Չնայած Արցախում 44-օրյա պատերազմից հետո պատմամշակութային ժառանգության պահպանության բնագավառը կանգնել է ավելի մեծ խնդիրների առաջ՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքների պատմամշակութային ժառանգության պաշտպանություն, այդուհանդերձ շարունակվում են պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման, հաշվառման ու պահպանման աշխատանքները։ Հետպատերազմյան շրջանում հայտնաբերվել են 300-ից ավել նոր հուշարձաններ, հիմնականում խաչքարային արվեստի, որոնք հարստացնում են Արցախի այս կամ այն տարածքի պատմությունը, մանավանդ երբ դրանք արձանագիր են։ Ստորև կներկայացնենք այդ խաչքարերից երկուսը, որոնք հայտնաբերվել են Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղի տարածքում։ Առհասարակ Արցախի խաչքարային պատկերաքանդակներում հաճախ ենք հանդիպում պատերազմի ու ռազմիկի թեմատիկային։ Խաչքարերի ստորին մասում շատ հաճախ մենք տեսնում ենք սպառազինված հեծյալի և նաև հետիոտնի։ Հեծյալը, ինչու չէ նաև նժույգը պատկերված են հանդիսավոր ձևով։ Շատ հստակ ցուցադրվում է զենքը։ Հեծյալը որպես կանոն մի ձեռքով բռնած է նիզակը, կամ սուրը, մյուսով ձիու սանձը։ Հանդերձանքից կարող ենք առանձնացնել հատկապես գլխարկը, որը երբեմն սուր եռանկյունաձև, կամ ռոմբաձև տեսք է ունենում։ Նման պատկերաքանդակները որոշակի պատկերացում են հաղորդում տվյալ ժամանակաշրջանի ռազմական հանդերձանքի ու զենքի մասին։ Շատ հետաքրքրական է նաև ձիու պատկերումը։
Որպես կանոն պատկերաքանդակները լինում են խաչի ստորին մասում, ասել է թե խոսվում է անդրաշխարհի՝ հանգուցյալի մասին։ Ունենք նաև պատկերաքանդակներ, որտեղ պատկերված են նաև ընտանիքի անդամներ, մայրը, կին, երեխա և այլն։
Որպես օրինակ կներկայացնենք այս երկու գեղաքանդակ խաչքարերը, որոնք հայտնաբերվել են 2021 թվականին Հարությունագոմեր գյուղի <<Միջի խութ>> կոչված անտառապատ լեռնային բարձունքում: Խաչքարերը կերտված են կրաքարից, արտաքուստ ունեն բաց դարչնագույն տեսք: Աչքի են ընկնում մեծ տարածում գտած դրվագազարդումներով՝ խոյաեղջյուր, բուսական ու երկրաչափական քանդակներով: Սակայն ամենաուշագրավը հուշարձանի ներքնամասն է՝ պատկերաքանդակներով ու արձանագրությամբ: Առաջին նկարի խաչքարի ձախ անկյունում երեք մարդկային պատկերներ են (հավանաբար կնոջ ու երեխաների), իսկ աջ կողմում զինավառ հեծյալ՝ նիզակով ու աջ գոտկատեղից կախված թրով, որը զինվորականին ռազմաճակատ ճանապարհելու տեսարան է հիշեցնում: Իսկ արձանագրությունից հայտնի է դառնում, որ ոմն Դեղ խաչքար է կանգնեցրել իր որդու կամ որդիների հիշատակին 1209 թվականին։ Իսկ երկրորդ խաչքարի կենտրոնում մեծադիր գեղազարդ լայնաթև խաչն է՝ ստորին մասում՝ խոյաեղջյուր, եզրամասերում բուսական քանդակներով:
Սակայն խաչքարն առանձնապես աչքի է ընկնում զինավառ նիզակակիր հեծյալի պատկերաքանդակով ու արձանագրությամբ: Իսկ մասամբ եղծված արձանագրությունից կամ դրա բովանդակությունից հայտնի է դառնում, որ Գրիգորը խաչքար է կանգնեցրել եղբոր հիշատակին. <<Թինն ՈԾԷ (1208) ես Գիրգոր Ս հոգու կանգնե(ցի) զխաչս եղբա(ւր) Հարբի որ երկիր(պագանէք…)>>։
Այս նորահայտ խաչքարերը ավելի շատ նոր հարցեր առաջացրին տարածաշրջանի պատմության վերաբերյալ, քան պատասխաններ տվեցին։ Մի բան հստակ է, որ տեղանքը մանրակրկիտ ուսումնասիրման կարիք ունի։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: