Պարզվում է՝ փախստականի վկայականը նրա համար է, որ արցախցիներին չարտահանձնեն Բաքու

  • 20:32 22.01.2024

ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը հայտնել էր, որ հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած արցախցիները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաեւ ժամանակավոր պաշտպանության վկայական։

Ըստ Հայաստանի կառավարության ընդունած կարգի՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթ են անձնագիրը եւ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը։ «2024 թ․ հունվարի 28-ից այս երկու փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունից դուրս գալիս եւ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս վավեր են համարվելու միայն միասին գործածելու պարագայում։ Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին անձը հաստատող փաստաթղթերը տրվում կամ փոխանակվում են ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունենալու դեպքում Հայաստանում՝ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության, իսկ օտարերկրյա պետություններում՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից: Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը տրամադրվում է դիմումի հիման վրա»,- հայտնել էր Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը։

Step1.am-ի թղթակիցը Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանին հարցրեց, թե ինչո՞ւ է որոշվել, որ «070» կոդով անձնագիր ունեցող արցախցիները պետք է ճամփորդեն փախստականի վկայականի առկայության դեպքում։ «Այս մեխանիզմը ոչ թե ներմուծված է որպես արցախցու ազատ տեղաշարժի իրավունքը իրացնելուն ուղղված խոչընդոտ կամ բարդացնող գործիք, այլ հակառակը՝ ապահով եւ անվտանգ ճամփորդության հնարավորություն ստեղծելուն ուղղված գործիքակազմ է ներդրվում։ Ժամանակավոր պաշտպանության վկայականը երկլեզու պլաստիկ քարտի տեսքով փաստաթուղթ է, որի վրա կա QR կոդ, որը հնարավորություն է տալիս, որ աշխարհի ցանկացած վայրում սահմանապահը տեսնի եւ համոզվի, որ իրեն ներկայացած անձը փախստական է, եւ դրանից բխող պաշտպանական մեխանիզմներ կգործեն։ Իսկ Հայաստանի Հանրապետության սահմանին մուտքի եւ ելքի դեպքում այդ քարտն ունենալու պահանջը ներկայացված է այն նպատակով, որ Հայաստանից դուրս գալիս այլ երկրներում անձը խնդիր չունենա»,- ասաց Նելլի Դավթյանը։

Մեր հարցին, թե «070» կոդով անձնագրով ճամփորդելու դեպքում ի՞նչ խնդիրներ կարող էին  ստեղծվել, որ նման որոշում է կայացվում, Նելլի Դավթյանը պատասխանեց․ «070 կոդի մասին չէ խոսքը։ Աշխարհի տարբեր երկրներում սահմանապահներն այդ կոդի մասին ո՛չ տեղեկություն ունեն, ո՛չ էլ կարող են արտաքուստ տարբերակել ՀՀ քաղաքացու անձնագիրն արցախցու անձնագրից։ Դա կապույտ անձնագիր է, որը վավեր փաստաթուղթ է սահմանահատումների համար։ Եվ խնդիր կարող է առաջանալ միայն մեկ պարագայում, երբ դրված է անձին արտահանձնելու հարց։ Այսինքն՝ եթե երբեւիցե աշխարհի որեւէ ծայրում նման խնդիր առաջանա, այդ փաստաթուղթը պաշտպանում է, որպեսզի ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող տեղահանված անձը երբեք չարտահանձնվի, չտեղափոխվի Ադրբեջան»։

Ի՞նչ կարգավորում կա այն արցախցիների համար, որոնք «070» կոդով անձնագրով արդեն իսկ դուրս են եկել Հայաստանի տարածքից, բայց ցանկություն կունենան վերադառնալ։ Այս հարցին անդրադառնալով՝ Նելլի Դավթյանն ասաց, որ նույն ծառայությունները մատուցվում են նաեւ հյուպատոսարաններում․ «Հյուպատոսական ծառայությունների միջոցով հնարավոր է եւ հաշվառման գործարք անել, եւ ժամանակավոր կացության վկայականի դիմում ներկայացնել ու ստանալ քարտ»։

Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տվյալներով՝ հունվարի 16-ի դրությամբ դրությամբ փախստականի վկայականի վերաբերյալ ստացված դիմումների թիվը 36 200 է, տպագրված վկայականների քանակը՝ 35 800, իսկ դիմումատուներին տրված վկայականները 28 490-ն է։

 

f