Պատմական հարուստ անցյալ ու պատմամշակութային ժառանգություն ունեցող Քարագլուխ գյուղը /Ասկերանի շրջան/ լքվել է դեռևս անցյալ դարի 80-ական թվականներին: Սակայն գյուղամիջում, կիսավեր, մինչ օրս կանգուն է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը խորհրդային տարիներին որպես պահեստ էր ծառայում: Այն միանավ բազիլիկ է, արևելյան կողմում ունի կիսակլոր խորան, երկու ավանդատներով։ Միակ մուտքը բացվում է հարավից, որը կառուցված է մեծ սրբատաշ քարերով ։ Ունի երեք փոքր լուսամուտներ, որոնք բացվում են հարավային և արևելյան կողմերում։ Կառուցված է տեղական սպիտակավուն կոպտատաշ քարերով և կրաշաղախով; Ունի 14,5 մետր երկարություն, 6,6 մետր լայնություն։ Ծածկը փայտաշեն, ներկայումս փլված։
Քարագլուխ գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին հպանցիկ հիշատակված է Մ. Բարխուդարյանի աշխատության մեջ: Ըստ կառուցման ոճի վերաբերում է 19-րդ դարին:
Եկեղեցու տարածքում և պատերին պահպանվել են պատկերաքանդակներ և արձանագրություններ պարունակող մի քանի հետաքրքիր խաչքարեր։
Մուտքի դիմաց տեղադրված խաչքարի վրա արձանագրված է․ «Ես Ճահանս կանկ[ն]/եցի զխաչս եղբ/այր Փիրուզպա[խտին]»։
Հարավային պատին, մուտքից ձախ ագուցված խաչքարին․«Ես Սումբատ կանկ[ն]եցի զխաչս [Հ]ամ ․․․ամն/կողակից իմ Հաւանայ եւ Հեղան․․․, մուտքից ձախ․Ս[ուր]բ խ[ա]չս /փրկութ[ի]»:
Ելնելով շրջակա հուշարձանների` ժամանակագրական առանձնահատկություններից, եկեղեցու պատերին ագուցված ավելի հին շրջանի խաչքարերից ու տապանաքարերից, ինչպես նաև մերձակա տարածքի ուսումնասիրություններից, գտնում ենք, որ այն կառուցվել է այստեղ նախկինում գոյություն ունեցած եկեղեցու տեղում: Սրա օգտին է խոսում նաև 2021 թվականի դեկտեմբերին գյուղի մերձակա անտառային տարածքում ի հայտ եկած հին գերեզմանոցն ու այդ գերեզմանոցում գտնվող տապանաքարը։
Այդ գերեզմանոցի խաչքարերը վերաբերում են 12-13-րդ դարերին։ Սակայն ուշագրավն այն է, որ այստեղ հայտնաբերված տապանաքար ավելի ուշ ժամանակաշրջանի է՝ 16-րդ դար։ Արձանագրությունից պարզ է դառնում, որ դա տեր Հովնանի գերեզմանն է, թվագրված ՌԺԴ (1565)թ: Չի բացառվում, որ դեռ 16-րդ դարում գյուղում կար եկեղեցի, որի առաջնորդը ինքը Հովնանն էր։
Քարագլուխ գյուղն Ադրբեջանի կողմից բռնազավթվել է 2022 թվականի մարտի 24-ին։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: