Ո՞վ է հիշում Շռշռանի ջուրը։ Ասում են, որ այդ ջուրն ու կավը բուժիչ հատկություններ ունեն։ Անգամ ուրիշ երկրներից մարդիկ էին գալիս, վրաններ խփում ու մնում այդտեղ գիշերելու…Ո՞վ է գոնե մի անգամ թաքնվել գյուղի քարանձավում։ Ասում են, որ անցած պատերազմների ընթացքում այդտեղ էին ապաստանում գյուղի տարեցներն ու երեխաները։ Անտառներն այնքան փարթամ ու կանաչ ու գեղեցիկ էին։ Ոչ մի գյուղում այդպիսի անտառներ չեմ տեսել։ Գետերն այնքան սառն էին, որ լողանալիս մրսում էիր, բայց մարմինդ կոփվում էր։
Ով է բարձրացել Բլրի գագաթը որտեղից ամբողջ գյուղը երևում է ․․․Եղբայրական գերեզմանոցը գտնվում է գյուղի կենտրոնում։ Այնտեղ հանգչում են հայրենական պատերազմից ի վեր հայրենիքի համար մարտնչածները։ Պատմում են, որ Մոշաղբյուրի ջուրը բուժիչ հատկություն ուներ։ Խմողն ազատվում էր երիկամների քարերից։ Ջրվեժի գեղեցկությունը տեսնել էր պետք․․․
Որպեսզի իմանաք ամբողջ պատմությունը, պետք է ինձ հետ մի փոքր ճամփորդեք դեպի…անցյալ ։ Սամվելի գրախանութի (արցախցիները գիտեն) մոտով բարձրանում եք, թեքվում դեպի աջ, չհասած ԱրՊՀ կանգնած է մեծ, դեղին ավտոբուսը, որը կտանի մեզ գյուղ Այգեստան։ Ավտոբուսը հին է, նստատեղերը լրիվ պոկոտված, կեղտոտ և անշուք, բայց մխիթարվում էի նրանով, որ գոնե տեղ էր հասցնում։
Ինձ նաև միշտ հետաքրքրել է՝ վարորդները ռադիոյո՞վ են հայկական ուրախ երգեր ու Շիֆուտինսկի միացնում ճանապարհին, թե՞ հատուկ սկավառակ կար։
Այն ժամանակ ինտերնետը չէր գործում։ Ամառային արձակուրդներ էին։ Մենք՝ 1994թ. ծնվածներս այն անցկացնում էինք գյուղերում՝ տատիկ-պապիկների մոտ։ Ես՝ բախտավորս, մեկնում էի այայի ու ապայի մոտ ամառն անցկացնելու (տատիկիս մայրն ու հայրը)։ Ինձ հետ տանում էի հեքիաթներիս գրքերը, որոնք ոչ թե կարդում, այլ կարծես կլանում էի։ Ճամփի ամբողջ երկարությամբ ծիրանի ծառեր կային տնկված։ Դաշտային ծաղիկներ, քամու խաղ և ազատություն…Դա ինձ տանում էր հեքիաթի աշխարհ, իսկ ես լրիվ պատրաստ էի արկածների։
Ավտոբուսը կանգնում է խաչմերուկում։ Սա դեռ իմ կանգառը չէ։ Մի քիչ բարձր եմ իջնում։ Կողմնորոշվում եմ այն հուշաքարի շնորհիվ, որը դրված է 1990թ. ինքնաթիռի վթարի պատճառով զոհված գյուղացիների հիշատակին։ Մի քիչ ուղիղ գնալուց հետո թեքվում եմ աջ։ Տեսնում եմ մեր դարպասները և ոգևորությունից սիրտս սկսում է արագ բաբախել։ Դարպասը ծեծում եմ, բայց այան ու ապան (ապան խնդիր ուներ լսողության հետ) դժվար թե լսեին, քանի որ կարող էին լինել ներքևի այգում։ Օգնության էր գալիս ընտանիքի մյուս անդամը՝ գերմանական շունը։ Քինգը (անգլ. թագավոր) շրջանաձև պտույտներ էր անում և բարձր հաչում։ Հաջորդ րոպեին գալիս էր իմ այան՝ Մարո տատիկը։ Ցածր հասակով, մի քիչ գեր, մազերը սպիտակ (չէր սիրում ներկել) գլխին փաթաթած, հագին սև բարակ կտորից խալաթը ՝ կանաչ տերևներով։ Համբույրների տարափը տեղում էր ինձ վրա։ Քինգը դեռ երկար էր ուրախ թռչկոտում։ Մեջի անտարբերը կատուն էր, որն արևի տակ պառկել էր մեջքի վրա և մի հայացք էլ չէր նետել մեր ուղղությամբ։
Մի քանի րոպե անց սեղանը պատրաստ էր։ Միշա պապիկը հանել էր երկարաթև վերնաշապիկը, սրբել արևի տակ աշխատելուց հետո առաջացած արդար քրտինքը։ Մենք ճաշակում էինք տատիկի (նախկին խոհարար) թեթև ձեռքով պատրաստված ուտեստները։ Թաղից պոկված թարմ վարունգն ու լոլիկը ամենահամովն էին։
Հաջորդ կանգառը գետն էր և մոշ քաղելու արարողությունը։ Ինձ համար՝ ուտելու։ Ես, վեդրոների հետ միասին նստած էի էշի վրա։ Պապիկը բռնել էր պարանը և մենք նեղ արահետներով գնում էինք անտառ։ Վերադառնում էինք երեկոյան՝ այրված, հոգնած ու կուշտ։ Մաքուր օդն այնքան լավ էր ազդում ինձ վրա, որ անմիջապես քնում էի։
Բակում բարձր թթենու ծառ կար։ Պապիկն ինձ համար «ճինջեխ» էր կապել։ Նստում էի և ինձ պատկերացնում ոչ իրական աշխարհում՝ արքայադստեր դերում։ Հեքիաթներից ուժեղ տպավորված 6 տարեկանի երևակայություն…
Քինգին գրկում էի, սիրում, շոյում, երբ մի օր մեր ընկերությանը վերջ դրվեց։ Քինգը բավականին խոշոր էր, խելացի, մարդու հայացք ուներ, աչքերից երևում էր, որ ամեն ինչ հասկանում է։ Ճանճերը վնասել էին ականջի հետևը, ես էլ չէի նկատել, ձեռքս կպել էր վերքին։ Ինչքան էր մեծ Մարո բաբոյի բարկությունը, երբ տեսավ, որ Քինգը ինձ տապալել է գետնին, թաթերը դրել ուսերիս ու գռմռացել։ Այդ աժդահա կենդանին վախենում էր տատիկի ավելից։ Իհարկե իմ սերը չի քչացել այդ պահին, բայց երբեմն ստիպված ենք լինում հեռվից սիրել։
Մեր տունը ցածր էր, կիսավեր, պատերը ճաքած, իսկ տանիքից միշտ ջուր էր կաթում։ Մարո բաբոն սիրում էր մաքրություն անել։ Հին սերվանդ կար սովետական թվերից մնացած։ Հաստատ հիշում եք․․․Վրան գեղեցիկ կանանց փոքր նկարներ կային կպցրած։ Այան ինձ բարձրացրել էր, որ մաքրեմ վերևի մասը: Դժբախտաբար շնաճանճը կծել էր մատս ու ես ցավից լացում էի:Բաբոն խեղճ շնաճանճին այնքան անեծք տվեց: Միշա դեդոն ձեռքս մածուն էր քսում:
Ընդհանրապես, գյուղում, բուժման մեթոդները շատ տարբերվում էին ժամանակակից մեթոդներից: Օրինակ, Մարո բաբոյի կարծիքով, ոջիլներից ազատվելու համար պետք էր լողացնել ինձ հին տաշտում՝ շատ տաք ջրով: Անպայման գլուխս քացախ քսելուց հետո: Այդ պարտադիր արարողությունը արվում էր հետնաբակում, արևի տակ: Ճիշտն ասած և՛ արևի, և՛ ջրի տաքությունը բավականին բարձր էր, երևի դրանից եմ այդքան ուժեղ: Սովորել եմ նաև սառը ջրով լողանալ: Մարո տատիկը զինվոր էր մեծացնում:
