Ո՞վ պետք է բացի Բերձորի միջանցքը

  • 13:49 19.06.2023

Հունիսի 15-ին ադրբեջանցի զինծառայողները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ փորձել են ադրբեջանական դրոշը տեղադրել Հայաստանի սահմանադրական տարածքում, սակայն հայկական ուժերը նրանց թույլ չեն տվել դա անել։ Դրանից հետո Բաքուն հայտարարեց Բերձորի միջանցքի ամբողջական փակման մասին։ Այդ ժամանակից ի վեր Արցախը գտնվում է լիակատար շրջափակման մեջ։ Մինչեւ վերջերս ռուսական զորքերի միջոցով անհրաժեշտ արտադրանքը ներկրվում էր Արցախ, իսկ ԿԽՄԿ-ն ապահովում էր բուժօգնության կարիք ունեցող անձանց Արցախից դուրս բերումը։ Անցած մի քանի շաբաթների ընթացքում միջանցքի մուտքի մոտ ադրբեջանական անցակետ տեղադրելուց հետո ռուս խաղաղապահները նույնիսկ խրախուսում էին ժամանակավորապես հեռանալ ցանկացող արցախցիներին՝ անցնելու միջանցքով։

Չնայած ռուսական զորքերի՝ անվտանգությունն ապահովելու խոստումներին, ադրբեջանական «բարեկիրթ» անցակետով հեռանալ ցանկացողները քիչ էին, եւ զանգվածային հոսք տեղի չունեցավ։ Բաքուն միաժամանակ հրետակոծում էր հայկական դիրքերը՝ մեղադրելով հայկական կողմին և «հակաահաբեկչական գործողության» տեղեկատվական նախապատրաստություն իրականացնելով։ Բացի այդ, Բաքուն խափանել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսված հանդիպումը և դեռ չի հաստատել հունիսի 21-ին Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումը։

Արցախում անցել են ամբողջական խնայողության ռեժիմի, միաժամանակ ասել են, որ Բաքվի նման վերաբերմունքով Ստեփանակերտն ուղղակի երկխոսության իմաստ չի տեսնում։

Պաշտոնական Երևանը պնդում է Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ երկխոսության և Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանության միջազգային մեխանիզմները։ Սակայն Երեւանից տեսանելի քայլեր դեռ չկան։ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ ասել էր, որ «Հայաստանի արձագանքն այս իրավիճակին պետք է լինեն նաև միջազգային հանրության իրազեկմանն ուղղված քայլեր»։ Եվ վերջ։

Հունիսի 9-ին Սոչիում Փաշինյանը Պուտինին պատմել է Բերձորի միջանցքում տիրող իրավիճակի մասին, սակայն պաշտոնական հաղորդագրություններում տեղեկություններ չկան, թե ի՞նչ է պատասխանել Պուտինը։ Ռուսական կողմը լուռ աջակցում է Բաքվի գործողություններին՝ ոչ միայն չխանգարելով ագրեսիվ քայլերին, այլեւ խրախուսելով նրանց։

Հունիսի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ներկայացվել է Հայաստանի կտրուկ դժգոհությունը Հաքարի կամրջի մոտ ռուս խաղաղապահների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։

Իր հերթին, հունիսի 14-ին Եվրախորհրդարանը քննարկումներ է անցկացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների, արցախյան հիմնախնդրի և Բերձորի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այս քննարկումների ժամանակ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն Բաքվի վրա ճնշման ուժային լծակներ չունի։ Նա նաև նշել է, որ առաջարկել է ընդլայնել ԵՄ քաղաքացիական առաքելությունը, որն այժմ աշխատում է Հայաստանում, Լաչինի միջանցքի վրա։ Բայց Բաքուն համաձայն չէ։

ՌԴ ԱԳՆ-ն անթաքույց դժգոհություն է հայտնել առ այն, որ Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի և ԵՄ-ի, փորձում է Ռուսաստանին դուրս մղել բանակցություններից և չեղարկել Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը։ Հայ փորձագետները Բերձորի միջանցքի սրումը, որը տեղի է ունենում Ռուսաստանի աչալուրջ հայացքի տակ, կապում են Մոսկվայի դժգոհության հետ։ Ընդ որում, Մոսկվան ինքը ոչինչ չի անում խնդիրները լուծելու համար։

Միջանցքի ամբողջական փակման կապակցությամբ Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ «Արցախի ժողովրդի դեմ նոր վայրագություններից ու հանցագործություններից խուսափելու համար Ադրբեջանի նման անօրինական և ագրեսիվ քայլերը պետք է համարժեք քաղաքական գնահատական ստանա ​​և արժանանա միջազգային հանրության դատապարտման, առաջին հերթին, գործընթացում ներգրավված բոլոր կողմերի կողմից»։

ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանտոսի մարդու իրավունքների հանձնաժողովը հունիսի 21-ին լսումներ կանցկացնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման հարցի շուրջ։ «Ներկայումս մի շարք միջազգային ջանքեր են իրականացվում՝ նվազեցնելու նոր լայնածավալ պատերազմի վտանգը, այդ թվում՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչների կողմից։ Հիմնական հարցն այն է, թե ինչ է պահանջվում էթնիկ հայերի իրավունքները և անվտանգությունը պատշաճ կերպով պաշտպանելու համար Լեռնային Ղարաբաղում, որտեղ Ադրբեջանը ձգտում է վերահսկողություն հաստատել»,- ասված է հայտարարության մեջ։

Փաստորեն, ոչ ոք պատասխան չունի այն հարցին, թե ի՞նչ է պետք անել միջանցքը բացելու համար։ Ամբողջական շրջափակումը շարունակվում է 4 օր, սակայն դրա հետեւանքներն արդեն ակնհայտ են։ Խանութներում անհետացել են սննդի առանց այն էլ սուղ պաշարները, հիվանդները կորցնում են բուժման հույսը, էլեկտրաէներգիան տրամադրվում է օրական ընդամենը մի քանի ժամով։ Օրեցօր խնդիրներն ավելի են սրվելու, ու ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ նախկին հորդորներով ու զիջումներով հարցը հնարավոր չի լինելու լուծել։

f