«Զանգը» միակ նախաձեռնությունն չէ, որ իշխանափոխության հարց է դնում, բայց գիտի, թե «առանց նիկոլի Հայաստանն» ինչպիսին է լինելու

  • 13:58 18.01.2024

Step1.am-ի զրուցակիցն է «Զանգ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սուրեն Սահակյանը։

-Պարոն Սահակյան, դուք բազմիցս ասել եք, որ 2018 թվականի հեղափոխության հիմքում եք կանգնած եղել, հեղափոխական տեխնոլոգիաների հեղինակներից էիք։ «Զանգ» նախաձեռնությունն այսօր թերեւս միակ քաղաքացիական նախաձեռնությունն է, որը իշխանափոխության հարց է դնում, ի՞նչն է ստիպում հրամայական դարձնել իշխանափոխության հարցը, հեղափոխական կոնցեպտից ի՞նչ շեղում է տեղի ունեցել։

-Ես ոչ մի յուրահատուկ հեղափոխական տեխնոլոգիա չեմ հեղինակել։ Մշտապես փողոցային պայքարի մեջ լինելով՝ հնարավորություն եմ ունեցել արդեն գոյություն ունեցողներն ուսումնասիրել եւ երբեմն էլ դրանցից որոշները կիրառել Հայաստանում։ Այդ պատճառով էլ 2018 թվականի գործընթացներում պատկերացում կար, թե նման իրավիճակներում ինչն է աշխատում, գործիքներից որոնք են բացարձակ անիմաստ եւ կիրառել պետք չէ։

Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակը իր բնույթով եզակի երեւույթ է, գործնականում չուսումնասիրված։ Բռնատիրության դեմ պայքարն իր օրենքներն ունի, ժողովրդավար կարգերում էլ ամեն ինչ պարզ է, ավտորիտարիզմի դեմ պայքարի գործիքներն էլ հայտնի են։ Այն, ինչ կա Հայաստանում, անհասկանալի երեւույթ է, եւ մենք ստիպված ենք սեփական փորձի ու սխալների մեթոդով առաջ շարժվել։ Փոփոխությունները, որ պետք է տեղի ունենան Հայաստանում, առաջին հերթին մտքի աշխատանքի հետեւանք պետք է լինեն։ Այդ միտքը ձեւավորելու համար համապատասխան ավանդույթներ ու արժեքային հենքը բացակայում է։ Այդ պատճառով է, որ գործընթացները դանդաղում են։

Ա՛յ, դուք նշում եք, որ «Զանգը» միակ նախաձեռնությունն է, որ իշխանափոխության հարց է դնում։ Իհարկե, այդպես չէ, «Զանգը» միակը չէ, որ որպես առաջին քայլ դա է դիտում։ Սակայն իմ դիտարկումները ցույց են տալիս, որ ոչ միայն նախաձեռնությունները, այլ ոչ ոք չի պատկերացնում, թե «առանց նիկոլի Հայաստանն» ինչպիսին է լինելու։ Հարցը միայն Նիկոլ Փաշինյանի անձը չէ։ Մարդիկ հասկանում են, որ դրանք այնպիսի փոփոխություններ են ենթադրում, որ իրենց աշխարհայացքի, մտահորիզոնի բանը չեն։ Պատահական չէ, որ բոլորը իրենցից հեռացնում են այդպիսի Հայաստանի համար իրենց պատասխանատվության հարցը։ «Զանգը» ոչ միայն այդ պատկերացման մասին խոսում է, այլ նաեւ պատրաստ է դրանից բխող պատասխանատվությանը։ Օրերս նաեւ հանդես կգամ դրա վերաբերյալ ծրագրային հոդվածով։ Հենց սա է ստեղծված տպավորության պատճառը, թե «Զանգն» այդ առումով եզակի է։

-Մաշտոցի պուրակում հավաքներ եք անում, ի՞նչ եք նկատում, հասարակությունը պատրա՞ստ է իշխանափոխության, ի՞նչ արձագանք կա, ինչպե՞ս արթնացնել մարդկանց։

