Արցախահայերի «կամավոր արտագաղթ». 1000-ից ավելի կորուստ մի քանի օրում

  • 12:02 10.01.2024

Բաքուն և Մոսկվան պնդում են, որ հայերը Արցախը լքել են 2023 թվականի սեպտեմբերի վերջին իրենց կամքով, ոչ ոք նրանց չի սպառնացել, և Բաքվի հրթիռները մահաբեր կրակ չեն արձակել, այլ մանկական օշարակ։ Բաքվում ասում են, որ բռնություն չի եղել, իսկ ՌԴ ՊՆ-ն ամեն օր հայտնում է, որ վերջապես խաղաղություն է հաստատվել Արցախում, որը ռուսները եւ պաշտպանում են չափից դուրս ռազմատենչ հողերի տերերից։

Հայաստանի վարչապետը տեղահանությունից մի քանի օր առաջ հայտարարել էր, որ «Ղարաբաղի հայերին ոչինչ չի սպառնում»։ Բաքուն այս խոսքերին անդրադարձել է սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ հայտարարելով, որ Ադրբեջանի «հակաահաբեկչական գործողությունը» խաղաղ բնակչությանը վնաս չի պատճառել եւ չի սպառնում։ Տեղահանությունից հետո Երեւանը չի դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կամ միջազգային կառույցներին՝ Արցախից հայերի բռնի տեղահանումը ճանաչելու եւ հետեւանքները վերացնելու պահանջով։

Մի քանի օր առաջ միայն Հայաստանի քննչական կոմիտեն հայտարարեց 2023 թվականի սեպտեմբերին Արցախում մահացածների թիվը։ Նրա խոսքով՝ սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ մարտերի ընթացքում զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 25 խաղաղ բնակիչ, 244 մարդ վիրավորվել է, որոնցից մոտ 80-ը խաղաղ բնակիչներ են։ Ագրեսիայի զոհերի թվում հինգ երեխա կա։ Եվս 20 մարդ համարվում է անհետ կորած, իսկ 17-ը գերեվարվել է։ Հետաքննությունը բացահայտել է մահացածների մարմինների պղծման շուրջ 20 դեպք։

Ստեփանակերտի մերձակայքում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 218, վիրավորվել 120 մարդ։

Եվս մոտ 70 ղարաբաղցի մահացել է դեպի Հայաստան գաղթի ճանապարհին՝ բռնի տեղահանության ժամանակ։

Այս պահին Բաքվում դեռևս կա 23 հայ գերի, որից 17-ը հայտնվել են այնտեղ՝ Արցախում Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։ Այդ 17 անձանցից ութը Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին ներկայացուցիչներ են, այդ թվում՝ երեք նախկին նախագահներ։

Քննչական կոմիտեն փաստեր ունի նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով 32 քաղաքացու հարկադիր անհետացման վերաբերյալ։ Այս տեղեկությունը ներկայացվել է միջազգային կառույցներին, որոնցից 22-ի համար կա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը միջանկյալ միջոցներ կիրառելու մասին, սակայն Ադրբեջանը հերքում է այդ անձանց անհետացման փաստը։

Պարզվում է՝ 100000 բնակչություն ունեցող Արցախը միայն որպես սպանվածներ, վիրավորներ ու անհայտ կորածներ կորցրեց 1000-ից ավելի մարդ՝ բնակչության 1%-ը։ Չհաշված հսկայական ունեցվածքի կորուստը ու զրկանքները:

Նրանք, ովքեր խոսում են հայերի «կամավոր» գաղթի մասին, պետք է պատասխանեն մի պարզ հարցի. կամաձայնվե՞ն իրենք «սեփական կամքով» լքել իրենց նախնիների երկիրը, տունը, հարազատների գերեզմանները, բնությունը, հայրենիքը, այն հողը, որտեղ հարյուրավոր սերունդներ բողբոջել են իրենց արմատները։

Նաիրա Հայրումյան