«Շրջափակումը լուրջ հոգեբանական ազդեցություն է թողնում երեխաների վրա։ Արցախյան բոլոր ընտանիքներում առկա է հոգեբանական սթրես, որն անմիջականորեն ազդում է երեխաների վրա։ Ծնողները երեխաների մոտ արդեն իսկ նկատում են հոգեբանական դեպրեսիա, հոգեբանական խնդիրներ։ Մեր մոնիտորինգը ցույց տվեց, որ մանկական հոգեբաններին և նյարդաբաններին ուղղված դիմումներն աճել են 47%-ով»,- ասաց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Ստեփանյանը նշեց, որ եթե շրջափակումը երկարաձգվի, ապա հաջորդ ուսումնական տարում մենք կրկին խնդիրներ կունենանք երեխաների կրթության և առողջապահության իրավունքի անխոչընդոտ իրացման հետ կապված։
«Կրթության ոլորտը մնում է մեր ամենալուրջ խնդիրներից մեկը, քանի որ կրթության իրավունքի ճիշտ իրացումը բավականին երկար ժամանակ դժվար է եղել՝ համաճարակի, պատերազմի, գումարած հետպատերազմյան իրադարձություններն, այդ թվում՝ շրջափակումը»,- պարզաբանեց Ստեփանյանը։