«Կրեմլի հեղինակությունը Հայաստանում ցածր է: Սակայն Ռուսաստանից ուժեղ տնտեսական կախվածությունը և Մոսկվայի կողմից հնարավոր ճնշումը անհանգստացնում են հայ ժողովրդին եւ զսպում կոշտ հակառուսական գործողությունները»,- ասել է Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։
Նա հավելեց, որ «Հայաստանում ոմանք նախընտրում են պահպանել Ռուսաստանւ ազդեցությունը ոչ թե նրա նկատմամբ համակրանքի պատճառով, այլ որպեսզի խուսափեն այն անախորժություններից, որոնք կարող է “պատրաստել” Կրեմլը»։
«Ցավոք սրտի, Ռուսաստանի հետ համագործակցությունը պատկերացվում է խորհրդային տրամաբանության շրջանակներում։ Բայց ԽՍՀՄ-ը Ռուսաստան չէ։ Ի տարբերություն վերջինիս, ԽՍՀՄ-ն ուներ հասարակության կազմակերպման ու զարգացման իր մոդելը՝ Մարքսի, Լենինի ուսմունքը, սոցիալիստական համակարգի հաստատումը, կուլակների ու բուրժուազիայի դեմ պայքարը, կոմունիզմի ձգտումը։ Այս ամենը ընդունելի էր բնակչության մեծամասնության համար։ Դժվար է ասել՝ դա լավ է, թե վատ, բայց դա համակարգ էր, գաղափարախոսություն։ Այսօրվա Ռուսաստանը ոչինչ չունի առաջարկելու այն երկրներին, որոնց ձգտում է պահել իր ազդեցության ուղեծրում»:
Օսիպյանը կարծում է, որ «Ռուսաստանը հետամնաց, կոռումպացված երկիր է՝ փլուզվող արդյունաբերությամբ, գիտությամբ և դեգրադացված արժեհամակարգով»։
«Առավելագույնը, որ նա կարող է առաջարկել իր ենթադրյալ դաշնակիցներին՝ ռուսական սապոգն է։ Այսինքն՝ մտցնել զինված ուժեր, ավելի ճիշտ՝ գրավել դաշնակից երկիրը և ուժի սպառնալիքի տակ ստիպել նրան ընդունել իրեն հարմար որոշումներ։ Ռուսական քաղաքականության տրամաբանությունն ու մեթոդները չափազանց պարզ են. «Եթե մեզ լսեք, ուտելու բան կգտնեք։ Հակառակ դեպքում ոչինչ չի լինի»։ Այս մեթոդները կիրառվել են Արցախում և ուղեկցվել այսպես կոչված ռուս խաղաղապահների կողմից խաղաղ բնակչության ռեկետով ու թալանով»։
Նա նշել է, որ «շատ դժվար կլինի դուրս գալ Կրեմլի ճիրաններից, բայց, ցավոք, մարդավարի ապրելու այլ ելք չկա»։ «Այսպիսով, Հայաստանի համար թիվ մեկ խնդիրը 5-րդ շարասյունի վերացումն է, Կրեմլի գործակալների հեռացումն իրենց պաշտոններից՝ հանուն մեր ժողովրդի և մեր հայրենիքի ազատության և զարգացման»։