2023 թ. Փետրվարին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև հանդիպումը: Ապրիլի երկրորդ կեսին ԱՄՆ-ն մաքոքային դիվանագիտության շարք սկսեց, եւ 2023 թ. մայիսի սկզբին Վաշինգտոնում մեկնարկեցին հայ-ադրբեջանական քառօրյա բանակցություններն արտաքին գործերի նախարարների միջև, որոնք 4 օր շարունակվեցին: ԱՄՆ-ի պետքարտուղարը հայտարարել է զգալի առաջընթացի մասին, իսկ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություններն իրենց հայտարարություններում շատ ավելի զուսպ էին: Պաշտոնապես հաստատվեց այն տեղեկույթը, որ Վաշինգտոնում կողմերը աշխատել են կոնկրետ փաստաթղթի վրա։
2023 թ. մայիսի 14-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացան Փաշինյան-Ալիև բանակցությունները: Մայիսի 14-ի հանդիպման արդյունքներով Հայաստանն առաջին անգամ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86600 քառակուսի կիլոմետր սահմաններով: Դրանից առաջ, 2022 թ. հոկտեմբերին, Պրահայում Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել էին միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Հայաստանի վարչապետը հաստատեց 2023 թ. մայիսի 17-ին Եվրոպայի Խորհրդի գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ, որ «Լեռնային Ղարաբաղը մտնում է Ադրբեջանի 86600 քառակուսի կիլոմետրի մեջ»:
Հայաստանի և Արդբեջանի արտգործնախարարները մայիսի 19-ին հանդիպեցին Մոսկվայում: Ռուսաստանի մայրաքաղաքում մայիսի 25-ին կայացավ նաև Փաշինյանի և Ալիևի հերթական հանդիպումն այս անգամ նախագահ Պուտինի մասնակցությամբ: Մոսկվայում քննարկվող հիմնական հարցը հաղորդակցության ուղիների ապաշրջափակման խնդիրն էր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց փոխվարչապետների մակարդակով գործող եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպում անցկացնելու վերաբերյալ, որը կայացավ Մոսկվայում 2023 թ. հունիսի 2-ին: Այն ոչ մի շոշափելի արդյունք չտվեց։
Մինչ այդ, 2023 թ. հունիսի 1-ին Քիշնևում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական հանրույթի երկրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցավ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին 2023 թ. հուլիսի 21-ին Բրյուսելում Փաշինյան-Ալիև ևս մեկ հանդիպում անցկացնելու վերաբերյալ, իսկ մինչ այդ, հունիսի 12-ին, Վաշինգտոնում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները:
Հունիսի 7-ին ԵԱՀԿ-ում ԱՄՆ եւ ԵՄ ներկայացուցիչները բավական կոշտ պահանջներ են ներկայացրել Ալիեւին՝ կապված Բերձորի միջանցքի բացման եւ այլ հարցերի հետ։ Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ելույթին իր արձագանքում ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերն նշել է, որ «որպես անվտանգության բարելավման ելակետ՝ մենք կոչ ենք անում Ադրբեջանին քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղ գազի և էլեկտրաէներգիայի մշտական մատակարարումն ապահովելու, ինչպես նաև ապրանքների և մարդկանց ազատ հոսքն ու տեղաշարժն ապահովելու համար, այդ թվում՝ Լաչինի միջանցքով։ Այս առիթով կոչ եմ անում Ադրբեջանին հավատարիմ լինել Արդարադատության Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման տառին ու ոգուն»։
ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի Վիեննայի կառույցներում ԵՄ ներկայացուցչությունը նույնպես հայտարարություն է տարածել եւ կոչ արել Ադրբեջանին մշակել դրական օրակարգ, «որը կպաշտպանի Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»։ «Մենք կոչ ենք անում Բաքվին կոնկրետ քայլեր ձեռնարկել էթնիկ հայ բնակչության սահմանափակումները վերացնելու համար՝ ապահովելով էներգիայի կայուն մատակարարում և թույլ տալով իրականացնել էլեկտրացանցի տեխնիկական սպասարկում և վերանորոգում»:
Ադրբեջանը կտրականապես մերժում է այս պահանջները և Արցախից պահանջում պետական բոլոր ինստիտուտների լուծարում՝ խոստանալով այդ դեպքում դիտարկել Արցախի պետական համակարգում ներգրավված անձանց համաներում հայտարարելու հնարավորությունը: Արդբեջանը առերեւույթ նախապատրաստվում է Արցախում ուժային գործողությունների իրականացմանը՝ դա փաթեթավորելով «հակաահաբեկչական գործողությունների», կամ «ապօրինի զինված խմբավորումների զինաթափման» պիտակներով:
Հունիսի 8-ին Բաքվի խնդրանքով հունիսի 12-ի վաշինգտոնյան հանդիպումը չեղարկվեց։ Հունիսի 9-ին Փաշինյանը կրկին հանդիպեց Պուտինին։ Եւ հասկանալի չէ, կկայանա՞ Բրյուսելի հանդիպումը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: