Բանաձևերը և քննարկումները թե՛ ԱՄՆ Կոնգրեսում, թե՛ ԵԽԽՎ-ում մեզ համար բավականին կարևոր են, բայց հիմնական խնդիրն այն է, որ այդ բանաձեւերը մեծ հաշվով խորհրդատվական բնույթ ունեն։ Թեեւ դրանք որոշակի քաղաքական տեղեկատվական ազդեցություն ունեն քաղաքական իրավիճակի վրա, սակայն գործադիր իշխանությունը, որպես կանոն, դրանք հաշվի չի առնում։ Այս մասին Step1.am-ին տված հարցազրույցում ասել է Արցախի պետական նախարարի խորհրդական, քաղաքագետ-միջազգայնագետ Արտակ Բեգլարյանը։
«Շատ կարևոր է, որ ԱՄՆ Կոնգրեսում նման քննարկումներ են ընթանում, ակտեր են ընդունվում, այդ թվում՝ պահանջներ և առաջարկներ են ուղղվում Սպիտակ տուն և Պետդեպարտամենտ, հատկապես՝ կոնկրետ առաջարկներ պատժամիջոցների կիրառման, մարդասիրական աջակցության վերաբերյալ։ Եթե լինի քաղաքական կամք, դրանք կարող են քաղաքական ազդեցություն թողնել Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների պաշտպանության վրա, բայց ես դեռ բավարար քաղաքական կամք չեմ տեսնում»,- ասաց Արտակ Բեգլարյանը։
Պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Արցախում ի հայտ եկած տարբեր տեսակի շարժումներին՝ Արտակ Բեգլարյանն ասաց, որ նորմալ է ընդունում Արցախում քաղաքական կամ հասարակական շարժումները, եթե դրանք ուղղված են մեր պետությանն ու ժողովրդին օգնելու՝ հաղթահարելու մարտահրավերները։ «Խոսքը շրջափակման և անվտանգության մարտահրավերների մասին է, ինչպես նաև, եթե դրանք ուղղված են ներքին համերաշխության ապահովմանը: Թեև վտանգ կա, որ նման շարժումները կարող են դառնալ ներքին պառակտման հարթակ, եթե նպատակները պարզ չլինեն՝ հաշվի առնելով նաև հասարակական տրամադրությունների անորոշությունը՝ մարդիկ որոշակի լուծումներ են փնտրում, երբեմն էլ փրկիչների, և դա այնքան էլ լավ միտում չէ, հետևաբար պետք չէ տրվել պառակտողական տրամաբանությունների։ Բայց ներքին քննարկումը չափազանց կարևոր է, թեև այն պետք է տեղավորվի բարձր քաղաքական մշակույթի շրջանակներում, որպեսզի չթուլացնեն մեր ներքին առանցքը»,- ասաց Արտակ Բեգլարյանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: