Այդպես էլ չպատասխանեցին․ ինչի՞ համար են արցախցիներին հանում նախկին հաշվառումից

  • 19:10 09.01.2024

Եթե Արցախից բռնի տեղահանված անձինք Հայաստանում հաշվառման հասցեի վերաբերյալ դիմում են գրում, նրանց նախորդ հաշվառումն ավտոմատ է հանվում։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության Հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։

Ավելի վաղ step1.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ տարածքում փաստացի բնակության վայրում հաշվառվելու նպատակով ՀՀ ՆԳՆ անձնագրային բաժանմունքներ դիմող արցախցիները դուրս են գրվում իրենց նախկին բնակության վայրից, եւ միայն դրանից հետո են նրանց գրանցում իրենց նոր բնակության վայրում։

Արցախցի փաստաբան Գագիկ Թավադյանը մեզ հետ զրույցում ասել էր․ «Եթե ասում են, որ արցախցիները պետք է դուրս գան իրենց նախկին բնակության վայրից, ապա հարց է առաջանում՝ ո՞վ պետք է մարդուն հանի Արցախի իր նախկին հաշվառման վայրից։ Ո՞վ պետք է անի եւ ո՞նց պետք է անի դա, եթե այսօր դա հնարավոր չէ ֆիզիկապես անել։ Այսինքն՝ եթե նման պահանջ են դնում, դա նշանակում է, որ նրանք չեն ուզում այս մարդիկ այնտեղ գրանցված մնան։ Հաշվառումից հանողը պետք է լինի տվյալ ստորաբաժանումը, որը գրանցել է»։

«Անկախ այն հանգամանքից՝ անձը արցախցի է, թե՞ ՀՀ քաղաքացի է, եթե հաշվառում փոխելու գործարքով է մոտենում, նոր հաշվառման հասցեի վերաբերյալ դիմում է գրում, նախորդ հաշվառումն ավտոմատ հանվում է, որովհետեւ նույն անձը չի կարող երկու հաշվառում ունենալ»,- մեզ հետ զրույցում ասաց Նելլի Դավթյանը։ Նա միաժամանակ նշեց, որ հաշվառման հասցեն փոխելով՝ որեւէ կերպ չի չեղարկվում մարդու՝ տեղահանված լինելու կամ ծագումով Արցախից լինելու փաստը։

«Հակառակը, կառավարության՝ 2023 թվականի հոկտեմբերի 26-ին ընդունած որոշումը հենց այդ մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը ժամանակավոր պաշտպանության տակ է վերցնում Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությանը։ Երեք թիրախ խմբերով փորձել ենք ծածկել ԼՂ ողջ բնակչությանը։ Եվ այդպիսով արձանագրել ենք, որ փախստականության երեւույթ է տեղի ունեցել, մարդիկ բռնի ձեւով տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից։ Եվ որոշումն այն ճկունությունն ունի, որ թույլ է տալիս այս մարդկանց պահպանել իրենց փախստականի կարգավիճակը՝ տվյալ պահին մեկ տարով, իհարկե, երկարաձգման հնարավորությամբ։ Կարող են ընտրել ՀՀ քաղաքացիություն ստանալու տարբերակը։ Ոչ միայն հաշվառումը, այլ նաեւ ՀՀ քաղաքացիության ստացումը չի չեղարկում տեղահանված անձի իրավունքների փաթեթը, այն է՝ գույքի իրավունքի խախտում, վնասի փոխհատուցում, վերադարձի իրավունք եւ այլն։ Կառավարության որոշմամբ արձանագրվել եւ մեկընդմիշտ ֆիքսվել են այդ հնարավոր ռիսկերը եւ տեղահանության փաստը։ Դա մարդուն անխզելիորեն փոխկապակցված իրավունք է, մարդու կյանքի պատմությունն է, որը մենք նաեւ իրավական տեսանկյունից արձանագրել ենք։ Իրավական կարգավիճակը փոխելով՝ մարդու կյանքի պատմությունը չի ջնջվում»,- հավելեց Նելլի Դավթյանը։

Նախկինում արցախցիներին Արցախի հաշվառումից հանելու համար Հայաստանի իրավասու մարմինը հարցում էր կատարում Արցախի անձնագրային ծառայությանը։

Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, ՀՀ ռեգիստրի մասին օրենքով եւ ենթաօրենսդրական ակտերով մարդը կարող է ունենալ միայն մեկ հաշվառում։ «Հետեւաբար, եթե մարդուն ինչ-որ տեղ հաշվառում ենք, դա նշանակում է, որ ինքն իր նախորդ հաշվառումից դուրս է գալիս, դա մեխանիկորեն է տեղի ունենում»,- ասաց նա։

Մեր հարցին, թե ի՞նչ լիազորություն ունի Հայաստանի պետական մարմինը Արցախում հաշվառում ունեցող քաղաքացուն հանելու հաշվառումից, Արմեն Ղազարյանը պատասխանեց․ «Քանի որ այդ մարդիկ արդեն ճանաչված են փախստական, իրենք արդեն իրավական կարգավորում ունեն։ Երբ մարդը ճանաչվել է փախստական է, փախստականին հաշվառում ենք Հայաստանի օրինական բնակչի կանոններով։ Հայաստանի օրինական բնակչին կարող ենք հաշվառել երկու հանգամանքի առկայությամբ՝ սեփականատիրոջ համաձայնությամբ կամ փաստացի հիմքով՝ տեղեկանքով։ Իրենք հիմա հաշվառվում են փախստական լինելու եւ Հայաստանի օրինական բնակիչ լինելու հիմքով»,- նշեց Արմեն Ղազարյանը։

 

 

f