Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային, փորձարարական «Գոյ» կենտրոնի և Սունդուկյանի թատրոնի միավորման մասին հայտնի էր դարձել 2023 թ. մարտին։ Թատրոնի ստեղծագործական անձնակազմը նամակով դիմել էր ԿԳՄՍՆ և բացատրություն պահանջել։ Նրանք խոստացել էին ամեն ինչ անել, որ այդ նախագիծն իրականություն չդառնա։ Երկու թատրոնները միավորելու կառավարության որոշումը հանգեցրել է դերասանական կազմի դիմադրությանը: Հակամարտության պատճառները, հիմնական խնդիրներն ու հետևանքները պարզելը հնարավորություն կտան հասկանալ, թե ինչ շահեր են վտանգված երկու կողմերի համար:
«Այդ գույժը մեզ հայտնեցին «Գարեգին Նժդեհը» ներկայացումից անմիջապես հետո: 2023թ փետրվարի 7-ին մենք խաղացինք Նժդեհը, 8-ին կանչեցին մեր տնօրենին և ասացին, որ լավ լուր ունեն մեզ համար: Ուզում են բարեփոխումներ անել և մեզ միացնել Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնին: Սա պարզ հասարակ տրամաբանություն է, սա թատրոնների փակման ծրագիր է: Հերթը մերն էր»,-նշում է կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը:
«Գոյ» թատրոնի դերասանական անձնակազմը կարևորում է թատրոնի պատմական դեմքի, ավանդույթների պահպանումը և այն, թե ինչ ազդեցություն կունենա միացումը թատերական համայնքի աշխատանքի և իմիջի վրա:
«Մենք այդ ամեն ինչի հետ չհամաձայնելով վիճարկել ենք գործը, սպասում ենք դատարանի պատասխանին: Կարծում ենք, որ դատարանը անաչառ կլինի և կկայացնի ճիշտ որոշում: Վարչական դատարանը որոշեց, որ դա իր գործը չէ, այլ քաղաքացիական դատարանի գործն է: Քաղաքացիական դատարանն էլ պնդեց, որ իր քննելիքը չէ: Հայտը ուղարկվեց վճռաբեկ դատարան: Հիմա վճռաբեկ դատարանը պիտի որոշի, թե ում քննելիք գործն է: Ամեն դեպքում մեր անելիքն ու սպասելիքը միայն դատարանից է, քանի որ կառավարությունից, իշխանությունից սպասելիքներ չունենք: Իրենց դիրքորոշումը հայտնի է»,-ավելացրեց նա:
Սունդուկյան թատրոնի անձնակազմը, որոշ թատրոններ արտահայտել են իրենց կարծիքը: Ասել են, որ իրենք չեն պատկերացնում ու կողմ չեն այդ որոշմանը, բայց ղեկավարությունը` ի դեմս տնօրենի` Վարդան Մկրտչյանի, ով պետք է միացման դեպքում լինի կառավարող օղակը` կողմ է: Նա նշել է, որ ինքը մեծահոգի է և թատրոնի անձնակազմին չի թողնի դրսում, բայց չի տեսնում «Գոյ» թատրոնի առանձնահատկությունը և կարևորությունը թատերական ասպարեզում:
«Ցանկալի է, որ իրենց կարծիքն արտահայտեն ծանրակշիռ արվեստագետները: Երկու տարի առաջ կամերային երաժշտական թատրոնը միացրին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնին: Հիմքում ընկած էին նույն բարեփոխումները: Այսօր, երկու տարի անց, թատրոնը չի գործում, դերասաններն այնտեղ չեն: Սա նախադեպ է, սա փաստ է: Միացման դեպքում «Գոյ» թատրոնը չի պահպանվելու: Մեր հանդիսատեսին կուզեմ ասել, «Գոյ» թատրոնը կա, ինչքան էլ որ մեդիայում կեղծ լուրեր են պտտվում, թե արդեն միացել ենք Սունդուկյան թատրոնին, այդպիսի փաստաթուղթ չկա: Սա իշխանության ձեռագիրն է, մեդիայում տարածում են այդ սուտը ու հետո փորձում են դա կիրառել` նայած, թե հանրությունը ինչ արձագանք կտա: Մենք խաղում ենք մեր ներկայացումները: Ունենք նաև փետրվար ամսվա խաղացանկը: Մենք ստեղծագործում ենք, աշխատում ենք: Սպասում ենք մեր հանդիսատեսին»,- ավելացրեց Սարգիս Արզումանյանը:
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: