Պատերազմը սպանում է բոլորին: Նույնիսկ նրանց, ովքեր կենդանի են մնացել: Հալգրիմուր Հելգասոնի այս միտքն այնքան բնորոշ է մեր ներկա վիճակին։
Արցախցիների մեծ մասն այսօր քայլում է կյանքի դժվար, անհայտ կածաններով հանց ուրվական։ Ասես մարդկանց պատյանն է մնացել, որպես վկա նրանց երբեմնի եղելության։ Իսկ օրերը չեն ապրվում, երբ գիտես որ, 35, 40, 45, 55, 65, 75 տարեկան եսդ ապրում է 18 տարեկան մի լույս հոգու կյանքի, սպանված երազանքի հաշվին։ Հացը կուլ չի գնում, երբ հիշում ես, որ երեկվա սաներդ, ովքեր նստած նստարանին փորձում էին աչք գողանալով մի չարություն անել, այսօր կա’մ չկան, կա’մ ճակատագրով անհայտ են։ Երբ չես կարողանում նայել նրա հարազատների աչքերին, որովհետև մեղքի զգացումը ներսից թուլացնում է քեզ։
Երբ առաջին անգամ մտա դասարան, մի մատ երեխա էին այսօրվա Արցախի համար կռիվ տված, արդեն հասուն տղերքը։ Յուրաքանչյուրի կյանքը յուրովի դժվար էր, մանկությունն էլ ինչպես սովորաբար գրում են գրքերում, ափեափ լցված չէր երջանկությամբ, բայց դպրոցում մոռացվում էր ամեն ինչ, ու բոլորը երջանիկ էին միանման։ Քանի որ դասարանները փոքրաքանակ էին, բոլորը կապված էին միմյանց հետ ոնց որ մի դասարան։
Մեկ-երկու ամիս հետո ես էլ դարձա նրանց ավագ ընկերը, և նրանց ամենամեծ սպասելիքը ինչ որ հետաքրքիր բան ձեռնարկելն էր, իսկ ամենասիրված ձեռնարկը՝ դա արշավն էր, դեպի պատմական անցյալ ու հայրենի բնություն։ Սկզբից այդ ամեն ինչը սահմանափակվում էր միայն դասղեկական դասարանով, մինչև մի օր մոտեցավ դպրոցի թերևս ամենաչար տղաներից մեկը՝ Ալբերտ Ավետիսյանը ու նեղացած տոնով հարցրեց,- բա ի՞նչ անենք, որ մեզ էլ մասնակից դարձնեք ձեր էքսկուրսիաներին, ասացի՝ լավ սովորեք։ Քիթը կախեց, գլուխը քորելով մի երկու քայլ անելուց հետո շրջվեց, թե, օրիշ տարբերակ չի՞ կա․․․
-Իհարկե կա, ցանկանաք ու միանաք։
– Միացածա, բա եկող կիրակի որտե՞ղ ենք գնում։
– Էտ էլ դու առաջարկի։
– Բուրուխան (Բովուրխանին մեր գյուղում Բուրուխան էին ասում)։
Հաջորդ կիրակի արշավի գեղարվեստական մասը թամբած էշին, արդեն Բովուրխանի ճանապարհին էինք, ու քանի որ նա անընդհատ չարություն էր անում, ստիպված էի կարգել ինձ օգնական, իսկ պաշտոնը նա ստանձնեց ամենայն պատասխանատվությամբ։ Հետո, հիշում եմ, գնացինք Շոշկավանք, աղջիկների տոնը նշելու, 2001 թվականի ապրիլի 8-էր։ Ոչ մեկը ռիսկ չէր անում թռչել խարույկի վրայով, որը զուտ տրամադրություններն ավելի բարձրացնելու նպատակով էր, առաջարկեցի՝ առաջինը մենք թռչենք, որ մյուսների վախը բռնենք։
Այսօր այս հիշողությունները ավելի են ծանրացնում Ալբերտի շուրջը հյուսված անորոշությունը, որի սկիզբը դրվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին։ Ալբերտ Ավետիսյանն այդ օրը գտնվում էր Ասկերանի շրջանի Սզնեք գյուղի տարածքում։ Կնոջ՝ Լուսինեի հետ վերջին անգամ կապ է հաստատել նախքան պատերազմը սկսվելը, դրանից հետո հեռախոսը լռեց․․․ մոր, կնոջ ու հարազատների աչքը թողնելով ճանապարհին, իսկ ականջը՝ բաղձալի զանգին։
Ալբերտ Ավետիսյանը ծնվել է Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում։ Դպրոցը, որտեղ սովորել է, գյուղի միջնակարգ դպրոցն է, ես էլ՝ նրա պատմության ուսուցչուհին, որ աղոթքս հղում եմ ճակատագրին, տիեզերքին, Ալբերտին ու անհայտ ճակատագրով մեր բոլոր տղաներին վերադարձնելու թախանձանքով։
Արմինե Հայրապետյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: