Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի մամուլի ասուլիսը հաստատեց մի քանի ի հայտ եկած միտումներ.
- Անվտանգության ներկայիս մեխանիզմները չեն գործում 2020 թվականից, մեր երկիրը պետք է փորձի նոր դաշնակիցներ գտնել, բայց մենք չենք պատրաստվում համագործակցել անվտանգության այլ համակարգերի հետ։
- Երեք կողմերից երկուսը մի շարք կետերով խախտել են Եռակողմ հայտարարությունը, սակայն Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է իր պարտավորություններին և մտադիր չէ հետ կանչել փաստաթղթի ստորագրությունը։
- Մենք Սահմանադրությունը փոխում ենք Ալիևի պահանջով, «համարժեք» պահանջներ ենք ներկայացրել նաև Բաքվին, բայց հայտնի չէ՝ ինչ։
- 2022 թվականի օգոստոսին եղան Ռուսաստանի առաջարկները՝ հետաձգել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկումը, որին հաջորդեց Հայաստանի համաձայնությունը և Ադրբեջանի անհամաձայնությունը, ապա հարձակում Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, դրա ճշգրիտ ամրագրման բացակայությունը ռուսական կողմի հետ, սահմանային գիծը նշելու անհրաժեշտությունը և Պրահայում սահմանային գծի և դրա իրավական հիմքերի վերաբերյալ քառակողմ հայտարարությունը։ Այսինքն՝ Պրահայի հայտարարությունն ընդունվել է, որպեսզի Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն կատարեն իրենց պարտավորությունները։
- Չնայած համաձայնագրին, Թուրքիան չի բացում սահմանը նույնիսկ Հայաստանի համար նվաստացուցիչ պայմաններով՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց և երրորդ երկրների քաղաքացիների համար։
- Ո՛չ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով, ո՛չ հունվարի 11-ի հաջորդ հայտարարությամբ, որը շատ ավելի մանրամասն է բացահայտում 9-րդ կետը, և ո՛չ էլ հետագա որևէ հայտարարության համաձայն, Հայաստանը պարտավորություն չի ստանձնել բացել միջանցքը, բայց մենք պատրաստ ենք բացել ճանապարհները։
- Մենք չունենք գործիքներ՝ հետևելու կամ արժանահավատորեն պարզելու, թե ինչ է կատարվում հայկական մշակութային ժառանգության հետ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, սակայն Ալիևն ասում է, որ Արցախում գտնվող եկեղեցիները հայկական ժառանգություն չեն։
- Հայկական կողմը տեսնում է Ադրբեջանի նահանջը բոլոր ոլորտներում պայմանավորվածություններից, սակայն հավատարիմ է մնում խաղաղ գործընթացին։
- Իրավիճակի սրման հավանականությունն այս պահին կա, բայց մենք տեսել ենք, թե ինչպես են աղավաղված անվանում Հայաստանի այս կամ այն քաղաքը կամ շրջանը, մեծ հաշվով ողջ Հայաստանի Հանրապետությունը կոչվում է Արևմտյան Ադրբեջան։
- Հետընթաց է նկատվում մի քանի առանցքային ոլորտներում, օրինակ՝ սահմանների սահմանազատման հարցում, երբ Ադրբեջանի նախագահը պնդում է, որ պետք է նոր սահմաններ գծել, իսկ եթե ոչ, ապա պետք է հիմք ընդունել նախախորհրդային որոշ սահմաններ։ Ալիևն ասում է, որ ադրբեջանական ուժերը չեն լքի Հայաստանի օկուպացված տարածքները, նույնը՝ ճանապարհների ապաշրջափակման համատեքստում է։ Այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է մնում իր խաղաղության օրակարգին։
- Սահմանին հանդիպելու և բանակցությունները շարունակելու գաղափար կա, բայց մենք նման առաջարկ չենք ստացել։ Այս պահին համաձայնություն չկա երկրների ղեկավարների կամ արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ։
Փաշինյանի կառավարությունը ոչ միայն չի ճանաչում «խաղաղության օրակարգի» խլացուցիչ տապալումը և «հանձնենք Արցախը, հետո մնացած Հայաստանը» իր ռազմավարության աղետալի հետեւանքները, ոչ միայն քայլեր չի ձեռնարկում անվտանգության համակարգը փոխելու ուղղությամբ, ոչ միայն հրաժարական չի տալիս՝ հայտարարելով իր ձախողման մասին, այլև Միրզոյանն անամոթաբար շարունակում է պնդել, որ Հայաստանը չի նահանջի իր ռազմավարությունից և պատրաստ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ Ալիևին հաճոյանալու համար։
Բայց ամենակարևորն այն է, որ ասուլիսում չհնչեցին կարևոր հարցեր՝ ինչի՞ հիման վրա են հաստատվելու Հայաստանը սահմանները Թուրքիայի հետ, կերկարացվի՞ Կարսի պայմանագիրը Հայաստանի ստորագրությամբ, Փաշինյանի ո՞ր «քաղաքական որոշումներն» են լեգիտիմացվելու նոր Սահմանադրությամբ։ Եւ ի՞նչ է անելու Հայաստանը բանակցելուց Ալիևի իսպառ հրաժարվելու, էսկալացիայի, օկուպացիայի և պետականությանը սպառնացող վտանգի դեպքում։ Արդյո՞ք Հայաստանը կպայքարի։