Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.
«Ինչպես հստակ երևում է «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (“Caucasus Heritage Watch” ) կայքի հրապարակած տիեզերական լուսանկարից, Ադրբեջանը բունկերներ է փորել ԱՀ Մարտակերտի շրջանի Հայկաջուր (նախկին ադրբեջանական Սոֆուլլու) գյուղում գտնվող Գյավուրկալա (բառացի՝ անհավատների բերդ) հայկական վաղքրիստոնեական բնակատեղիի դամբարանադաշտի տարածքում:
Գյավուրկալան Տիգրանակերտից հետո Արցախյան տափաստանի ամենաընդարձակ վաղքրիստոնեական հայկական բնակատեղին է (մանրամասն տեˊս՝): Այն զբաղեցնում է մոտ երկու հեկտար տարածություն, ունի շուրջանակի հողապարիսպ, 5-6-րդ դարերի միասրահ եկեղեցի՝ կառուցված սրբատաշ քարերով և հարդարված խաչային հորինվածքներով: Դեռևս կանգուն էր վաղքրիստոնեական կոթողի սյունը: Ինչպես երևում է տիեզերական լուսանկարից և քաղաքի հանույթից, վաղքրիստոնեական դամբարանադաշտը գտնվում է եկեղեցուց արևելք։ Քաղաքի դամբարանադաշտում, հենց այնտեղ, որտեղ այսօր բունկերներ են փորվել, անցած դարի 50-ական թվականներին գտնվել է Արցախյան տափաստանի ամենավաղ հայերեն արձանագրություններից մեկը:
Բացառված չէ, որ հայերեն արձանագրություններով այլ սարկոֆագներ նույնպես գտնվեն այդ տարածքում:
news.am
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: