիտեիր քնել, թե կիսատ մնացած գործերն ավարտել) մինչև ուշ երեկո նստում էինք բակում` մթության մեջ`բարձր աղոթում և երգում, իսկ երեխաները երջանիկ խաղում էին: Լավ ժամանակներում երեխաների ծնունդը նշում էինք բակում` մուլտհերոսներով և երաժշտությամբ: Տոնական օրերին բակն ընկղմված էր խորովածի ծխի մեջ:
Շենքի բնակչության ամենասիրելի «ղալմաղալը» երեխաների համար կռվելն էր: Երբ փոքրերը համերաշխ չէին, պատշգամբներից մամաները դուրս էին գալիս իրենց երեխաներին «պաշտպանելու»: Դրանից հետո մեծերն իրար հետ մի քանի ամիս չէին խոսում: Մեր բակը բոլորն էին սիրում: Կողքի շենքերից հարևանները երեխաների հետ գալիս էին մեզ հետ նստելու: Այդպես էլ կշարունակվեր, եթե պատերազմը չխլեր մեզնից ամեն ինչ…Հուսով եմ , որ այս նոր պայմաններում հարևաններս կկարողանան նորից մտերմիկ միջավայր ձևավորել…
Իմ գրառումներից մեկը սեպտեմբերի վերջին օրերի մասին.
«Արցախյան կյանքի վերջին օրերից ինչքան էլ պատմես, ասելիքը չի վերջանում։ Իսակովի 7-ի սեպտեմբերի 25-ի «էսթետիկան» է նկարում։ Շենքի բնակիչներով մեկս մյուսիս օգնում էինք այդ դժվար օրերին, մի ընտանիք էինք դարձել։ Վառարանների վրա հաց էինք թխում, կերակուր պատրաստում, ջուր տաքացնում, ձեռքով լվացք անում։ Հարևաններից մեկի մահն էինք սգում (պուլյեմյոտչիկ Բորյան)։ Զոհվել էր սեպտեմբերի 19-ին և նրան չէին ուզում հուղարկավորել, որովհետև 2 որդիները դեռ չէին իջել դիրքերից։
Շենքի բակ մտնողը ականատես կլիներ հետևյալին։ Մի մասում վառարանների վրա դրված կերակուր ու եռուզեռ։ Մյուս մասում ՝ արհեստական ծաղիկներ, նստարանին սպասող սգավոր մարդիկ։ Մեջտեղում էլ նկուղներից նոր դուրս եկած, դպրոցից ազատված, այդ ամենը կարծես թե մոռացած երեխաներն էին հավաքվել և ուրախ խաղում էին։ Ինչ լավ էր, որ գոնե նրանք մի պահ մոռանում էին իրականությունը…Երեք տարբեր իրականություններ էին մի շենքի բակում …
Մեքենաները բեռնվում էին չափից ավելի, մոմերը հանգչում էին, դռները՝ պինդ փակվում։ Շարժիչի ձայնը լսելուն պես դուրս էի վազում, որ բոլորի հետ հասցնեմ հրաժեշտ տալ գնացողներին։ Երեխաների խաղալիքները, հեծանիվները, վառարանները, արհեստական ծաղիկները թողեցինք շենքի բակում։ Լռություն էր Իսակովի 7-ում»։
P.s կից տեղադրում եմ փոքրիկ բացատրական բառարան
Խրուշյովսկի-խրուշյովյան շենքեր, կառույցներ
կոլորիտ-գունավորում
մոդնիցա-մոդայիկ, ժամանակակից
ստրոյմատերիալ -շինանյութ
ավաշնոյ-մրգի, բանջարեղենի խանութ
պուլյեմյոտչիկ-գնդացրորդ
վսյո, սօր էլ կյաքվեչ-վերջ, այսօր էլ չգաք
դեֆիցիտ-պակաս
ձյաձյա-Արցախում մեծահասակ տղամարդկանց դիմելու ձև
բիսեդկա –ամառանոց
ղալմաղալ- կռիվ, խոսք ու զրույց
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: