Ա.Խաչատրյանը Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից է, ամուսնացել և տեղափոխվել էր Ասկերանի շրջանի Խնապատ համայնք: Աշխատում էր Խնապատի մանկապարտեզում:
Պատմում է, որ սեպտեմբերի 19-ը սովորականի պես էր սկսվել, գյուղի երխաները մանկապարտեզում, դպրոցում էին, իսկ մեծերը զբաղված էին ամենօրյա գործերով:
Մոտ 13:00 ուժեղ ձայներ լսվեցին, հասկացան, որ նորից պատերազմ է: Այդ պահին մտածում էին միայն երեխաների մասին՝ թե՛ մանկապարտեզի, թե՛ սեփական երեխաների: Կապ չկար, երկար ժամանակ չէր կարողանում կապ հաստատել որդիների հետ: Վերջապես կարողացավ ավագ որդու հետ կապվել, ով պայթյուների տակով տուն էր գնում՝` «ասալմ նիմդ մինին նկուղը, մինչև կհնդարտվե տուս կկյաս, տի էլ ըրալ, վեր պատար խրեգացալա պայթյունները, դասընկերուհուն թողալա ուրանց տանը, ինքը հսալ տոն» (ասել եմ՝ մտիր մեկի նկուղը մինչև պայթյունները կհանդարտվեն: Հենց տենց էլ արեց, հենց մի քիչ հանդարտվեց թողեց դասընկերուհուն իրենց տանը և հասավ տուն):
Փոքր տղան հարևաններից մեկի նկուղում էր: Սարսափում էր, երբ կապ չկար երեխաների հետ, ասում է, որ այդ պահին ամբողջ կյանքդ անցնում է աչքիդ առաջ:
Հետո, երբ ամբողջ գյուղը նկուղներում էր, գյուղապետն ասաց, որ ավտոբուսներ են ուղարկել՝ գյուղը տարհանում են: Հարցին, թե ով էր նման հրաման տվել գյուղապետին՝ ասում են չգիտենք:
Գյուղը տարհանել են Իվանյանի օդանավակայան՝ ռուս խաղաղապահների բազա: Այդտեղ մեկ գիշեր են մնացել, որոշներին՝ ծերերին և երեխաներին այլ վայրեր էին տարել:
Հաջորդ օրը արդեն բոլորին հանել են՝ «ռուսները տուսն ըրալ, ասալն մին օր կարինք ծեզ պահինք, ինչը օզումք ըրեք: Մունք էլ ստիպված տյուսումննք մնացալ, խոտերին իրա, առանց վեշինպեն, թոռն էլ կյալիս» ( ռուսները մեզ հանել են, ասել են մեկ օր կարող ենք պահել, ինչ ուզում եք արեք: Մենք էլ ստիպված մնացինք դրսում առանց ոչինչ, անձրևի տակ, խոտերի վրա նստած):
Հետո արդեն ասացին, որ պետք է վերջին անգամ մտնենք գյուղը՝ ամենաանհրաժեշտ իրերը վերցնելու համար: Ա.Խաչատրյանի տունը վերևում էր, արդեն հասել էին, երբ երեք զինվորականներ ասեցին, որ թուրքերը արդեն գրեթե տան մոտ են, և ամեն ինչ պետք է շատ արագ անեն: Սկսբում ամուսինն ասաց, որ մեքենայում մնա, մինչև ինքը կհամոզվի, որ տանը ոչ ոք չկա, հետո արդեն մի քանի կարևոր փաստաթղթեր և իրեր վերցրին ու վերջ: Հետո արդեն գաղթի ճանապարհն էր…
Քրիստինե Ալավերդյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: