Արցախի տեղական ինքնակառավարման մարմիններն այս փուլում հասարակական հիմունքներով են որոշակի աշխատանք իրականացնում՝ փորձելով որոշ չափով լուծել բռնի տեղահանված արցախցիների խնդիրները։ Արցախի համայնքների ղեկավարներից հետաքրքրվեցինք՝ Արցախի բռնազավթումից ու բռնի տեղահանությունից հետո համայնքի ղեկավարները գործունեություն ծավալո՞ւմ են, կապ կա՞ վարչակազմի ղեկավարների, պետական մարմինների հետ, իրենց քայլերն ո՞ւմ հետ համակարգում, հասարակության հետ ի՞նչ աշխատանք է տարվում։
Շուշիի շրջանի Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ միայն հեռախոսային կապ են պահպանում վարչակազմերի ղեկավարների հետ։ «Հասարակական հիմունքներով ենք գործում, եթե բնակիչներից ինչ-որ մեկի մոտ խնդիր է առաջանում, աշխատում ենք այդ հարցին լուծում տալ»,- ասաց նա։
Դեկտեմբերի վերջին օրերին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը խորհրդակցություն էր անցկացրել Ստեփանակերտի քաղաքապետի և շրջվարչակազմերի ղեկավարների հետ եւ հանձնարարել շարունակել գույքագրել բռնի տեղահանված քաղաքացիների խնդիրներն ու պարբերաբար ներկայացնել կառավարությանը: Դավիթ Դավթյանն ասաց, որ շաբաթը մեկ կամ երկու անգամ հեռախոսով խոսում են վարչակազմի ղեկավարի հետ, բայց խնդիրների գույքագրման հարց դեռ չեն քննարկել։ «Այսինքն՝ պաշտոնական որեւէ գործունեություն չկա, չեն թողնում էլի, որ պաշտոնապես գործենք։ Բայց մենք աշխատում ենք մեր բնակիչների, քաղաքացիները հոգսերը թեթեւացնել, որոշ հարցերի լուծում տալ, ինչքան որ դա հնարավոր է»,- ասաց նա։
Արցախի Լիսագոր համայնքի ղեկավար Գագիկ Նասիբյանը step1.am-ի հետ զրույցում նշեց, որ բնակիչների հետ կապի մեջ են, տեղեկանում են՝ ով որտեղ է բնակվում, ինչ խնդիրներ կան։ Նասիբյանի խոսքով՝ այսօր Արցախի ՏԻՄ-երը փաստացի չեն գործում։
Լիսագորի գյուղապետը նաեւ ասաց, որ կոնկրետ իրենց համայնքից բռնի տեղահանված արցախցիների կորցրած գույքի գույքագրման աշխատանքներ նույնպես չեն իրականացնում։ «Առայժմ գույքագրման աշխատանքներ չեն տարվում, բայց ամենքին էլ պարզ է, թե ով ինչ է կորցրել։ Այնպես չէ, որ մեկը շատ բան է կորցրել, մեկը՝ քիչ, սաղս էլ ամեն ինչ կորցրել ենք։ Ամենացավալին այն է, որ երկիր ենք կորցրել, դրանից հետո գույքագրել՝ մեքենա ենք թողել կամ տուն, երկրորդական է»,- ասաց նա։