Դրա փոխարեն լավ կլինի հանել արցախցիներին աշխատանքի չընդունելու ոչ պաշտոնական արգելքը

  • 11:54 11.01.2024

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրը»։ Դրա փոխարեն ՀՀ կառավարությունը լավ կանի հանի արցախցիներին աշխատանքի չընդունելու ոչ պաշտոնական արգելքը։ Բազմաթիվ արցախցիներ բախվում են այդ խնդրին, ոչ թե կրթության կամ հմտությունների պակասի խնդրին։ Այս անգամ եւս արցախցիների անունով “դուրս գրած” գումարների մեծ մասը բարդ սխեմայով կգնա բուհերին եւ այլ հաստատություններին։ Իսկ արցախցիների անորոշության ժամկետը կերկարացվի եւս 6 ամսով։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց․ «Ըստ էության մենք արդեն մտել ենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար միջնաժամկետ ծրագրերի իրականացման փուլ։ Եվ այս քննարկվող նախագիծն ունի ինչպես մարդկային կապիտալի զարգացման, այնպես էլ զբաղվածության ծրագրի բովանդակություն։ Ծրագիրն ունի երեք բաղադրիչ։ Առաջին բաղադրիչը դա մասնագիտական ուսուցումն է, որից հետո առնվազն երեք ամիս պարտադիր աշխատանքի պայմանով։ Երկրորդ դեպքում՝ վճարովի պրակտիկա, որից հետո պարտադիր աշխատանքի տեղավորում առնվազն երեք ամիս, եւ երրորդ բաղադրիչի դեպքում բոլորը միասին՝ մասնագիտական ուսուցում, վճարովի պրակտիկա եւ աշխատանք»,- ասաց նախարարը։

Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ առաջին բաղադրիչի դեպքում Արցախից բռնի տեղահանված անձանց առաջարկվում է մինչեւ 6 ամիս տեւողությամբ մասնագիտական ուսուցում։ Եվ այդ ընթացքում գործատուն պետք է որոշի, թե որ ուսումնական հաստատությունում պետք է անձն այդ վերապատրաստումն անցնի։ Այդ ընթացքում կառավարությունը բռնի տեղահանված անձին տրամադրելու է 50 հազար դրամ կրթաթոշակ եւ եւս 50 հազար դրամ՝ ուսման վարձը վճարելու համար։ «Այնուհետեւ, երբ կներկայացնի վկայականը, որ ինքն անցել է այդ կրթական շրջանը, առնվազն 3 ամիս ժամկետով գործատուի հետ կկնքվի աշխատանքային պայմանագիր։ Եվ այդ երեք ամսվա ընթացքում գործատուին 50 հազար դրամի չափով կփոխհատուցվեն հարկերը՝ եկամտային հարկ, դրոշմանիշային վճար, սոցիալական վճարներ։ Ընդ որում, եւ ուսման վարձը, եւ կրթաթոշակը մենք տրամադրելու ենք մասնակցած օրերի համար։ Եվ այստեղ մի ֆիլտր կա դրված՝ եթե գործատուն աշխատանքային պայմանագիրը չի կնքում կամ մինչեւ երեք ամիսը լրանալը լուծում է պայմանագիրը, ապա փոխհատուցում է կրթաթոշակի եւ ուսման վարձի համար պետության կողմից տրամադրված գումարը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակցին»,- մանրամասնեց նախարարը։

Երկրորդ բաղադրիչը վերաբերում է վճարովի աշխատանքային փորձի ձեռքբերմանը։ Գործատուի եւ Արցախից բռնի տեղահանված անձի միջեւ կնքվելու է մինչեւ վեց ամիս տեւողությամբ պայմանագիր, որից երեք ամիսը պարտադիր դիտարկվում է որպես վճարովի աշխատանքային պրակտիկա։ «Այսինքն՝ մենք գործատուին ամսական տրամադրելու ենք 165 հազար դրամ՝ շահառուին աշխատավարձի եւ հարկերը վճարելու համար։ Հարկերը հանելուց հետո մաքուր 120 հազար դրամ գումար է մնում։ Պրակտիկայից հետո գործատուն պարտավորվում է եւս երեք ամիս շահառուին ապահովել աշխատանքով, որի դիմաց գործատուին երեք ամիս շարունակ վճարվում է ամսական առավելագույնը 50 հազար դրամ՝ պարտադիր հարկերը վճարելու համար։ Գործատուի եւ շահառուի միջեւ մինչեւ վեց ամիսը լրանալը պայմանագիրը լուծարելու դեպքում գործատուն պարտավորվում է ամբողջությամբ վերադարձնել աշխատանքային փորձառության ընթացքում իրեն տրամադրված գումարից շահառուին որպես աշխատավարձ տրամադրված գումարը։ Իսկ երրորդ բաղադրիչի դեպքում բոլորը միասին են, այսինքն՝ մասնագիտական կրթություն, վճարովի աշխատանքային պրակտիկա եւ աշխատանքի ընդունելու պարտադիր պայման»,- ասաց նա։

Նարեկ Մկրտչյանն ասաց, որ սա արդեն փորձարկված ծրագիր է, 2016 եւ 2020 թվականների ռազմական գործողություններին մասնակցած զինծառայողների համար ծրագիրն իրականացվել է։ «Մենք հետեւել ենք ավելի քան մեկ տարի եւ տեսել ենք, որ ծրագրի շահառուների 70 տոկոսից ավելին շարունակում են մնալ աշխատաշուկայում»,- հավելեց նա։

Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ գործատուն ու աշխատողն իրար որտե՞ղ են հանդիպելու, ինչպե՞ս է կառավարությունը համակարգելու գործընթացը, որտե՞ղ են սովորելու շահառուները։ Նախարարն ասաց, որ ամսական կտրվածքով միասնական սոցիալական ծառայություն դիմում են 300-ից մինչեւ 500 գործատուներ, որոնք ներկայացնում են աշխատատեղի պայմաններ։ «Մենք այդ հայտերն ընդունում ենք գործատուների կողմից, զուգահեռ հայտարարում ենք, որ ունենք նմանատիպ ծրագիր։ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, որոնք առնվազն վերջին մեկ ամսվա ընթացքում աշխատանք չեն ունեցել, այսինքն՝ հարկեր չեն վճարել, ստուգում ենք, թե մեզ դիմած հայրենակիցները ինչպիսի հմտություններ ունեն, եւ եթե համապատասխանում են այդ պահանջներին, որոնք այդ 300-400 գործատուները մեզ ներկայացնում են ամսական կտրվածքով, մենք երկու օրվա ընթացքում էլեկտրոնային տարբերակով իրենց տվյալներն ուղարկում ենք գործատուին։ Եվ գործատուն ընտրում է պոտենցիալ իր մոտ աշխատող անձանց, հրավիրում է, կնքվում է պայմանագիր։ Այնուհետեւ գործատուն ինքը գիտի, թե իր համար որ կրթական հաստատությունն է, դա կարող է լինել միջին մասնագիտական հաստատություն, կարող է լինել մասնավոր ինչ-որ կրթական հաստատություն կամ որոշ դեպքերում գործատուներն իրենց մոտ ունեն կրթական բաղադրիչներ»,- ասաց Նարեկ Մկրտչյանը։

 

f