Եվրախորհրդարանը լիովին աջակցում է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու գաղափարին։ Ինչպես հաղորդում է ԱՐՄԵՆՊՐԵՍ-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք վարչապետի հետ հանդիպմանը քննարկվել է Լաչինի միջանցք միջազգային առաքելություն ուղարկելու հարցը և արդյոք նա այս պահին տեսնում է նման հնարավորություն։
«Առաջինը, կա Միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ, որը պետք է պատշաճ կերպով իրականացվի։ Երկրորդ՝ Եվրախորհրդարանը լիովին աջակցում է փաստահավաք առաքելություն ուղարկելու գաղափարին։
Եվրախորհրդարանը ողջունում է նաև որպես ամբողջություն միջազգային ներկայության գաղափարը՝ ամբողջությամբ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու շահերը։
Մենք նաեւ լիովին կողմ ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի ընդունմանը։ Եվ որքան շուտ, այնքան լավ, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները պատրաստեն նման բանաձեւի նախագիծ»,- ասել է Լուազոն։
«ԵՄ դիրքորոշումը հետևյալն է՝ Լաչինի միջանցքի շրջափակումն անօրինական է և պետք է դադարեցվի։ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ Հայաստանի իշխանությունների անսասանությունը հարգանքի է արժանի։ Քանի որ Լաչինի շրջափակումն անօրինական է, ես կոչ եմ անում Բաքվում հավատարմագրված դեսպաններին զերծ մնալ հրավերն ընդունելուց, եթե Բաքուն առաջարկի այցելել ապօրինի հաստատված անցակետ՝ հաշվի առնելով Հաագայի դատարանի որոշումը»,- ասել է Լոզոն։
Նա ասաց, որ այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել վարչապետի և այլ պաշտոնյաների հետ, եղել է Սյունիքում, հանդիպել մարզպետի և Գորիսի քաղաքապետի հետ։
«Մենք մոտեցանք Լաչինի միջանցքին՝ սեփական աչքերով տեսնելու, որ այն ապօրինի արգելափակված է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Մեզ պատմեցին զինված միջադեպերի թվի աճի մասին, երբ ներխուժում է իրականացվում Հայաստանի ինքնիշխան տարածք։ Երասխի միջադեպի մասին տեղեկացանք, երբ գնդակոծվել են խաղաղ բնակիչները։ Այս ամենի մասին ես կխոսեմ Բրյուսելում»,- եզրափակել է Լուազոն:
«Գորիս տանող ճանապարհին, երբ շարժվում էինք դեպի Լաչինի միջանցք, տեսանք ռուս խաղաղապահների, որոնք նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանությունը, մարդկանց ու ապրանքների տեղաշարժը։ Անհասկանալի է, թե ինչու գոնե Լաչինի միջանցքի մուտքի մոտ այս որոշումը չեն իրականացնում։ Ես շարունակում եմ զարմանալ, թե ինչու Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները։
Ռուսաստանը նույնպես կարող է պատժամիջոցներ նախաձեռնել Բաքվի դեմ, սակայն դա տեղի չի ունենում։ Զարմանալի է նաև արտահանվող գազի ծավալը, քանի որ այն գերազանցում է արտադրվող գազի ծավալին։ Եթե Ռուսաստանը որոշել է կանգնել Ադրբեջանի կողքին, ապա ժամանակն է այդ մասին հրապարակավ հայտարարել։ Երբ Լաչինի միջանցքի մոտ էինք, Լեռնային Ղարաբաղ մտնող ոչ մի բեռնատար չտեսանք։ Իրավիճակը գնալով բարդանում է, ոչ ռուսական, ոչ էլ Կարմիր խաչի մեքենաները չեն կարող մտնել Լեռնային Ղարաբաղ, եվ ոչ ոք չի կարող ձևացնել, թե այս ամենը տեղի է ունենում էկոակտիվիստների պատճառով»,- ասել է Լոիզոն։
Նրա խոսքով, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, որը կոչված է պաշտպանելու իր անդամներին ագրեսիայից, ուստի նրանց պետք է համապատասխան հարցեր տալ։
«Ես երկրորդ անգամ եմ Հայաստան այցելում, երբ հնարավոր էր, եղել եմ նաև Լեռնային Ղարաբաղում, պատասխանը պետք է պարզ լինի՝ Եվրոպան կարևորո՞ւմ է այս խնդրի լուծումը, թե՞ ոչ։
Եվրախորհրդարանի որոշմամբ հաստատվել են թիրախային պատժամիջոցները որոշ ադրբեջանցիների նկատմամբ, ովքեր չեն կատարում իրենց պարտավորությունները։ Այնուամենայնիվ, պատժամիջոցների վերաբերյալ որոշում կայացնելու իրավասությունը խորհրդարանինը չէ: Խորհրդարանը կարող է ասել, թե ինչ է մտածում, բայց որոշումներ չի կայացնում։ Մեր բոլոր զրուցակիցները բարձր են գնահատել Եվրոպական առաքելության գործունեությունը։ Մենք պատրաստ ենք առաքելություն ուղարկել նաև Ադրբեջան։ Բայց Բաքուն դեռ չի ընդունել այս առաջարկը։ Իմ կարծիքով, արձանագրված ռազմական միջադեպերը տեղի են ունենում միայն մի կողմից։ Չկա որևէ ապացույց, որը կհաստատի այն պնդումը, որ բախումը գալիս է Հայաստանից, և դա զարմանալի չէ, քանի որ Հայաստանը խաղաղություն է ուզում»,- եզրափակեց Լոիզոն:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: