Արցախի ամբողջական շրջափակման շարունակությունն ավելի ու ավելի է բացահայտում խնդրի լուծման վերաբերյալ առկա մոտեցումներն ու դասավորվածությունը։
Երեկ ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Արցախի հիմնախնդրի վերաբերյալ լսումներ են տեղի ունեցել։
Կարևոր առաջարկներ են արվել, մասնավորապես, պահանջ, որ թույլ տրվի Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի հանձնաժողովների և այլ միջազգային կազմակերպությունների առաքելություններին մուտք գործել Արցախ և Լաչինի միջանցք, վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով և վերսկսել գազի մատակարարումը «Հայաստանով, այլ ոչ թե Ադրբեջանի տարածքով»:
ԱՄՆ Կոնգրեսում առաջարկներ են եղել վերգոծակցել 907 փոփոխությունը, ապահովել Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ երկխոսությունը, կանխել ցեղասպանությունն ու էթնիկ զտումները, «որի փորձը հայերն ունեն»։
Կարգավիճակի և կարգավորման վերաբերյալ քաղաքական առաջարկներ չեն եղել։ Ավելի վաղ Եվրախորհրդարանի նիստում ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն Բաքվի վրա լծակներ չունի, մանավանդ որ «Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով ճանաչել է Ղարաբաղը։ Ադրբեջանի կազմում»։
Երեկ Նիկոլ Փաշինյանը կիսվել է իր պատկերացումներով, թե ինչպես պետք է հանգուցալուծվի Լաչինի միջանցքի շրջափակման արդյունքում ստեղծված բարդ իրավիճակը։
Նրա խոսքով, նախ Ադրբեջանը պետք է կատարի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի իրավաբանորեն պարտավորեցնող որոշումը։
«Սա միջազգային օրակարգի հարց է, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարցը, քանի որ հենց այս մարմինն է իրավասու հետեւել Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարմանը: Երկրորդ՝ վերջնականապես պետք է գործարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմը, որի շրջանակներում կլուծվի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը»,- ասել է Փաշինյանը։
Այս բոլոր հայտարարություններում ոչ մի մատնանշում չկա, թե Հայաստանը ինչ քաղաքական քայլերի է պատրաստ այդ ուղղությամբ։ Ավելին, վերջին երկու տարիների ընթացքում Մոսկվայի և Անկարայի դրդմամբ Փաշինյանի իշխանությունը Արցախի հարցը տեղափոխել է «մարդասիրական խնդիրների», իրավունքների և անվտանգության տարածք՝ ամբողջությամբ մոռանալով կարգավիճակի մասին։
«Գետնին» Ռուսաստանն ու Ադրբեջանը ավելի ու ավելի են սեղմում օղակը։ Խոսվում է Ակարի կամրջի վրա բետոնե բլոկների տեղադրման մասին։ Արցախում տեղակայված ռուսական զորքերը կարող են իրենց անհրաժեշտ ապրանքներն ազատորեն ստանալ Ադրբեջանի միջոցով (չնայած Բաքուն պաշտոնապես Արցախում նրանց ներկայության մանդատը չի ստորագրել): Խոսվում է նաև Աղդամով դեպի Արցախ էլեկտրաէներգիա և գազ մատակարարելու մասին։
Հայաստանի ղեկավարությունը, որը խոսում է ՄԱԿ-ի պարտավորությունների մասին, այս և այլ միջազգային կազմակերպություններին չի դիմում միջազգային ուժեր Արցախ ուղարկելու խիստ պահանջով (նշվում է միայն դիտորդական առաքելություն)։ Հայաստանի խորհրդարանում Արցախի կարգավիճակի և անվտանգության համար Հայաստանի պատասխանատվությունը հաստատող նախաձեռնություններ չեն ձեռնարկվում։ Բուն Արցախում դատապարտված քաղաքական լռության ռեժիմ է՝ բոլորը ուշադիր հետևում են, թե ինչ է կատարվում արևմտյան մայրաքաղաքներում, նախատում ռուսներին, Փաշինյանին, բայց բարձրաձայն չեն խոսում և քաղաքական քայլեր չեն անում։
Վերջերս որոշակիորեն փոխվել է ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի ԱԳՆ-ների հռետորաբանությունը, որոնց հայտարարություններում սկսել են հնչել ուղիղ մեղադրանքներ Ռուսաստանի հասցեին, որի հովանու ներքո Արցախում էթնիկ զտումների նախապատրաստություններ են իրականացվում։ Վերջին շրջանում Երևանում և որոշ արևմտյան պրո-հրեական շրջանակներում “թաքուն” քննարկվում է «Ղարաբաղը՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու դիմաց» տարբերակը, սակայն նաեւ կա գիտակցում, որ դա Հայաստանի վերացման ճանապարհն է։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: