Ալիեւը ուժեղացնում է ջանքերն․ Երասխի էսկալացիան կապվա՞ծ  է միջանցքի հետ

  • 15:04 21.06.2023

Հունիսի 13-14-ին, իսկ հետո՝ հունիսի 17-ին Երասխից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող ադրբեջանական դիրքերից գնդակոծվել է ամերիկյան կապիտալով Երասխում կառուցվող գործարանը։ Երկու հնդիկ, ովքեր աշխատում էին գործարանում, վիրավորվել են։ Փորձագետները սրման մի քանի պատճառ են համարում։

Դրանցից մեկը, որն համառորեն քարոզվում է, այն է, որ Մոսկվան ու Բաքուն դժգոհ են Երասխում ամերիկյան մետալուրգիական գործարանի կառուցման փաստից և փորձում են տորպեդահարել շինարարությունը։ Խոսքը ոչ միայն տնտեսության մասին է․ տարածքը, որի վրա աչք ունեն Մոսկվան ու Բաքուն, այլեւս գտնվում է ամերիկյան դրոշի «պաշտպանության ներքո»։

Երկրորդ պատճառը ռազմական գործողություններ հրահրելու, հերթական «օպերացիա» իրականացնելու, նոր տարածքներ գրավելու և «անցակետ» ստեղծելու մտադրությունն է։ Այս տարբերակն ավելի հավանական է թվում, քանի որ Երասխը գտնվում է մի երթուղու վրա, որը կարող է դառնալ «միջանցք» Թուրքիայի (Մարգարա) և Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների միջև (այս առումով արժե հիշել 2022 թվականի սեպտեմբերին Ջերմուկում իրականացված գործողությունը): Միաժամանակ, այս ճանապարհի գրավումը կարող է վերջնականապես կտրել Իրանը և Հայաստանի հարավը (Արցախ, Սյունիք, Վայոց ձոր) մնացած երկրից։

Հայաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները պաշտոնապես քննարկում են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղու վերականգնման հարցը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Սակայն «գետնի վրա» Մոսկվան ու Բաքուն փորձում են կանխել Երասխի հայկական «ինքնիշխանությունը» ամերիկյան դրոշի հովանու ներքո, որպեսզի կարողանան այնտեղով «միջանցք» բացել։

Նախքան մանրամասներին անդրադառնալը, Հայաստանի համար կարևոր է ամրագրել ինքնիշխանության, կողմերի իրավասության և փոխադարձության հիման վրա ճանապարհների ապաշրջափակման սկզբունքները, ասաց ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Նա նշեց, որ 09/11/20 հայտարարության մեջ և ՌԴ նախագահի հրամանագրում ասվում է, որ ՌԴ ԱԴԾ-ն պետք է վերահսկի մոնիտորիգ, այլ ոչ թե ապահովի ճանապարհների անվտանգությունը։

Մոսկվան և Բաքուն ցանկանում են, որ ճանապարհի անվտանգությունն ապահովեն ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերը։ Հայաստանը պնդում է ինքնիշխան վերահսկողություն։

«Կողմերից ոչ մեկը չի կասկածում, որ այս ճանապարհի որոշ հատվածներ կհայտնվեն այն երկրի իրավասության ներքո, որի տարածքում դրանք կանցնեն»,- ասել է Օվերչուկը։ Ռուսաստանի փոխվարչապետը միաժամանակ ընդգծել է, որ ճանապարհների ապաշրջափակման հիմնական խնդիրն այն է, թե ով է ապահովելու այդ երթուղիներից օգտվող մարդկանց անվտանգությունը։ «Փաստաթղթի նախագիծը ձևավորվել և գրեթե ամբողջությամբ համաձայնեցվել է մեր մակարդակով, թեև հիմնական հարցը՝ ինչպես սովորական ադրբեջանցիներն ու հայերը կշփվեն միմյանց հետ սահմանը հատելիս, դեռ պետք է քննարկվի»,- ասաց Օվերչուկը։

Բաքուն և Անկարան դեռևս պնդում են Մեղրիի (Զանգեզուր) միջանցքը, թեև առանց նախքին ոգևորության։ «Զանգեզուրի միջանցքի հարցը կապված է ոչ թե Հայաստանի, այլ Իրանի հետ։ Իրանի պահվածքը վրդովեցնում է և՛ Ադրբեջանին, և՛ մեզ։ Բացի այդ, տրանսպորտի սակագինը չափազանց բարձր է սահմանվել, հուսով եմ, որ այս հարցը կլուծվի»,- Բաքվից վերադառնալուց հետո ասել է Էրդողանը։

Նա ասաց, որ եթե այս հարցերը լուծվեն, ապա Թուրքիայի, Ադրբեջանի ու Իրանի ավտոճանապարհներն ու երկաթուղիները կինտեգրվեն, հավանաբար կբացվի Պեկին-Լոնդոն երթուղին։

Էրդողանը չի հիշատակում Հայաստանը՝ ըստ երևույթին համարելով, որ կարող է բոլոր հարցերը լուծել ռուսական ճնշման և Բաքվի զենքի օգնությամբ։

Ինքը՝ Ալիեւը, ասում է, որ «Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է»։ Այս ձեւակերպումը վկայում է կոնկրետ պայմանավորվածությունների բացակայության մասին։ «Ամեն դեպքում, մենք կուժեղացնենք ջանքերն այդ ուղղությամբ»,- ասել է Ալիեւը։

Երասխում սրումը, ըստ ամենայնի, կապված է «ջանքերի ակտիվացման» հետ, ինչը պետք է «բռունցք» ցույց տա Իրանին և ԱՄՆ-ին։ Սակայն նման հնարքն արդեն չի գործում։

f