-Իշխանափոխության պատրաստ է հանրությունը, բայց, ինչպես արդեն ասեցի, պատրաստ չէ ապագայի Հայաստանի ինչպիսին լինելը օբյեկտիվորեն գնահատելու։ Մենք ժամանակակից պետության մեջ տեղի ունեցող գործընթացների մասին գիտելիքների աղետալի պակասի խնդիր ունենք։ Շատ են ասում, թե հանրությունն անտարբեր է, ապատիկ վիճակում է, եւ այլն։ Ես չեմ կարծում, թե այդպես է։ Մեր բոլորի շրջապատներում բոլոր խոսակցությունների մեջ կարմիր թելով անցնում է թե՛ իշխանափոխության հարցը, թե՛ մնացած փոփոխությունների հարցը, ներկայիս իրավիճակի քննադատությունը։ Խնդիրն այն է, որ մեզնից յուրաքանչյուրը չգիտի՝ ի՞նչ անել դրա համար, եւ այս փոխադարձ մեղադրանքների ու հայհոյանքների տարափի պայմաններում իր հետ քանի՞սը կհամաձայնեն։

Ներկայումս պուրակում իրար նման հավաքներ իրականացնելու փոխարեն, մենք տարբեր հավաքներ ու քննարկումներ ենք նախաձեռնում, որպեսզի մարդիկ տեսնեն՝ իրենց ցանկությունների ու երազանքների մեջ իրենք միայնակ չեն։

Թշնամի երկրից հնչող հայտարարությունները փաստում են, որ խաղաղություն չի լինի այս պայմաններում։ Ի՞նչ պետք է անել այս իրավիճակում, ո՞ր դեպքում է հնարավոր արժանապատիվ խաղաղություն ունենալ։

-Գիտե՞ք՝ դրա մասին մենք եւ այլ մարդիկ եւս տարիներով խոսում ենք։ Դուք էլ եք ասում, որ Ադրբեջանի նման գործունեությունը խաղաղության մասին չէ։ Իսկ պետական քարոզչությունը 2022 թվականի սկզբից հայտարարվում է, թե մինչեւ տարվա վերջ պայմանագիր կկնքվի։ Երկու տարի է, ինչ պետական քարոզչամեքենան այդ թմրանյութով բթացնում է հանրության զգոնությունը։ Այնինչ, կառավարությունն իր վարած քաղաքականությամբ Ալիեւին էլ ավելի է համոզում, որ պատերազմով հնարավոր է ավելին ստանալ, որ Հայաստանի հանրությունը հիմա ամենապառակտվածն է, ամենաանպատրաստն է։ Այսինքն՝ կառավարությունը, իրականությունը մեղմ երանգներով ներկայացնելով, չնայած հայտարարված «խաղաղասիրական» քաղաքականությանը, ահռելի արագությամբ մոտեցնում է աղետալի պատերազմը։ Մինչդեռ, խաղաղություն հնարավոր է։ Դրան հնարավոր է հասնել, եթե Հայաստանն իր նպատակներն ու դրանից բխող պետական շահերը ձեւակերպի եւ կարողանա դրանց շուրջ կոալիցիաներ ձեւավորի։ Ոչ թե տերեր փնտրի, որոնք անհայտ է, թե ինչի համար պետք է այդ քաղաքական որբին տիրություն անեն, այլ արժանապատիվ գործընկերներ։ Հայաստանում դրա փոխարեն քաղաքական շերտն անընդհատ ասել է, թե դա ցնորք է․ Հայաստանը բարեկամներ չունի եւ չի էլ ունենալու։ Այնինչ սկսած ահաբեկչական «ՀԱՄԱՍ»-ից ու «Թալիբանից», մինչեւ ՄԱԿ-ի անդամ Ջիբութին բարեկամներ ունեն, որովհետեւ շահեր են ձեւակերպել, որոնց հետ համադրվում են այլ պետությունների շահեր։