Արցախի պատմամշակութային ժառանգությունը 44-օրյա պատերազմից առաջ և հետո

  • 08:33 20.06.2023

Տիգրանակերտ

Արցախյան առաջին պատերազմից մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմն ընկած ժամանակահատվածում բավական աշխատանքներ են տարվել Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրման, պահպանման ու վերականգնման ուղղությամբ։ Կազմվել են հուշարձանների անձնագրեր, ցանկեր, իրականացվել մի շարք հնագիտական պեղումներ, Տիգրանակերտում, Կերենի դամբարանադաշտում, Կարկառ հնավայրում, Տողի մելիքական ապարանքում, Հայկաջրում, Կարմիրավանում, Միրիկում, Ամարասում, Ծմակահողի Սուրբ Ստեփանոս եկեղեցու շրջակայքում և այլն։ 2002 թվականից միջազգային և բազմադիսցիպլինար գիտահետազոտական արշավախմբի կողմից հնեաբանական աշխատանքներ են իրականացվել Ազոխի, ինչպես նաև Քարին տակի քարանձավում:

Վերականգնվել են բազմաթիվ եկեղեցիներ, Շուշիում, Հադրութի, Քարվաճառի, Քաշաթաղի, Մարտակերտի, Շուշիի շրջաններում։ Վերականգնման առյուծի բաժինը Հադրութինն է, այստեղ վերականգնվել, բարեկարգվել են մոտ 2 տասնյակ հուշարձաններ՝ եկեղեցիներ, կամուրջներ ու աղբյուր, հիշատակության հատկապես արժանի են Գտչավանքը, Ծաղկավանքը, Տողի Սբ․ Հովհաննես եկեղեցին ու մելիքական ապարանքը։

Նախքան պատերազմը Արցախում ստեղծվել և գործում էին 5 արգելոցներ։ ,,Տիգրանակերտ,, ,,Տողի մելիքական ապարանք,, և ,,Տյաք,, պետական պատմամշակութային ու  ,,Հունոտի կիրճ,, և ,,Ազոխի քարանձավ,, պետական բնապատմական արգելոցները։ ,,Տիգրանակերտ,, և Հունոտի կիրճ արգելոցները, թերևս ամենա սիրված ու շատ այցելվող արգելոցներն էին։

,,Տիգրանակերտ,, ու ,, Տողի մելիքական ապարանք,, արգելոցներում գործում էին նաև հնագիտական թանգարաններ, որտեղ ցուցադրվում էին պեղումների ժամանակ ի հայտ եկած ցուցանմուշները։  ,,Տիգրանակերտ,, պետական պատմամշակութային արգելոցը  բացառիկ էր նաև իր հնագիտական հուշարձաններով, իսկ  հնագիտական թանգարանում ցուցադրվում էին  ոչ միայն Տիգրանակերտից, այլև Հայկաջրից և Նոր Կարմիրավանից  հայտնաբերված գտածոները: Արգելոցը Արցախի թիվ մեկ զբոսաշրջավայրն էր, որտեղ տարվա կտրվածքով 20 հազար մարդ էր այցելում:

2020 թվականի Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում  Հանրապետության զգալի մասն օկուպացվել է Ադրբեջանի կողմից։ Օկուպացված տարածքներում են մնացել շուրջ 2000 պատմամշակութային հուշարձան, եկեղեցիներ, բերդեր, խաչքարեր, հնագիտական հուշարձաններ, կամուրջներ,այդ թվում  բոլոր պետական պատմամշակութային և բնապատմական արգելոցները՝ թվով 5 հատ։

Ադրբեջանն այսօր հայկական, էթնիկ տարածքներում իրականացնում է  հայրենազրկման, մշակութային ցեղասպանության, հայկական մշակութային արժեքների խեղաթյուրման ու դրանց բռնայուրացման քաղաքականություն։ Բռնազավթված կամ օկուպացված տարածքներում մեր պատմամշակութային ժառանգությունը կանգնած է կամ ֆիզիկապես ոչնչացման, կամ ինքնության կորստի սպառնալիքի տակ։

Այն հուշարձանները, որոնք ֆիզիկապես չե ոչնչացնում, ներկայացվում են որպես աղվանական մշակույթ, դրանով մեր իսկ պատմակենսամշակութային արեալում ոտնձգություն իրականացնելով հայ ինքնության դեմ։

Եվ դա այն դեպքում, երբ  Քարվաճառի՝ շուրջ 2000 քառ․ կմ կազմող շրջանում կան շուրջ երկու տասնյակ հայկական վանքեր և գոյություն չունի աղվանական մշակույթը հավաստող որևէ շինություն, մինչդեռ հայկական հուշարձանների վրա գոյություն ունեն արձանագրություններ դեռ վաղ միջնադարից։ ,,Ուդիական,, հռչակված Դադիվանքի հարյուրավոր հայատառ արձանագրությունների կողքին գեթ մեկ տող ուդիերեն արձանագրություն չկա։

Չմոռանանք այստեղ նշել նաև, որ Քարվաճառի շրջանում գոյություն չի ունեցել և ոչ մի մահմեդական հոգևոր շինություն։ Նույնը կարող ենք ասել Քաշաթաղի շրջանի, նախկին Լաչինի տարածքի մասին, որտեղ նույնպես ոչ մի հոգևոր շինություն չկա։ Սա ամենևին պատահական չէ, բանը նրանում է, որ խորհրդայնացումից հետո 1926 թվականի առաջին մարդահամարի տվյալներով հիշյալ տարածքում գրեթե թուրքեր չէին ապրում՝ քրդեր ու այլազգիներ։

f