ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լարովի այսօրվա ասուլիսի հարցերի զգալի մասը վերաբերում էր Հայաստանին։ Հայաստանի իշխանությունը «խաչմերուկում» է՝ ներկայիս համաձայնությունը Ադրբեջանի հետ կնշանակի ընդունել կարգավորման «ռուսական» տարբերակը, և սա կլինի Փաշինյանի իշխանության արևմտամետ դեմոկրատական խաղի ավարտը։ «Հանդիսատեսի օգնությունը» չի ուշացել. Լավրովը վստահեցնում է, որ Հայաստանը հրաժարվում է ռուսական օգնությունից։
Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի Դաշնության տարածքում, սակայն Երևանի դիրքորոշումը մնում է անհասկանալի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2023 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում երբեք խոսք չի եղել «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասել է Լավրովը։
Նրա խոսքով, 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության մեջ, որով դադարեցվել է պատերազմը, ասվում էր, որ բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվելու են։ Միաժամանակ, Հայաստանը երաշխավորում է երկու ուղղություններով տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև, և այդ տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում է ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայությունը։
Հայաստանը չի ցանկանում ռուս սահմանապահների տեղակայում Ադրբեջանից դեպի Նախիջևան Սյունիքի ճանապարհին, ասել է Սերգեյ Լավրովը։
«Մենք տեսանք, որ հենց որ Եվրամիությունը, Ֆրանսիան, Գերմանիան և ԱՄՆ-ը հասկացան, որ ռուս-հայ-ադրբեջանական գործընթացն արդյունք է տալիս ուղիների ապաշրջափակման, սահմանների սահմանազատման և խաղաղության պայմանագրի պատրաստման հարցում, անմիջապես սկսեցին ներթափանցել այս գործընթացներին առանց հրավերի և փչացնել խաղը»,- ասել է Լավրովը։
«Հայաստանում չեն ցանկանում, որ այնտեղ ռուս սահմանապահներ տեղակայվեն։ Չնայած սա արձանագրվել ու ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Նա չի ցանկանում, որ չեզոք մաքսային և սահմանային հսկողություն լինի։ Միայն իրենք, և դա հակասում է նրան, ինչի շուրջ մենք պայմանավորվել ենք»,- ասել է Լավրովը։
«Համոզված եմ, որ երթուղին կանցնի է Հայաստանի ինքնիշխան տարածքով՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության հսկողության ներքո»,- ասել է Լավրովը։ Նա չբացատրեց, թե ինչ առնչություն ունի ՌԴ ԱԴԾ-ն Հայաստանի ինքնիշխանության հետ։
Մոսկվան հրավիրված չէ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին, չնայած պայմանավորվածությանը, ասել է Լավրովը։
«Մենք առաջարկել ենք մեր ծառայությունները, ավելին, կողմերը պայմանագիր են կնքել, որ ստեղծելու են սահմանազատման հանձնաժողով, որին ռուսական կողմը կմասնակցի որպես խորհրդատու։ Մեզ այնտեղ չեն հրավիրում»,- ասել է Լավրովը։
«ԵՄ-ի մոտ ինչ-որ կերպ հայտնվեց ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզները։ Եվ դրա համար էլ ասում են՝ «ձեզ ռուսներ պետք չեն, մենք ունենք քարտեզները»»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։