Գյուղի տներում այդ ժամանակ ջուր չկար։ Վեդրոներով էինք բերում: Մարո բաբոյի լվացք անելու արարողությունը շատ գրավիչ էր ինձ համար: 3 տաշտ էր դնում իրար կողքի: Ժավելի կապույտ օճառը պինդ քսում շորերին և ամբողջ ուժով շորերը քսում իրար: Կռիվ էր տալիս շորերի հետ: Թվում էր, թե հիմա ծվեն-ծվեն կդառնային: Ընթացքում ձեռքով սրբում էր ամբողջ երեսը պատած քրտինքը: Երբեմն երկու ծամ էր անում մազերը, որ չխանգարեին աշխատելիս: Այդ ժամանակ նա այնքան ծիծաղելի էր:
Օրվա ընթացքում դեդոն ու բաբոն կարճ երկխոսություններ էին ունենում։
«Պսակեցին Մարոյին, տվին չոբան Կարոյին»,-երգում էր պապիկը:
Անծայրածիր այգի ունեինք, որի ամեն մի ծառը ինձ համար կախարդական հեքիաթի էր նման: Քայլում էի նռան ծառերի տակ և ուսումնասիրում ծաղիկները։ Թզի ծառը բարձրանում էի, որ տեսնեմ թե ինչ է կատարվում դրսում։ Ամենահետաքրքիրը թթի ծառն էր, վրան միշտ սև միջատներ կային` երկսայր «ժանիքներով»: Հեշտորեն թռնում էին ինձ վրա և բավականին վախեցնում: Կարող էի ժամերով նստել այգում մի ծառի տակ: Միշա դեդոն ծաղիկներ էր աճեցնում: Նարգիզները դիտավորյալ մոտեցնում էի քթիս, որ քիթս դեղնի: Մանուշակներից գեղեցիկ փնջեր էր պատրաստում և վաճառում:
Միշա դեդոն շատ խաղաղասեր, հանգիստ մարդ էր: Առավոտից երեկո քթի տակ երգելով այգի էր մշակում: Նրան հեշտ չէր հունից հանելը, բայց այնուամենայնիվ կողքի հարևանի մոտ ստացվեց: Ցանկապատը մի քանի մետր առաջ տալու համար նրանք սապնաջուր էին լցնում մեր հոնի ծառի տակ: Ուզում էին, որ ծառը չորանա և կտրենք: Ես միայն այդ ժամանակ եմ տեսել պապիկին կատաղած վիճակում:
Ամենածիծաղելի և հետաքրքիր արարողությունը հավերին կուտ տալն էր։ Մարո բաբոն խալաթի փեշքն էր լցնում կուտը, կանգնում բակի մեջտեղում ու հատուկ ձայնով կանչում հավերին։ Այն պահին, երբ նրանք ագահի պես հարձակվում էին ուտելիքի վրա, Մարո բաբոն հերթով գրկում էր և ոչ էսթետիկ ձևով ստուգում ձվի առկայությունը։ Պատահում էր, որ հավերը հանկարծ հիվանդանային։ Այդ օրը հիվանդ հավը բերվում էր տուն և ուզեր, թե չուզեր սխտորով մածուն էր ուտում։ Մարո բաբոն իր ուժեղ և փափուկ ձեռքերով բացում էր բերանը ու գդալ-գդալ լցնում մեջը։ Հավի աչքերից երևում էր, որ վախեցած է, բայց ո՞վ կհամարձակվեր ձայն հանել․․․
Ամենաշատն ուրախանում էի, երբ գնում էինք պաղպաղակ գնելու։ Մարո բաբոն վախենում էր, որ կհիվանդանամ, կոկորդս կմրսի։ Դրա համար վերցնում էինք ամենափոքր պաղպաղակները՝ 50 դրամանոց։
24 տարի է անցել, բայց այսօրվա պես հիշում եմ իմ երջանիկ մանկությունն Այգեստանում։ Մարո բաբոն և Միշա դեդոն մահացել են 2011թ․ մի քանի ամսվա տարբերությամբ։
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: